Մատչելիության հղումներ

Զորակոչից տարկետման իրավունքից օգտվողներն այսուհետև գործարք են կնքելու պետության հետ. Փաշինյան


Հաջորդ տարվանից դպրոցն ավարտող տղաները հնարավորություն կունենան որոշակի մասնագիտություններ ընտրելու դեպքում տարկետման իրավունք ստանալ և չընդհատել կրթությունը բանակ մեկնելու համար։

Գործադիրի երեկվա նիստում հավանություն տվեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի ներկայացրած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագծին, որը դեռ պետք է ներկայացվի խորհրդարան:

«Այս փոփոխությամբ մենք լիազորում ենք կառավարությանը, որպեսզի կառավարությունը կարողանա տրամադրել տեղեր և նշել, թե որ բուհերի մասին է գնում խոսքը», - ասաց Դումանյանը։

Վարչապետ Փաշինյանն իր խոսքում ևս ընդգծեց՝ կախված կառավարության ծրագրի և գործունեության առաջնահերթություններից, պետութոյւնը ամեն տարի կորոշի տնտեսագետի, գյուղատնտեսի, թե ֆիզիկոսի կարիք ունի։

Նախագծի հիմնավորման մեջ, սակայն, առանձին ուշադրություն էր դարձված բնագիտական և ճարտարագիտական ուղղություններին։ Վարչապետը նաև ընդգծեց, որ տարկետման իրավունքից օգտվողներն այսուհետև նաև գործարք են կնքելու պետության հետ. - «Մենք նախորդ շրջանի փորձից գիտենք, որ շատերը բուհ ընդունվում էին ոչ թե բուհ ընդունվելու կամ կրթության նկատառումներով, այլ տարկետման իրավունքից օգտվելու նկատառումներով։ Յուրաքանչյուր դիմորդ, ով էդ տեղին հավակնի, պիտի իմանա պետության, կառավարության հետ առաջիկա, ենթադրենք յոթ, ութ, տաս տարիների հարաբերությունները և որոշակի պարտավորություններ ստանձնի, և մենք պետք է նաև ունենանք մեխանիզմներ՝ այդ պարտավորությունների կատարմանը հետևելու»։

2017 թվականին «Զինծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելուց հետո տարկետման իրավունքից օգտվում են միայն օլիմպիադաների մրցանակակիրները, այդ հնարավորությունը տրվում է նաև օտարերկրյա բուհերում սովորողներին։ Նախարարի խոսքով, վերջին մի քանի տարիների փորձը ցույց է տալիս, որ սա չի նպաստում հայաստանյան բուհերի կրթության որակի բարելավմանը։

Կրթության փորձագետ Վահրամ Սողոմոնյան,ը կարևորելով այս փոփոխությունը, նաև զգուշավորություն է ակնկալում։ Նրա խոսքով, կոռուպցիոն ռիսկերը ինչպես կային նախկինում, հիմա էլ կլինեն՝ եթե պատշաճ վերահսկողություն չլինի. - «Եթե դրան չհետևի վերլուծական աշխատանք, ոչինչ ըստ էության տեղի չի ունենա։ Եվ էդ հին մշակույթը՝ անընդհատ տղաներին առաջ մղելու, ձևական ինչ-որ ուսումնական գործընթացի մասնակից դարձնելու, այնուհետև պաշտպանելու, կմնա և չի փոխվի»։

Սողոմոնյանը չի պատկերացնում, թե ինչպես է հնարավոր բարեփոխել ոլորտը՝ առանց վերանայելու ամբողջ համակարգը։ Օրինակ է բերում հենց օտարերկյա բուհերում սովորելու դեպքում տարկետման իրավունք ստանալու պայմանները՝ նշելով, որ այստեղ չլուծված հարցեր, ավելին՝ սուբյեկտիվ գործոններ կան. - «Մինչև այսօր մնացել է դեռևս հին ժամանակներից այդ վարկանիշային համալսարանների ցանկը էլիտար, այնինչ Հայաստանին անհրաժեշտ են շատ տարբեր մասնագիտություններ, որոնք կարելի է ձեռք բերել նաև բավական մատչելի եվրոպական շատ համալսարաններում։ Բայց այդ համալսարանների համար տարկետում, չգիտես ինչու, չի տրամադրվում։ Այսինքն՝ էստեղ կան զանազան սուբյեկտիվ և ոչ տրամաբանական էլեմենտներ»։

Որևէ ոլորտ ընտրելով գերակա ուղղություն, մասնագետի պնդմամբ, դեռ չի նշանակում, որ այստեղ միանգամից լավ մասնագետներ են ի հայտ գալու։ Սողոմոնյանը հարց է բարձրացնում՝ արդյո՞ք արդեն այսօր քայլեր ձեռնարկվում են, որպեսզի բարձրանա դպրոցական կրթության որակը. - «Մենք լուրջ խնդիր ունենք ուսուցիչների մասով, հատկապես բնագիտական առարկաների։ Էստեղ պետք է նաև լուծվի հենց ուսուցիչների համալրման հարցը»։

Նոր նախագծով Կառավարությունը ևս մեկ առաջարկ ունի, ավելի տեխնիկական բնույթի՝ երկարաձգել կրթության հիմքով տարկետում ստացած քաղաքացիների բանակ զորակոչի տարիքային շեմը` գործող 27-ի փոխարեն սահմանելով 28 տարեկանը: Բանն այն է, որ 12-ամյա կրթությունն ավարտվում է 18-19 տարեկանում, և ասպիրանտը երրորդ տարվա ուսումնառության կեսից ստիպված է զորակոչվել բանակ: Պաշտոնյաներն այսօր հակված են չընդհատել կրթության շարունակականությունը և տարկետում ստացած երիտասարդներին հնարավորություն տալ ամբողջությամբ նվիրվել գիտությանը։

Թե որքանով դրանից հետ կշահի գիտությունը, միայն ժամանակը ցույց կտա։ Հիմա մասնագետներն առավել կարևորում են, որ այս արտոնությունը կրկին յուրայինների, մեծահարոսւների, պաշտոնյանների երեխաների մենաշնորհը չդառնա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG