Մատչելիության հղումներ

Ջերմուկի ուղղությամբ հրետանին աշխատում է, քաղաքում մուտքի ելքի ճանապարհը վտանգված է․ փոխքաղաքապետ


Ջերմուկ քաղաքի ուղղությամբ հրետանին աշխատում է, քաղաքում մուտքի ելքի ճանապարհը վտանգված է, «Ազատությանը» փոխանցեց Ջերմուկի փոխքաղաքապետ Վարդան Սարգսյանը՝ նշելով գուցե ճանապարհի անմիջապես ասֆալտապատ հատվածը դեռ չի վնասվել, բայց հարակից հարվածներ ստանում է։

Քաղաքացիական անձանց շրջանում այս պահի դրությամբ վիրավորներ չկան, ասաց փոխքաղաքապետը՝ նշելով՝ կանայք և երեխաները հիմնականում ինքնակամ դուրս են եկել քաղաքից։

«Առաջին պահից, երբ խնդիրը սկսել է, բնակչությունն ինքնակամ քաղաքը լքել է՝ ովքեր ցանկացել են, ովքեր չեն ցանկացել, քաղաքում են, օգտվում են ապաստարաններից, պայքարում են, կռվում են, ով էլ ցանկանում է քաղաքապետարանն աջակցում է, դուրս է բերում։ Եթե տրանսպորտի խնդիր ունեն, տրասնպորտի խնդիրն ենք լուծում, սննդի խնդիր ունեն, սննդի խնդիրն ենք լուծում, հագուստի՝ հագուստի, ուղղակի իրավիճակից ելնելով՝ մի քիչ շուտ մի քիչ ուշ», - ասաց Սարգսյանը։

Հայ -ադրբեջանական սահմանին ինտենսիվ ռազմական գործողությունները սկսվել են սեպտեմբերի 13-ի կեսգիշերին, հայկական կողմը հաղորդել է իր առնվազն 49, ադրբեջանական կողմը՝ 50 զոհվածների մասին, կան նաև վիրավորներ, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիական բնակչության շրջանում:

Պաշտոնական Բաքուն պնդում է, թե ուժի է դիմել «սադրանքների» պատճառով, որոնցով Երևանն իբր փորձում է տապալել երկու երկրների միջև խաղաղության գործընթացը: Հայկական կողմը կտրականապես հերքում է այդ մեղադրանքը:

Այսօր առավոտյան Պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ այսօր ժամը 8-ից սկսած ադրբեջանական կողմը, կիրառելով հրետանային միջոցներ, ականանետեր և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, կրկին սկսել է նախահարձակ գործողություններ՝ մասնավորապես Ջերմուկի և Վերին Շորժայի ուղղություններով, մասնավորապես, Ջերմուկի ուղղությամբ կիրառելով նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր։

XS
SM
MD
LG