Մատչելիության հղումներ

Ադրբեջանը Հայաստանի տարածքից մոտ 127 քառակուսի կմ է օկուպացրել. իշխանական պատգամավոր


Անցած մեկ տարվա ընթացքում ադրբեջանական զինուժը գրավել է Հայաստանի մոտ 127 քառակուսի կիլոմետր տարածք, այս մասին հայտարարել է իշխանական պատգամավոր Արմեն Խաչատրյանը Սանկտ Պետերբուրգում՝ ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների խորհրդակցության ընթացքում։

«Հակառակորդն ընդհանուր առմամբ 2021-2022 թվականներին վերահսկողության տակ է վերցրել Հայաստանի Հանրապետության մոտ 127 քառակուսի կիլոմետր սահմանամերձ տարածք», - ասել է պատգամավորը։

Խաչատրյանն առաջին պաշտոնյան է, որ հրապարակում է այս թիվը՝ առանց մանրամասներ ներկայացնելու։ Մինչ այդ վարչապետը տեղեկացրել էր, որ սեպտեմբերի 13-ի հարձակման հետևանքով Ադրբեջանը 10 քառակուսի կիլոմետր է օկուպացրել, իսկ 2021-ին՝ 41։ Պաշտոնապես հրապարակված այս թվերի գումարը 51 է, անհայտ է մնում մնացած 76 քառակուսի կմ-ի հարցը և թե ինչո՞ւ է մինչ այժմ այլ տվյալ հրապարակվել։

127 քառակուսի կմ-ի օկուպացիայի մասին բարձրաձայնած Պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահն այսօր ողջ օրվա ընթացքում մեր զանգերին այդպես էլ չպատասխանեց և հնարավոր չեղավ պարզաբանում ստանալ։ Հանձնաժողովի մյուս անդամները ևս չեն պարզաբանում։

Իր հերթին, երեկ Տավուշի մարզում քաղաքացիների հետ հանդիպմանը 50 դիրքի կորստի մասին է խոսել ընդդիմադիր պատգամավոր Սեյրան Օհանյանը: Թե որտեղի՞ց պաշտպանության նախկին նախարարին այս թիվը, այսօր նրանից չհաջողվեց ճշտել։

«Բա դու սեպտեմբերի 13-ին 50-ից ավելի դիրք ես հակառակորդին հանձնել, քո պետությունը», - ասել է Օհանյանը:

Այս ֆոնին՝ մարտերից մեկուկես ամիս անց Պաշտպանության նախարարությունը շարունակում է լռել և չպարզաբանել, թե սեպտեմբերին քանի՞ դիրք է անցել ադրբեջանական զինուժի հսկողության տակ, որտե՞ղ են տեղակայված դրանք, ռազմավարական ի՞նչ նշանակություն ունեն։ Այսօր էլ խոսնակ Արամ Թորոսյանը փոխանցեց՝ դեռևս ճշգրտման աշխատանքներ են անում։ Դիրքային կորուստների մասին Թորոսյանը խոսել էր դեռ սեպտեմբերի 21-ին՝ Եռաբլուրում։

«Ե՛վ նյութական, և՛ այլ կորուստների ճշգրտման աշխատանքներ են իրականացվում, այդ աշխատանքների ավարտին Պաշտպանության նախարարությունը ամփոփ տեղեկատվություն կտրամադրի», - նշել է ՊՆ խոսնակը:

Մինչդեռ սեպտեմբերյան հարձակումից մեկ շաբաթ անց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե հայ-ադրբեջանական սահմանագծում՝ Մռավի սարերից մինչև Արաքս, իրենք դիրքային առավելություն ունեն։

«Այդ դիրքերը մեզ տալիս են ինչպես ռազմական առավելություն, այնպես էլ տեսողական հսկողության սահմանելու հնարավորություն մեծ տարածքի, այդ թվում՝ կարևոր ենթակառուցվածքների նկատմամբ։ Մենք արդեն գտնվում ենք այդ տարածքներում։ Մենք այս սահմանում չենք եղել 30 տարի», - ասել էր Ալիևը։

Ըստ Ջերմուկի բնակչի, ռազմական գործողություններից ամիսուկես անց էլ ադրբեջանցիները նույն տարածքում են

Սեպտեմբերի 13-ի արյունալի հարձակումը Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց Ձորի ուղղությամբ էր։ Այս ընթացքում երեք ուղղություններում ապրող մարդիկ պատմել են դիրքային կորուստների մասին։ Իսկ Գլխավոր շտաբի պետն այն ժամանակ ասել էր, թե ադրբեջանական 10-12 հոգանոց խումբ է դիրքավորվել Ջերմուկի ուղղությամբ, հավաստիացրել՝ եթե այդ խումբը ջուր ու սնունդ չստանա, շուտով դուրս կգա այդտեղից։ Բնակիչները, սակայն, փաստում են, որ ամիսուկես անց էլ ադրբեջանցիները նույն տարածքում են։

Ջերմուկցի Շիրակ Բունիաթյանի պնդմամբ՝ առողջարանային քաղաքից քիչ հեռու՝ սարի գլխին դիրքավորված ադրբեջանցիները ամենևին էլ շրջափակման մեջ չեն, նույն տեղում են։

«Այսօր ունենք այլ իրականություն, չեն սովածացել դեռ: Ջերմուկից Արփայի կիրճով եթե բարձրանաս վերև, քաղաքից դուրս գաս, Արփայի կիրճով բարձրանալուց էդ բլուրներից մեկի վրա են: Որ Google-ով նայում ես, որտեղ որ ցույց է տալիս մեր պետական սահմանը, մոտ 8 կմ ներս: Իրենք անընդհատ ակտիվ շարժի մեջ են, ինչ-որ դիրքային փոփոխություն չի եղել, որտեղ ամսի 13-14-ին եկել են, մինչև օրս այնտեղ են, կոնկրետ թվաքանակ չեմ կարա ասեմ, համենայն դեպս, որ մի քիչ բարձրանում ես Ջերմուկից վերև, բլուրներից մեկն է տեսանելի, որտեղ իրենք նստած են ու ակտիվ ինժեներական աշխատանքներն արդեն ավարտվել են, դիրքավորվել են: Դե ընթացքում տեսել ենք, որ բեռնատարներով ինչ-որ պանելներ են մոտեցրել, մտածում ենք, որ նույնիսկ բետոնային աշխատանքներ են եղել, կռան ենք տեսել, տարբեր ծանր տեխնիկաներ տեսել ենք», - ներկայացրեց Բունիաթյանը:

Ջերմուկի բնակչի փոխանցմամբ՝ ադրբեջանական զինուժը ոչ միայն դուրս չի մղվել, այլև ինժեներական աշխատանքներն ավարտելուց հետո էլ ակտիվություն կա։ «Եթե թուրքերը շարունակեն մնալ դիրքերում, որոնք հիմա զբաղեցնում են, հիմա ճիշտ է՝ տուրիստական պասիվ սեզոն է, կարելի է ասել սեզոնն ավարտվել էր համարյա, որ այս իրավիճակը ստեղծվեց, բայց մյուս տարի մեծ ակնկալիքներ պետք է չունենանք, եթե շարունակեն այդտեղ մնալ», - ընդգծեց Շիրակ Բունիաթյանը:

Դիրքային կորուստների մասին տվյալներ չհաղորդելուց բացի, Հայաստանի իշխանությունները նաև դեռ չեն հրապարակել սեպտեմբերյան մարտերի զոհերի ու անհետ կորածների ամբողջական տվյալները։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG