Մատչելիության հղումներ

Էրդողան. Ադրբեջանն ավարտեց ռազմական գործողությունը Հայաստանի հետ սահմանին


Ուզբեկստան - Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Էրդողանի և Իլհամ Ալիևի հանդիպումը Սամարղանդում, 15-ը սեպտեմբերի, 2022թ.
Ուզբեկստան - Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Էրդողանի և Իլհամ Ալիևի հանդիպումը Սամարղանդում, 15-ը սեպտեմբերի, 2022թ.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն այսօր հայտարարել է, թե ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևից տեղեկատվություն է ստացել Հայաստանի հետ սահմանին «ռազմական գործողության» ավարտի մասին:

«Ադրբեջանը հայտարարեց Հայաստանի սադրանքին ի պատասխան սկսած գործողության ավարտի մասին: Քանի որ գործողությունն արդեն ավարտված է, իմաստ չունի այն աժմ քննարկել: Համաձայն պարոն Իլհամից [Ադրբեջանի նախագահ Ալիևից] իմ ստացած տեղեկատվության՝ մեր ադրբեջանցի եղբայրներն այժմ տեղափոխվել են անվտանգ դիրք», - РИА "Новости"-ի փոխանցմամբ՝ լրագրողներին ասել է Էրդողանը օդանավում՝ Սամարղանդից վերադարձի ճանապարհին:

«Հայաստանի համար այժմ կարևոր է հնարավորինս շուտ հրաժարվել Ադրբեջանի դեմ սադրանքներից, գործել ավելի վաղ իր ստանձնած պարտավորություններին համապատասխան և կենտրոնանալ խաղաղության ու համագործակցության վրա», - պնդել է Թուրքիայի նախագահը՝ ամփոփելով. - «Մենք ցանկանում ենք, որպեսզի նորմալացման գործընթացը մեր տարածաշրջանում հաջողությամբ ավարտվի, և տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը ապահովվեն երկար ժամանակով»:

Հայ -ադրբեջանական սահմանին ինտենսիվ ռազմական գործողությունները սկսվել են սեպտեմբերի 13-ի կեսգիշերին: Հայաստանի ռազմական գերատեսչությունը կեսգիշերն անց հայտարարեց, որ Ադրբեջանի զինուժը Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ։ Մինչ այժմ հայկական կողմը հաղորդել է իր հաստատված 135, Ադրբեջանը՝ 79 զոհվածների մասին:
Պաշտոնական Բաքուն պնդում է, թե ուժի է դիմել «սադրանքների» պատճառով, որոնցով Երևանն իբր փորձում է տապալել երկու երկրների միջև խաղաղության գործընթացը: Հայկական կողմը կտրականապես հերքում է այդ մեղադրանքը:
Սեպտեմբերի 14-ի երեկոյան Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարեց, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն՝ այլ մանրամասներ չհայտնելով: Հրադադարը պահպանվում է:

XS
SM
MD
LG