Մատչելիության հղումներ

Հայաստանը հետքայլ անելու հնարավորություն այլևս չունի. ԱԺ նախագահը՝ Սոչիում կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպման մասին


Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպում Մոսկվայում, 11-ը հունվարի, 2020թ․
Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպում Մոսկվայում, 11-ը հունվարի, 2020թ․

Արդյոք Հայաստանի իշխանությունները առարկայական արդյունքներ սպասո՞ւմ են Սոչիում հոկտեմբերի 31-ին կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպումից, Ազգային ժողովի նախագահը վստահեցնում է՝ Հայաստանը հետքայլ անելու հնարավորություն այլևս չունի և ամեն ինչ անելու և՛ Հայաստանի, և՛ արցախցիների շահերը պաշտպանելու համար:

«Ես ակնկալում եմ, որ բոլոր մեր գործընկերները ՀԱՊԿ-ում և մեր հիմնական դաշնակիցը, արդեն գիտակցում են, որ այլևս հայկական շահի գիծը կանգնել է, և այլևս Հայաստանը հետքայլ անելու հնարավորություն չունի և ամեն ինչ անելու ենք Հայաստանի Հանրապետության շահերը, հայ ժողովրդի շահերը, նաև արցախցիների շահերը պաշտպանելու համար», - ասաց Սիմոնյանը։

Հնարավո՞ր է ոչ հայանպաստ առաջարկներ նորից հնչեն Ռուսաստանում կայանալիք հանդիպմանը։ «Նորից, ի՞նչ է նշանակում։ Կարող եմ մեկ տասնյակ օրինակ բերել, որտեղ մենք, այսպես ասած, ականատես ենք եղել այն իրավիճակին, որ գերադասվել է այլ շահ, այլ իրավիճակ, իսկ Հայաստանի Հանրապետությունը մինչև վերջ կռիվ է տվել և այդ շահերն ու իրավիճակները կարողացել է պահել։ Ես նկատի ունեմ Ադրբեջանի կողմից, այսինքն՝ Ադրբեջանի շահն է, մենք ամբողջ հնարավոր ձևով կանգնացրել ենք։ Հիմա նույն ոճով աշխատելու ենք»։

Հարցին, թե Ռուսաստանի կողմից կա՞ էդ չեզոքությունը, թե՞ կա որոշակի ադրբեջանամետ դիրքորոշում, ԱԺ նախագահը պատասխանեց․ - «Ինչ վերաբերում է չեզոքությանը, ես նորից եմ ասում, կա պրոցես, պրոցեսի ընթացքում մեկ քայլ առաջ է լինում, մեկ քայլ հետ է լինում»։

Ալեն Սիմոնյան, արխիվ
Ալեն Սիմոնյան, արխիվ

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր հերքեց ընդդիմության այն պնդումները, թե սեղանին է ամերիկյան կողմից մշակված մի փաստաթուղթ, որին Պրահայում Փաշինյանն ու Ալիևը հավանություն են տվել։ Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը երեկ Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել էր ՝ Հայաստանը հրաժարվում է Արցախի ինքնորոշումից, քանի որ այդ փաստաթղթում արցախահայությունը ներկայացվում է որպես էթնիկ փոքրամասնություն։

«Որևիցե փաստաթուղթ չկա, կան հարյուրավոր առաջարկներ, հարյուրավոր տարբերակներ, կարծիքներ, որևիցե փաստաթուղթ, որը դրված է սեղանի վրա գոյություն չունի, կան տարբեր պատկերացումներ, տարբեր առաջարկներ», - ընդգծեց նա:

Մինչև տարեվերջ ռեալ համարո՞ւմ են, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կկնքնվի, ինչի մասին ամենաբարձր մակարդակով հայտարարել են Հայաստանի իշխանությունները, Ազգային ժողովի նախագահն «Ազատության» այս հարցին պատասխանեց, թե դա ոչ թե որոշում է, այլ՝ ցանկություն։

«Ինքը, որպես այդպիսին, համաձայնության հետևանք չէ, դա ինչ-որ լռելյալ վերջնաժամկետ է, որը որ երկու կողմն էլ, կարելի է ասել, դրա հետ կապված ցանկություններ ունեն։ Ես էլ եմ ցանկանում, որ մենք հնարավորինս արագ կնքենք խաղաղության պայմանագիր», - ասաց Սիմոնյանը։

Արդյո՞ք Հայաստանը խաղաղության պայմանագրի կնքման համար որպես նախապայման դիտարկելու է Ադրբեջանի կողմից օկուպացված Հայաստանի 127 քառակուսի կիլոմետր տարածքի վերադարձը։ Ալեն Սիմոնյանն այս հարցին ուղիղ պատասխան չտվեց։

Անցած շաբաթ խորհրդարանի Պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը Սանկտ Պետերբուրգում ՀԱՊԿ խորհրդարանների Պաշտպանության հանձնաժողովների խորհրդակցության ժամանակ ասել էր, որ անցած մեկ տարում Ադրբեջանը 127 քառակուսի կիլոմետր տարածք է գրավել։ Այս թիվը պաշտոնապես առաջին անգամ էր հրապարակվում, մինչ այդ Պաշտպանության նախարարությունը պնդում է, թե ճշգրտումներ են արվում։

«Բոլոր այն տարածքներից, որը միջազգայնորեն ճանաչված Հայաստանի տարածք է, ադրբեջանական զորքերը պետք է անհապաղ լքեն, մեր բոլոր միջազգային հանդիպումների ժամանակ առաջին կետն է: Ես չեմ ուզում խոսել խաղաղության պայմանագրի շրջանակում, որովհետև ես արտաքին գործերի նախարարը չեմ և չեմ ուզում ինչ-որ նախապայմաններ կամ ինչ-որ նախնական բաներ դնեմ, բայց միանշանակ հասկանալի է, որ ոնց կարելի է այլ պարագայում առաջ գնալ: Դա կարծում եմ՝ քննարկման ենթակա չէ», - ընդգծեց Ազգային ժողովի նախագահը:

Պաշտոնական Երևանը սեպտեմբերի 13-ի ադրբեջանական հարձակումից և Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելուց հետո, սպասում է, որ ՀԱՊԿ -ը քաղաքական գնահատական տա ստեղծված իրավիճակին։ ՀԱՊԿ -ից ոչ միայն ռազմաքաղաքական և հումանիտար օգնություն չի ստացվել, այլև Ադրբեջանի քայլերը դատապարտող հայտարարություն առայսօր չի եղել։

Հարցին, թե արդյոք Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս կգա՞, եթե ռազմաքաղաքական այդ դաշինքն այդպես էլ որևէ դիրքորոշում չհայտնի, Ազգային ժողովի նախագահը պատասխանեց՝ նման հարց չեն քննարկում, դեռ սպասում են ՀԱՊԿ -ի արձագանքին և այս փուլում այդ արձագանքը առնվազն պետք է լինի քաղաքական։ Բայց շատ ժամանակ չի մնացել։

«Սպասում ենք գործողությունների, սպասում ենք արձագանքելուն: Ինձ թվում է, որ այս իրավիճակն արդեն ի ցույց է դնում, որ ժամանակը շատ քիչ է մնացել, որ մենք որոշում կայացնենք, որովհետև Հայաստանի ամենանեղ տարածքը 30 կիլոմետրի չափ է, մենք մեզ շատ բան չենք կարող թույլ տալ», - նշեց նա:

Ի դեպ, Ազգային ժողովի նախագահն այսօր հայտարարեց, թե սեպտեմբերի մարտերի հետևանքով հայկական կողմն 240 զոհ ունի, հետո խոսնակի միջոցով հերքեց իր իսկ հրապարակած թիվը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG