Մատչելիության հղումներ

Գեներալ Արմագեդոն․ ով է ղեկավարում Ռուսաստանի պատերազմը Ուկրաինայի դեմ


Ռուսաստան- Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պարգևատրում է Սիրիայում ռուսական զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Սերգեյ Սուրովիկինին, արխիվ

«Գեներալ Արմագեդոն»․ ըստ լրատվամիջոցների՝ ռուսական բանակում այսպես են կոչում Սերգեյ Սուրովիկինին, ով մի քանի օր առաջ պաշտոնապես նշանակվեց Ուկրաինայի դեմ պատերազմում ռուսական զորքերի գլխավոր հրամանատար։ 56-ամյա գեներալը լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվել 21 տարեկանից և ամեն անգամ աչքի ընկել ավելի ու ավելի աղմկահարույց պատմություններով։

1991-ի օգոստոսին հենց նրա հրամանով են Մոսկվայում սպանվել «պուտչի» դեմ դուրս եկած ցուցարարները։ Այդ ժամանակ կապիտան Սուրովիկինը ղեկավարում էր հրասայլերի շարասյունը, և երբ ցուցարարները փորձել էին փակել դրանց ճանապարհը, Սուրովիկինը նախազգուշական կրակոցներ էր արձակել օդ, հետո հրամայել ոչնչի չնայելով առաջ գնալ ու ճեղքել ամբոխը․ զոհվել էին երեք երիտասարդներ։ Պուտչիստների տապալումից հետո Սուրովիկինին ձերբակալել էին, նա յոթ ամիս անցկացրել էր «Մատրոսսկայա տիշինայում», սակայն ի վերջո դատախազությունը հրաժարվել էր մեղադրանքից, պատճառաբանելով, թե կապիտանն ընդամենը հրաման է կատարել։

Չորս տարի անց Սուրովիկինը կրկին հայտնվել է դատական պատմության մեջ, այս անգամ՝ ատրճանակ վաճառելու համար․ Մոսկվայի կայազորի ռազմական դատարանը նրան մեղավոր է ճանաչել զենքի ապօրինի շրջանառության հետ կապված երեք հոդվածներով ու դատարպարտել մեկ տարվա պայմանական ազատազրկման։ Դա, սակայն, նրա ռազմական կարիերային չի խոչընդոտել։

Մի քանի տարի անց, ավարտելով Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան, Սուրովիկինը նշանակվել է Եկատերինբուրգի դիվիզիայի ղեկավար, ու մի օր իր մոտ է կանչել տեղակալին։ Կանչը ճակատագրական է եղել, տեղակալը րոպեներ անց ինքնասպան է եղել հենց Սուրովիկինի աշխատասենյակում, ըստ գործի նյութերի՝ «բարձր տոնայնությամբ երկխոսությունից հետո»։ Կատարվածի մանրամասներն այդպես էլ պարզ չեն դարձել։

2004-ին նրա հրամանատարությամբ Չեչնիայում գործող դիվիզիան է հայտնվել իրավապաշտպանների զեկույցներում՝ խաղաղ բնակիչներին ծեծելու, կտտանքների ենթարկելու և ունեցվածքը առևանգելու համար։ Սուրովիկինը կտրականապես հերքել էր այդ մեղադրանքները ու պաշտոնի բարձրացում ստացել՝ դառնալով ռուսական օդուժի հրամանատար Սիրիայի ընդդիմության դեմ պայքարում։ Ու մինչ Սուրովիկինը հպարտությամբ հայտարարում էր իր ենթակաների սխրանքների մասին, հեղինակավոր Human Rights Watch-ը փաստում էր՝ նա մեկն է ռուսական բանակի այն զինվորականներից, որոնք կարող են պատասխանատվության ենթարկվել Իդլիբի խաղաղ բնակավայրերը, քաղաքացիական ենթակառուցվածքներն ու հիվանդանոցները ռմբակոծելու համար։

Ուկրաինայի դեմ պատերազմը չսկսած՝ Եվրամիությունը նրան ներառել էր պատժամիջոցների ցանկում: Շաբաթներ անց նաև Կիևը քրեական գործ հարուցեց՝ խաղաղ բնակիչներին թիրախավորելու համար։ Շաբաթներ առաջ, երբ Ուկրաինայում ռուսական բանակի դիրքերը զգալի թուլացան՝ ստիպելով նահանջել, մամուլը գրեց, թե Կրեմլում մտադիր են Սուրովիկինին, այսպես կոչված, «ռազմական գործողության» հրամանատար նշանակել։ Որոշումը հրապարակվեց անցած շաբաթ օրը:

Նոր պաշտոնում Սուրովիկինի առաջին գործը դարձավ, փաստորեն, Կիևի բնակելի թաղամասերի ռմբակոծումը, որի հետևանքով, ըստ վերջին տվյալների, զոհվել է առնվազն տասը մարդ։

XS
SM
MD
LG