Մատչելիության հղումներ

Սիմոնյանն «անկեղծ համագործակցություն» է ակնկալում «Եդինայա Ռոսիա»-ից տարածաշրջանում տևական խաղաղության հասնելու հարցում


Եռօրյա այցով Մոսկվայում գտնվող Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Պետական դումայի «Միացյալ Ռուսաստան» («Единая Россия») կուսակցության խմբակցության ներկայացուցիչների հետ:

Հանդիպման առաջարկը Ռուսաստանի Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինինն էր։

Ալեն Սիմոնյանն ասել է, որ ռուս գործընկերներից ակնկալում է արդյունավետ և անկեղծ համագործակցություն անվտանգային և տարածաշրջանում տևական խաղաղության հասնելու հարցերում:

Պատգամավորները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանում տիրող իրավիճակը: Ալեն Սիմոնյանը տեղեկացրել է, որ սահմանում ադրբեջանական ԶՈւ-ն երեկ կրկին հրաձգություն է իրականացրել: Հայկական կողմը ռուս գործընկերներին է փոխանցել ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Ջերմուկ առողջարանային քաղաքում ստեղծված իրավիճակը, ենթակառուցվածքներին հասցված վնասները:

«Մենք, որպես իշխող կուսակցություն, պատրաստակամ ենք ձեր բարձրացրած հարցերի շուրջ տարբեր ձևաչափերի քննարկումներ և խորհրդակցություններ անցկացնել», -նշել է խմբակցության ղեկավար Վլադիմիր Վասիլևը:

Սիմոնյանը Մոսկվա է մեկնել հոկտեմբերի 9-ին՝ Վյաչեսլավ Վոլոդինի հրավերով։ Նա երեկ հանդիպումներ է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի, Ռուսաստանի Դաշնային ժողովի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի, Պետական դումայի «ՌԴ կոմունիստական կուսակցություն» (КПРФ), «Նոր մարդիկ» («Новые люди»), «Արդար Ռուսաստան-հանուն ճշմարտության» («Справедливая Россия-за правду») և Լիբերալ-դեմոկրատական (ЛДПР) կուսակցությունների ներկայացուցիչների հետ։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG