Մատչելիության հղումներ

Պատերազմից՝ թատրոն. «Ինձ լիցքավորեցի էն գաղափարով, որ պետք է ավելի զարգանա մեր մշակույթը»


26-ամյա Դավիթ Մարդոյանը հասցրել է երկու պատերազմի մասնակցել՝ նախ 2016-ի քառօրյային որպես ժամկետային զինծառայող, ապա 44-օրյային՝ արդեն որպես կամավոր։ 2020-ին 42 օր առաջնագծում է եղել:

«Պատերազմից վերադառնալուց ընդամենը մեկ շաբաթ հետո, ես վերադարձել եմ թատրոն: Ես ինձ լիցքավորեցի էն գաղափարով, որ էս պահին պետք է մշակույթ, պետք է ավելի զարգանա մեր մշակույթը», - նշեց Դավիթը:

Գյումրիի Մտորումների թատրոնում աշխատող երիտասարդը պատերազմի մասին խոսել չի սիրում. «Նախ բառը բացենք՝ պատ երազի մեջ: Պատերազմը ոչ մեկի համար չէ իրականում, մարդիկ են հորինել ու փորձում են բոլորին ներքաշել էդ ամեն ինչի մեջ: Ինձ թվում է՝ ոչ մեկ մանկուց չի նստել երազել, որ «մեծանամ պատերազմ լինի, գնամ մասնակցեմ հերոսանամ»: Հանգամանքների բերում են մարդիկ դառնում հերոս»:

Պատերազմը փոխել է երիտասարդ դերասանին, ասում է՝ 42 օր տևած դժոխքից հետո կյանքն ավելի է սկսել սիրել։

«Ես պատերազմից հետո ավելի շատ սիրեցի կյանքը, ավելի շատ արժևորեցի էն, ինչ որ ունեմ, ավելի շատ սիրեցի իմ քաղաքը, որտեղ ապրում եմ, որովհետև պատերազմից հետո հասկանում ես, որ քո չլինելն ընդամենը վայրկյանների հարց էր», - նշեց Դավիթը:

Բայց դաժան պատերազմը իր հետքը թողել է երիտասարդ դերասանի վրա. ասում է՝ հիմա թատրոնն է իր բնագիծը ու իր խաղով ու խոսքով է փորձում բոլորին համախմբման ուղերձը հասցնել. «Էն ասելիքը, որ կարելի է ասել ամբողջ աշխարհին և մեր հայերին, ինձ համար այս տարածքն է, բեմն ավելի շատ էներգիա տվեց ասելու այն, ինչ պիտի լսեն բոլորը: Ավելի շատ մտածելու հնարավորություն տվեց, որովհետև հիմա ավելի շատ պիտի մտածեմ նոր ասեմ էն, ինչ որ պիտի հասնի բոլորին»:

Դասեր չենք քաղել շարունակում է Դավիթը. «Էսօրվա էս վիճակը համախմբված չլինելու պատճառով է»:

Երկու պատերազմով անցած երիտասարդը համեմատում է քառօրյա ու 44-օրյա պատերազմները: Վերջինը պետությունների ռեսուրսի կռիվ էր, ոչ թե դեմ դիմաց կանգնած զինվորի:

«Էդ արդար պատերազմ չի, էդ ուժերի բախում չի, էդ ուղղակի պետության ունեցած ռեսուրսների բախում է, այլ ոչ թե ասենք կանգնած եմ ես ու հակառակորդ ազգի զինվորը: Էս պարագայում ես գտնում եմ, որ մեր երկիրը պետք է գնա դրան, այսինքն, եթե հրամայականները փոխվել են, մենք էլ պետք է կարողանանք հասնել դրան, որ կարողանանք ունենալ այնպիսի ռեսուրս, որ ոչ մեկ չմոտենա մեր սահմաններին», - նշեց դերասանը:

Մի բանում վստահ է՝ պետք է մի կողմ դնել բոլոր տարաձայնությունները ու համախմբվել հիվանդ երեխային նմանված հայրենիքի շուրջ. «Հիմա պետք է առավել ևս ամբողջ ազգն իրար սիրի, հավաքվի իրար շուրջ, մի գաղափարախոսություն ունենա ու էդ դեպքում հաստատ հայ ժողովուրդը կկարողանա առաջ գնալ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG