Մատչելիության հղումներ

Ուրսուլա ֆոն դեր Լայեն. «Էներգակիրների գնաճն այն գինն է, որը Պուտինը Եվրոպայից պահանջում է վճարել պատերազմին ընդդիմանալու համար»


Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, արխիվ, Բրյուսել:

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն ասել է, թե էներգակիրների գնաճն այն գինն է, որը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եվրոպացիներից պահանջում է վճարել Ուկրաինայում պատերազմին ընդդիմանալու համար:

«Մենք պետք է պաշտպանենք Եվրոպայի քաղաքացիներին Պուտինի հայտարարած էներգետիկ պատերազմից: Նա էներգետիկ շուկաներում ամեն կերպ դիմում է զեղծարարությունների: Հենց Պուտինի պատճառով են բարձրանում էլեկտրականության և գազի գները: Նա մեզ պարտադրում է Ուկրաինայի դեմ պատերազմին ընդդիմանալու համար: Բայց նա ձախողվել է մեզ պառակտելու հարցում և ինչ էլ անի՝ հաջողության չի հասնի»,- հայտարարել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը:

Նրա խոսքով, Եվրամիությունը դիմել է անհրաժեշտ քայլերի սրընթաց գնաճի կապակցությամբ:

Եվրոպան ոչ միայն արդեն հրաժարվել է ռուսական ածխից, այլև նախկինում ստացվող ռուսական նավթի ընդամենը 10-ը տոկոսն է գնում:

Ժամանակին Ռուսաստանը տրամադրել է Եվրոպայում սպառվող գազի 40 տոկոսն, իսկ այս 7 ամիսների ընթացքում դա իջեցվել է մինչև 7.5 տոկոս:

Եվրոպական հանձնաժողովի նախագահը հավաստիացրել է, որ Եվրոպան կապահովի էներգակիրների նոր հուսալի աղբյուրներ և կերաշխավորի էներգետիկ անկախությունը Ռուսաստանից:

XS
SM
MD
LG