Մատչելիության հղումներ

Պատերազմի առաջին ամիսներին ռուսական զորքերի բոլոր հաջողություններն այժմ զրոյացված են. բրիտանական հատուկ ծառայության ղեկավար


Հոկտեմբերի 10-ի հրթիռակոծությունից վնասված տուն Լվովում
Հոկտեմբերի 10-ի հրթիռակոծությունից վնասված տուն Լվովում

Ուկրաինական խաղաղ բնակավայրերի երեկվա աննախադեպ ռմբակոծությունից հետո Ռուսաստանի արտգործնախարարն այսօր կրկին հայտարարել է, որ Մոսկվան մտադիր չէ միջուկային զենք օգտագործել, քանի դեռ վտանգված չէ Ռուսաստանի գոյությունը։

«Նախագահը բազմիցս ասել է, որ մեր ռազմական դոկտրինը նախատեսում է միջուկային զենքի կիրառումը միայն որպես պատասխան միջոց այն դեպքում, երբ մեզ հարվածում են միջուկային զենքով, կամ սովորական զենքով, բայց վտանգված է Ռուսաստանի գոյությունը», - ասել է Սերգեյ Լավրովը։

Իսկ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն այսօր հայտարարել է, որ դաշինքը հաջորդ շաբաթ միջուկային զենքի կանխարգելման հերթական վարժանքն է անցկացնելու։ «Մենք աչալրջորեն հետևում ենք Ռուսաստանի գործողություններին», - ասել է Յենս Ստոլտենբերգը։

Նա միաժամանակ ընդգծել է, որ խաղաղ բնակավայրերին հասցված հարվածները ցույց են տալիս, որ Պուտինը պարտվում է պատերազմում. - «Խաղաղ բնակչության և կարևոր ենթակառուցվածքների վրա Ռուսաստանի սարսափելի և անկանոն հարձակումները վկայում են, որ նախագահ Պուտինը ձախողվում է Ուկրաինայում»։

Ռուսական ուժերի երեկվա հուժկու գնդակոծության հետևանքով Ուկրաինայում առնվազն 19 մարդ է զոհվել, ևս 105-ը՝ վիրավորվել։ Հրթիռակոծությունը շարունակվել է նաև այսօր․ ռուսական կողմը ծանր հրետանիով հարվածներ է հասցրել Դնեպրոպետրովսկի շրջանին, Նիկոպոլին, Կրիվոյ Ռոգին, Զապարոժիեին, Լվովին։ Ավելի քան 300 բնակավայր զրկվել է էլեկտրաէներգիայից։

Ուկրաինայի նախագահն ասում է, որ Ուկրաինան կվերականգնեն այն, ինչ ոչնչացրել է Ռուսաստանը, և ավելի վճռական է դարձել երեկվա հարվածներից հետո․ - «Ուկրաինային չի կարելի վախեցնել, մենք միայն ավելի շատ կհամախմբվենք: Ուկրաինային չի կարելի կանգնեցնել, միայն ավելի շատ համոզվեցինք, որ ահաբեկիչներին պետք է վնասազերծել։ Ռուսական բանակը հատուկ այդ հարվածները հասցրել է հենց առավոտյան ժամին։ Սա տիպիկ ահաբեկչական մարտավարություն է։ Նրանք ցանկանում էին ավելի շատ վախ սերմանել և ազդել ավելի շատ մարդկանց վրա: Ամբողջ աշխարհը դա տեսավ»:

Ռուսաստանի նախագահը երեկ հայտարարել է, թե այս հարվածները Ղրիմի կամրջի պայթյունի պատասխանն էր։

Ռուսական աննախադեպ հրթիռակոծությունը այսօր քննարկել են Մեծ յոթնյակի առաջնորդներն առցանց գագաթնաժողովին, որին մասնակցել է նաև Ուկրաինայի նախագահը։ Աշխարհի ամենազարգացած երկրներն իրենց հայտարարությունում հերթական անգամ շեշտելու են, որ աջակցելու են Ուկրաինային այնքան ժամանակ, ինչքան անհրաժեշտ կլինի։

Ուկրաինական հակաօդային պաշտպանությունը, ըստ Կիևի, երեկ կարողացել է խոցել ռուսական ութսունից ավելի հրթիռների կեսը։ Միացյալ Նահանգների նախագահ Բայդենը երեկ երեկոյան նախագահ Զելենսկուն խոստացել է մատակարարել ժամանակակից ամերիկյան հակահրթիռային պաշտպանության համակարգեր։ Բայդենը նաև ընդգծել է, որ Արևմուտքը կշարունակի ամեն ջանք գործադրել ռազմական հանցագործությունների համար Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու և Ուկրաինային տնտեսական, հումանիտար և անվտանգության օգնություն տրամադրելու համար։

Կրեմլի խոսնակը պնդել է, թե Վաշինգտոնի կողմից Ուկրաինային հակաօդային պաշտպանության առաջադեմ համակարգերի մատակարարումները կերկարաձգեն հակամարտությունն ու այն ավելի ցավոտ կդարձնեն Կիևի համար։

Դմիտրի Պեսկովը միաժամանակ ասել է, թե Կրեմլը որևէ դեպքում մտադիր չէ փոխել իր ծրագրերը։

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ևս այսօր պնդել է, թե Միացյալ Նահանգները դե ֆակտո ներգրավված է ռուս-ուկրաինական հակամարտության մեջ։

Երեկվա հարվածներով Մոսկվան իր ուժն ու վճռականությունն է ցուցադրել, ասում են փորձագետները։ Բրիտանացի հետախույզները մինչդեռ կարծում են, թե նույնիսկ երեկվա զանգվածային հրթիռակոծությունն իրավիճակը ռազմի դաշտում չի փոխել։ Տեղեկատվության համար պատասխանատու բրիտանական հատուկ ծառայության ղեկավար Ջերեմի Ֆլեմինգի կարծիքով, ռուսական ուժերը հյուծված վիճակում են:

«Ուկրաինայում պատերազմի վրա Ռուսաստանի ծախսերը մարդկանց և տեխնիկայի առումով ապշեցուցիչ են, բայց պատերազմի առաջին ամիսներին ռուսական զորքերի բոլոր հաջողություններն այժմ զրոյացված են», - ասված է Ֆլեմինգի հայտարարության մեջ:

Ընդ որում, բրիտանացի հետախույզները կարծում են, որ Ռուսաստանի քաղաքացիները նույնպես տեսնում են Պուտինը սխալ հաշվարկները։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG