Մատչելիության հղումներ

Անկարան Մոսկվային խնդրում է գազի դիմաց վճարումները հետաձգել մինչև 2024-ը. Bloomberg


«Թուրքական հոսք» գազատարի բացումը, 8-ը հունվարի, 2020թ.
«Թուրքական հոսք» գազատարի բացումը, 8-ը հունվարի, 2020թ.

Էներգիայի գների աճի և տնտեսությանը հասցված վնասի պատճառով պաշտոնական Անկարան Մոսկվային խնդրում է բնական գազի դիմաց վճարումների մի մասը հետաձգել մինչև 2024 թվականը, գրում է Bloomberg-ը՝ հղում անելով ռուս - թուրքական բանակցություններին մոտ կանգնած աղբյուրներին:

Գործակալության տվյալներով՝ թուրքական պետական BOTAS ընկերության և «Գազպրոմ»-ի միջև բանակցությունները դեռ չեն ավարտվել: «Գազպրոմ»-ին մոտ կանգնած աղբյուրը Bloomberg-ին ասել է, թե թուրքական կողմը հետաձգման պաշտոնական հայտ դեռ չի ներկայացրել՝ դա հնարավոր կլինի, երբ BOTAS-ը համապատասխան առաջարկ ստանա ռուսական ընկերությունից:

Գործակալությունը նաև նշում է, որ Թուրքիան մեծապես կախված է Ռուսաստանից, էժան էներգառեսուրսներից: Էներգետիկ ճգնաժամի պատճառով տարեսկզբից թուրքական լիրան դոլարի նկատմամբ արժեզրկվել է ավելի քան 28 տոկոսով: Միևնույն ժամանակ, Թուրքիայի առևտրային դեֆիցիտը այսօր կազմում է ռեկորդային 11,2 միլիարդ դոլար:

Էներգակիրների գների աճը շարունակվում է անցած տարվանից և հատկապես ակտիվացել է Ուկրաինայի դեմ ագրեսիայից և դրան ի պատասխան սահմանված հակառուսական պատժամիջոցներից հետո: «Գազպրոմ»-ի տվյալներով՝ պատժամիջոցների պատճառով Եվրամիությանը ռուսական գազի մատակարարումները 2022 թվականի սկզբից նվազել են 48 տոկոսով:

Ի տարբերություն ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրների՝ Թուրքիան Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներին չի միացել, հակառակը՝ ակտիվորեն շարունակում է Ռուսաստանի հետ առևտրատնտեսական կապերի խորացման քաղաքականությունը, իսկ պատերազմի մեկնարկից ի վեր էլ ստանձնել է միջնորդի դեր: Մարտին Ստամբուլում անցկացվել են ռուս - ուկրաինական բանակցություններ Էրդողանի միջնորդությամբ, իսկ հունիսին թուրքական կողմի միջնորդությամբ Ուկրաինան և Ռուսաստանը համաձայնագիր են ստորագրել ուկրաինական երեք նավահանգիստներից հացահատիկի արտահանման շուրջ:

XS
SM
MD
LG