Մատչելիության հղումներ

Մենենդեսը Սենատում հերթական նախաձեռնություններով է հանդես եկել ընդդեմ Թուրքիայի և Ադրբեջանի


ԱՄՆ սենատոր Ռոբերտ Մենենդես, արխիվ

Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը, ով օրեր առաջ սենատոր Մարկո Ռուբիոյի հետ հանդես էր եկել Ադրբեջանին ամերիկյան ռազմական օժանդակությունից զրկող և պատժամիջոցներ նախատեսող բանաձևի նախագծով, սեպտեմբերի 30-ին հանդես է եկել ևս երկու նախաձեռնությամբ։

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի հաղորդագրության համաձայն՝ Մենենդեսի նոր նախաձեռնությունը ենթադրում է համապատասխան կարգավորումներ 2023 թվականի ֆիսկալ տարվա «Ազգային պաշտպանական արտոնությունների ակտում», որոնք ԱՄՆ նախագահին զրկում են «907-րդ բանաձևի» կիրարկումից հրաժարվելու հնարավորությունից և արգելափակում Թուրքիային F-16 կործանիչների ու դրանց արդիականացման համակարգերի վաճառքը։ Ազատության աջակցության ակտի «907-րդ բանաձևի» կիրարկումից նախագահական հրաժարման օրենսդրական հնարավորության վերացումը ուղղակիորեն կզրկի Ադրբեջանին ամերիկյան ռազմական օժանդակությունից, նշված է հաղորդագրությունում:

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը հայտարարել է. - «Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել սենատոր Մենենդեսին՝ Հայաստանին ու Արցախի համար իրական վտանգ ներկայացնող տարածաշրջանային երկու անխոհեմ ուժերին պատասխանատվության ենթարկելու իր ջանքերի համար։ Ներկայացված միջոցառումներն օրենսդրորեն կապահովեն, որ ԱՄՆ-ն այդ ուժերից որևէ մեկին չուղարկի զենք և ամերիկյան հարկերից գոյացած միջոցներ»։

2023 թվականի ֆիսկալ տարվա «Ազգային պաշտպանական արտոնությունների ակտի» քննարկումները Սենատում սկսվելու են հոկտեմբերի 11-ից։ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը մի շարք ուղղություններով շարունակում է աշխատանքները ներկայացված նախագծերի ընդունումն ապահովելու ուղղությամբ, ասված է ՀՅ Դաշնակցության Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակի հաղորդագրությունում:

1992 թվականին ընդունված ԱՄՆ Սենատի`«Ազատության աջակցության ակտի» թիվ 907 բանաձևը Վաշինգտոնին արգելում է օգնություն ցուցաբերել Ադրբեջանին, քանի դեռ ԱՄՆ նախագահը չի զեկուցել Կոնգրեսին, որ Ադրբեջանը հրաժարվել է ուժի կիրառումից Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի նկատմամբ։ Բանաձևը որոշակի փոփոխությունների է ենթարկվել 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո, երբ նախագահ Բուշը, վկայակոչելով ազգային շահերը, պահանջել էր Սենատից վերանայել այդ բանաձևը, որպեսզի Միացյալ Նահանգները կարողանա ռազմական համագործակցություն հաստատել Ադրբեջանի հետ հակաահաբեկչական պատերազմում: Այս տարիների ընթացքում հայկական կողմը դեմ է արտահայտվել բանաձևի այդ փոփոխությանը։

XS
SM
MD
LG