Մատչելիության հղումներ

Միջազգային խաղացողները ստորադասում են Արցախի հարցը և նպաստավոր առաջարկներ չեն ներկայացնում. ԼՂ նախագահ


Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան, արխիվ
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան, արխիվ

«Մենք պետք է մեր հասարակությանը ներկայացնենք իրական պատկերը, և այդ իրականության մեջ մեկ-մեկ լինում են դառը ճշմարտություններ կամ այնպիսի թեմաներ, որը հաճելի չէ». - Արցախի նախագահը Լեռնային Ղարաբաղի հարցի մասին վերջին մեկուկես ամսվա «դառը ճշմարտությունների» փակագծերը երեկ բացեց Արցախի Հանրային հեռուստաընկերության եթերում։ Տարածաշրջանում Արցախի հարցն այլևս օրակարգային չէ։ Գլխավորը Հայաստան - Ադրբեջան խաղաղության պայմանագիրն է։

«ԱՄՆ-ի ակտիվությունը խաղաղության պայմանագրի կամ ընդհանուր առմամբ Ադրբեջան - Հայաստանի հարաբերությունների հետ կապված, Եվրոպայի՝ Շառլ Միշելի, Մակրոնի, բազմաթիվ հանդիպումները կամ հեռախոսազանգերը Ադրբեջանի ղեկավարի, նախագահի, կամ Հայաստանի Հանրապետության վարչապետի, մեզ համար պարզ է, չէ՞, որ այդ բոլոր խոսակցությունների, հանդիպումների հիմքում առաջին հերթին այսօր խաղաղության պայմանագիրն է՝ Հայաստան - Ադրբեջան», - ասաց Արայիկ Հարությունյանը:

Հարությունյանի գլխավորած պատվիրակությունն անցած շաբաթ Հայաստանում էր, տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ Հայաստանի վարչապետի հետ հանդիպումներում փորձել են պարզել՝ ինչ են բանակցում Արցախի հարցով։

Արևմուտքը, որ ակտիվ է Հայաստան Ադրբեջան խաղաղության հաստատման գործում, ստորադասում է ղարաբաղյան խնդիրը, և նպաստավոր առաջարկներ չի ներկայացնում, ասաց Արայիկ Հարությունյանը:

«Միջազգային խաղացողները, որոնք փորձում են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության այդ բանաձևի կամ այմանագրի հետ կապված իրենց ծառայությունները մատուցել, արցախյան խնդիրը ստորադասում են և, բաց պետք է ասենք մեր հասարակությանը, այդքան էլ նպաստավոր առաջարկություններ չեն ներկայացնում», - նշեց Արցախի նախագահը:

Չնայած խաղաղության պայմանագրի օրակարգը ակտիվորեն առաջ մղող հայկական կողմը Արցախի կարգավիճակի ու ինքնորոշման իրավունքի մասին վերջին շրջանում չի հիշատակում, Արայիկ Հարությունյանը պնդում է՝ Արցախի ինքնորոշման հարցն իրենց գլխավոր օրակարգն է, որից չեն շեղվելու։

«Մենք պայքարելու ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի կարևոր այդ նորմի շրջանակներում և պետք է նաև ֆիքսենք, որ այն որևէ կապ չունի արածքային ամբողջականության հետ: Իհարկե, կա նույն ՄԱԿ-ի Կանոնադրության համապատասխան տարածքային ամբողջականության նորմ, որը այսօր քննարկվում է Հայաստան - Ադրբեջան հարաբերություններում, բայց ազգերի ինքնորոշման իրավունքը չի ստորադասվում, կամ տարածքային ամբողջականությունը գերակա չէ ազգերի ինքնորոշման նորմի նկատմամբ», - հայտարարեց Արայիկ Հարությունյանը:

XS
SM
MD
LG