Մատչելիության հղումներ

Փաշինյանը Սոչիում կհանդիպի Ալիևի հետ


Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպմանը հաջորդած ասուլիս Սոչիում, 26-ը նոյեմբերի, 2021թ․
Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպմանը հաջորդած ասուլիս Սոչիում, 26-ը նոյեմբերի, 2021թ․

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր հաստատեց, որ այս ամսվա վերջին վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Սոչի։

Սիմոնյանն այսօր, Ազգային ժողովում, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, ասաց, որ իր տեղեկություններով, այո՛, վարչապետը հոկտեմբերի 31-ին գնալու է Սոչի։

«Ազատության» հարցին, թե Փաշինյանը հանդիպելո՞ւ է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, ԱԺ նախագահը պատասխանեց․ - «Այո՛, հանդիպելու է»։

Արդյո՞ք Հայաստանն առարկայական արդյունք ակնկալում է Փաշինյան-Ալիև հանդիպումից։

«Ես ակնկալում եմ, որ բոլոր մեր գործընկերները ՀԱՊԿ-ում և մեր հիմնական դաշանկիցներն արդեն գիտակցում են, որ այլևս հայկական շահի գիծը կանգնել է, և այլևս Հայաստանը հետքայլ անելու հնարավորություն չունի և ամեն ինչ անելու ենք Հայաստանի Հանրապետության շահերը, նաև արցախցիների շահերը պաշտպանելու համար», - ասաց Սիմոնյանը։

Օրեր առաջ ռուսական «Վեդոմոստի»-ն, հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին, գրել էր, որ Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը կարող են հանդիպել Ռուսասատնում և եռակողմ բանակցություններ անցկացնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ։ Պարբերականի տվյալներով՝ հանդիպումը սկսել է նախապատրաստվել Աստանայում, հոկտեմբերի 14-ին ԱՊՀ գագաթնաժողովում, Պուտինի ելույթից հետո:

Մեկ այլ դիվանագիտական աղբյուր նշել էր, որ բանակցությունները կարող են անցնել հոկտեմբերի վերջին օրերին, որպես հանդիպման վայր դիտարկվում են Մոսկվան և Սոչին, սակայն ավելի հավանական է, որ եռակողմ հանդիպումը տեղի ունենա Սոչիում: Սպասվող հանդիպման վերաբերյալ պաշտոնական տեղեկություն կողմերից որևէ մեկը դեռ չի տարածել։

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների նախորդ երկու հանդիպումները՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ էրդողանի և Ֆրանիսայի նախագահ Էմանյուել Մակրոնի մասնակցությամբ Պրահայում էին՝ հոկտեմբերի 6-7 -ին, Եվրոպական քաղաքական հանրության հավաքի ընացքում:

XS
SM
MD
LG