Մատչելիության հղումներ

Չնայած Սիրիայի հարցում տարաձայնություններին, ռուս-թուրքական հարաբերությունները խորանում են՝ տարբեր ոլորտներում


Չնայած Ռուսաստանի և Արևմուտքի միջև աննախադեպ լարվածությանն ու Սիրիայի հարցում Մոսկվայի ու Անկարայի լուրջ տարաձայնություններին, ռուս-թուրքական հարաբերությունները վերջին շրջանում զարգանում ու խորանում են, ընդ որում, տարբեր ոլորտներում։

Այսօր Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումին մասնակցող Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը հայտարարել է, որ ռուսական «Ռոսատոմ» պետական կորպորացիայի կողմից կառուցվող «Աքքույու» ատոմակայանի առաջին էներգաբլոկը կգործարկվի արդեն հաջորդ տարի։

«Վերջին 20 տարիների ընթացքում Թուրքիայում էլեկտրաէներգիայի պահանջարկը եռապատկվել է, և մենք ակնկալում ենք, որ այն կշարունակի աճել առաջիկա 20 տարում: «Աքքույու» ատոմակայանի առաջին էներգաբլոկը կգործարկվի հաջորդ տարի», - ասել է Ալփարսլան Բայրաքթարը։

Չորս էներգաբլոկ ներառող «Աքքույու» ատոմակայանը «Ռոսատոմը» կառուցում է Թուրքիայի հարավում։ Կայանի կառուցման համաձայնագիրը ստորագրվել է 2010 թվականին։

Այսօր «Աքքույուի» շինհրապարակը աշխարհի խոշորագույն միջուկային շինարարական նախագծերից է։

Ռուս - թուրքական հարաբերությունները զարգանում են նաև տուրիզմի ոլորտում։ Երբ արևմտյան երկրները մեկը մյուսի հետևից Ուկրաինայի դեմ պատերազմի պատճառով փակեցին օդը ռուսական օդանավերի համար և արգելեցին արևմտյան ավիաընկերությունների թռիչքները Ռուսաստան, Թուրքիան հակառակը հայտարարեց, որ հատուկ ավիաընկերություն է ստեղծում ռուսաստանցի զբոսաշրջիկներին թուրքական ծովափեր տեղափոխելու համար։

Այսօր Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան էլ հայտարարեց, որ առաջիկա օրերի համար դեպի Թուրքիա շրջագայությունների մեծ մասը Ռուսաստանում սպառվել է, պահանջարկը զգալիորեն գերազանցում է առաջարկը։ Ռուսական տուրօպերատորները միաժամանակ հավաստիացնում են, որ Ռուսաստանից Թուրքիա թռիչքների թիվն ավելանում է։ Իսկ ահա ռուսական առցանց կինոթատրոնները մեծացրել են Թուրքիայում արտադրվող հեռուստասերիալների և շոուների գնումները։

2022 թվականի երկրորդ եռամսյակի արդյունքներով՝ ռուսական հարթակներում թուրքական կոնտենտի քանակը գրեթե կրկնապատկվել է։

Տարաձայնություններ՝ Սիրիայի հարցում

Բայց ակտիվ տնտեսական համագործակցությանը զուգահեռ Մոսկվայի և Անկարան վերջին շրջանում լուրջ տարաձայնություններ ունեն Սիրիայի հարցում։

Ռուսական կողմը հրապարակավ հորդորում է Անկարային զերծ մնալ Սիրիայում ռազմական օպերացիայից։ Այս հարցը Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան երեկ և այսօր քննարկել են Նուր-Սուլթանում։ Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը հայտարարել է, որ հնարավոր օպերացիայի շուրջ խորհրդակցությունները շարունակվում են։

«Երեկ բավականին ինտենսիվ շփումներ են եղել, մենք խոսել ենք գրեթե բոլոր պատվիրակությունների հետ՝ իրանական, թուրքական։ Հիմնական ուշադրությունը, իհարկե, կենտրոնացած էր Սիրիայում ռազմական գործողություն իրականացնելու Թուրքիայի մտադրության վրա», - ներկայացրել է ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչը։

Լավրենտևի խոսքով՝ ռուսական կողմը փորձում է համոզել Անկարային չդիմել բռնության և լուծել խնդիրը խաղաղ ճանապարհով։

Ավելի վաղ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն էր ասել, թե Թուրքիայի նոր գործողությունը չի նպաստի Սիրիայի կայունությանը և անվտանգությանը։ Մինչդեռ Թուրքիայի զինված ուժերը և թուրքական կողմի աջակցությունը վայելող Սիրիայի ազատ բանակի զինյալներն ավարտել են Սիրիայում նոր գործողության նախապատրաստական աշխատանքները։ Այս պահին բանակը սպասում է գործողություն սկսելու նախագահ Էրդողանի հրամանին։

Վերլուծաբանները վստահ են՝ Անկարան ու Մոսկվան այս փորձությունից էլ դուրս կգան

Վերլուծաբանները, սակայն, վստահ են, որ Անկարան ու Մոսկվան այս փորձությունից էլ դուրս կգան՝ չփչացնելով իրենց հարաբերությունները։ Քաղաքական մեկնաբանները տպավորիչ են համարում Էրդողանի այսօրվա բազմավեկտոր քաղաքականությունը՝ նկատելով, թե Թուրքիան այն եզակի երկրներից է, որ կարողանում է միաժամանակ զարգացնել իր հարաբերությունները թե՛ Արևմուտքի, թե՛ Ռուսաստանի հետ։

Հայտնի ռուսաստանցի քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը, մասնավորապես, գրում է․ - «Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն ամենից, ինչ տեղի է ունենում, աշխարհաքաղաքական դիվիդենտներ կորզելու կարողությունը տպավորիչ է։ Եվ ամենասուր միջազգային ճգնաժամի ֆոնին, որն ուղեկցվում է տասնամյակների ընթացքում աննախադեպ բևեռացումով և բոլորին տարբեր խրամատներ քշելու փորձերով, առավել ցայտուն է դառնում իր օգտին մանևրելու Անկարայի կարողությունը»։

Սակայն այլ փորձագետներն էլ կարծում են, որ Անկարայի այս «ագրեսիվ բազմավեկտորությունը» արդեն նյարդայնացնում է շատերին և կարող է թանկ նստել թե՛ հաջորդ տարի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած Էրդողանի և թե՛ Թուրքիայի վրա։

XS
SM
MD
LG