Մատչելիության հղումներ

Արցախի նախագահը կարևորել է ՀՀ-ի հետ համակարգված աշխատանքը, բայց մանրամասներ չի փոխանցել


Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր կառավարության նիստի ընթացքում ներկայացրել է իր գլխավորած պատվիրակության ՀՀ-ում ունեցած հանդիպումների մանրամասները և Արցախի իշխանությունների մոտեցումները ԼՂ ապագայի վերաբերյալ։

Թե ինչ է պատմել Հարությունյանը գործադիրի անդամներին, Արցախի նախագահականը չի հաղորդում։ Միայն նշվում է, որ «նախագահը կարևորել է Հայաստանի Հանրապետության հետ համակարգված աշխատանքը ինչպես ներքին խնդիրները հաղթահարելու, այնպես էլ արտաքին քաղաքական մարտահրավերներին դիմակայելու հարցում»։

Արցախցի պաշտոնյաները Երևան են այցելել Ստեփանակերտում մեկնարկած բողոքի հանրահավաքների ֆոնին, որոնք սկիզբ էին առել Պրահայի բանակցություններից հետո, երբ Հայաստանն ու Ադրբեջանը հանձնառություն վերցրին ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը։ Հանրահավաքի մասնակիցները Արցախի իշխանություններից պահանջում էին հստակ պատասխանել՝ ի՞նչ է լինելու Արցախի հետ, եթե Երևանն ու Բաքուն ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը։

Արայիկ Հարությունյանը խուսափել է Երևանում լրատվամիջոցների հետ հանդիպումից, Հայաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ տեղյակ է բանակցությունների ընթացքին։

XS
SM
MD
LG