Մատչելիության հղումներ

Փաշինյանը բոլոր պաշտոնական ատյաններում կրկնում է ադրբեջանական թեզերը, թե ինչու Արցախը անկախ չի կարող լինել. Գեղամ Մանուկյան


Ազգային ժողովի պատգամավոր Գեղամ Մանուկյան («Հայաստան»)
Ազգային ժողովի պատգամավոր Գեղամ Մանուկյան («Հայաստան»)

Ընդդիմության համոզմամբ՝ Հայաստանը որպես Արցախի անվտանգության երաշխավոր, նաև 2020-ի պատերազմից հետո նոյեմբերի 9-ի հայտարարության կողմ, պարտավոր է բարձրացնել Արցախի ինքնորոշմանը հարցը։

Մինչդեռ Նիկոլ Փաշինյանը, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակացական Գեղամ Մանուկյանի խոսքով, շուրջ մեկ տարի է կրկնում է Ալիևի թեզերը՝ այդկերպ հնարավորություն տալով Ադբեջանին միջազգային կառույցներում ուղղակի լռեցնել Արցախի ինքնորոշման հարցը. - «Իրականում այսօրվա վիճակին մենք հասել ենք, որովհետև մեկ տարուց ավել Նիկոլ Փաշինյանը բոլոր պաշտոնական ատյաններում, ամբիոններում կրկնում է ադրբեջանական թեզերը, թե ինչու Արցախը անկախ չի կարող լինի՝ նախկիններին մեղադրելով բանակցությունները տապալելու [մեջ], որ Ադրբեջանի կազմում են ճանաչել։ Այդ բոլոր թեզերը կրկնելով այսօր տվել է Ադրբեջանի ձեռքում հսկայական տարբեր տեսակ քաղաքական գործիքներ՝ միջազգային ատյաններում ուղղակի լռեցնելու Արցախի հարցի բարձրաձայնումը»։

Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի կարծիքով, այս պահին պետք է ակտիվացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատը, քանի որ այսօր միայն այդ կառույցն է, որ Արցախի հիմնախնդրով զբաղվելու միջազգային մանդատ ունի։ Թովմասյանի համոզմամբ՝ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, քանի որ դա տանելու է նոր ցեղասպանության։

Թագուհի Թովմասյան
Թագուհի Թովմասյան

Ընդդիմադիր պատգամավորը կողմ է Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի կնքմանը, բայց ոչ Արցախը հանձնելու ճանապարհով։ Ասում է՝ եթե Հայաստանտ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, նշանակում է ճանաչում է Արցախը Ադրբեջանի կազմում. - «Դա նշանակում է Արցախը հանձնեցինք, 120-130 հազար մարդիկ, ովքեր ապրում են Արցախում, նրանց տանում ենք նոր ցեղասպանության։ Արդյո՞ք այդ գնով պետք է գնալ խաղաղության։ Ինքներս շատ լավ գիտենք, որ այդ համաձայնագիրը չի բերելու խաղաղություն, ու այդ մասին ասաց նաև Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի ամբիոնից»։

Իշխանությունը ամիսներ առաջ խոսում էր արցախցիների անվտանգության և իրավունքների մասին՝ պնդելով, որ դրանից կբխի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը։ Այժմ պաշտոնական Երևանը հայտարարում է, որ այդ հարցերը Ստեփանակերտը պետք է ուղիղ քննարկի Բաքվի հետ։

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն օրերս ասել էր, թե իրատեսական է համարում Ադրբեջան - Արցախ ուղիղ բանակցությունները և վստահեցրել, որ Հայաստանը միայնակ չի թողնի Արցախին. - «Իրատեսական եմ համարում, որովհետև մենք տեսնում ենք, որ երկուստեք, նույնիսկ Ադրբեջանի կողմից արդեն հայտարարություններ են հնչում լավատեսության մասին։ Հիմա էկեք երկար չխոսենք, թե որտեղից է էդ լավատեսությունը գալիս»։

Արցախի ինքնորոշման հարցը կրկին օրակարգ բերելուց և միջազգային ատյաներում քննարկելուց բացի, ընդդիմադիր Գեղամ Մանուկյանի համոզմամբ, շատ արագ պետք է վերականգնել երկրի անվտանգային համակարգը՝ սկսած առաջնագծի կահավորումից մինչև առաջնագծում մարդուժի ապահովումը։ Այդ ամենի համար, ըստ պատգամավորի, կար և' նյութական, և' մարդկային ռեսուրս։ Մինչդեռ Զինված ուժերն ու առաջնագիծը անուշադրության մատնելով՝ իշխանությունը ռեսուրսներ էր ծախսում պարգևավճարների և ոստիկանական համակարգի վրա։

Ըստ ընդդիմադիր պատգամավորի, այսօր էլ իշխանությունը հերթական անգամ ստում է, թե առաջնագծում զինվորները որևէ բանի կարիք չունեն, այն դեպքում, երբ անգամ տարրական բահ ձեռք բերելու խնդիր է առաջանում. - «Ոչ թե սուտ խոսեր Ազգային ժողովում նայելով քաղաքացու աչքերին, թե բահի-բանի որևէ խնդիր չկա, Պաշտպանության նախարարությանը սպառնար, որ քրեական հետապնդման կենթարկի, երբ այդ խնդիրը կար, մինչև ռազմատեխնիկա և այլն, կահավորանք, նաև առաջնագծի մարդուժի համադրված կազմակերպում, ոչ թե կրկնել 20 թվականի էն խայտառակ սխալը, որ՝ գյուղապետեր, կուսակցություններ, ջոկատներ կազմեք, ելեք գնացեք առաջնագիծ»։

Երևանում մեզ հանդիպած քաղաքացիներից շատերը ընդունում էին, որ այսօր այնպիսի վիճակ է ստեղծվել, որ Հայաստանն այլևս ի վիճակի չէ պաշտպանել Արցախի շահերը, միևնույն ժամանակ ընդգծում էին, որ ճիշտ չէ Արցախին մենակ թողնել Ադրբեջանի հետ բանակցություններում։

«Դա մեր հողերն ա, մեր տարածքներն ա, ու դրա համար արյուն ա թափվել։ Ի վերջո, էս դարավոր պատերազմը չեն տարել նրա համար, որ հետագայում ինչ-որ մի հատ ոչ ճիշտ կառավարող գա, որոշի, որ այդ տարածքները պետք ա հանձնենք Ադրբեջանին, ինչ ա թե իրենք չեն կարողանում ճիշտ որոշումներ կայացնել երկրի համար», - ասաց մի երիտասարդ կին։

Տարեց տղամարդ. - «Խաղաղության պայմանագիր պետք է... Հինգ հազար հոգի 44-օրյա պատերազմի ժամանակ զոհվեցին... Դուք գիտե՞ք հիմա ինչ ա կատարվում զինկոմիսարիատում։ Հաշմանդամներին են տանում, առանց բժշկական քննության, ինձ անձամբ զանգել-ասում են ներկայացի։ 69 տարեկան եմ... Այ, ստեղ ա, որ իշխանությունները այնքան թույլ են։ Պիտի ասեմ՝ դուք հեռացե'ք, դուք չեք կարող երկիր ղեկավարել»։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG