Մատչելիության հղումներ

Ղարաբաղի հարցի քննարկման հիմնական շահառուն պետք է լինի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը. Նիկոլ Փաշինյան


Ղարաբաղի հարցի քննարկման հիմնական շահառուն պետք է լինի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, Հանրային հեռուստաընկերության հետ հարցազրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք կարծում ենք, որ Հայաստանը և Ադրբեջանը կարող են փոխադարձաբար ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը, իսկ Ղարաբաղի քննարկման հիմնական շահառուն պետք է լինի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը՝ իր ընտրված ներկայացուցիչների միջոցով», - ընդգծեց վարչապետը:

Խոսելով խաղաղության պայմանագրի մասին, Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ կա այդպիսի գաղափար, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության պայմանագիրը պետք է առանձնացնել Ղարաբաղի հարցից»:

Ղարաբաղյան խնդրով զբաղվող միջնորդները՝ Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Եվրամիությունը, սեփական պատկերացումներն ունեն խնդրի կարգավորման վերաբերյալ, բայց նրանցից որևէ մեկը պատրաստ չէ ճանաչել Արցախի անկախությունը, կամ՝ միացումը Հայաստանին, ասաց վարչապետը։

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները երկու օրից կսկսեն խաղաղության պայմանագրի տեքստի քննարկումները

Վարչապետը հայտարարեց, որ երկու օրից Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները պաշտոնապես կսկսեն խաղաղության պայմանագրի տեքստի քննարկումները:

«Որը բանակցությունների և քննարկումների ընթացքում պետք է ինչ-որ տեսք ստանա, որը կարող է մեզ համար լինել ընդունելի, եթե մեզ համար լինի ընդունելի, կստորագրենք», - ասաց Հայաստանի կառավարության ղեկավարը:

Հարցին՝ Ադրբեջանը համաձա՞յն է առանձին-առանձին բանակցել Հայաստանի և Արցախի իշխանությունների հետ, վարչապետը պատասխանեց. «Բանակցային այդ կոնֆիդենցիալ հատվածներին չէի ուզենա անդրադառնալ, դա հընթացս կտեսնենք բոլորս»:

«Նոր սադրանքները բացառված չեն»

Սահմանին իրավիճակը լարված է և այդ լարվածությունը կայուն պահպանվում է, ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով՝ նոր սադրանքները բացառված չեն:

Թե ինչո՞վ է բացատրում սահմանային վերջին իրադարձությունները, վարչապետը պատասխանեց. «Ժամանակաշրջանի առումով կարծում եմ, որ միջազգային ամբողջ ուշադրությունը սևեռված է Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող դեպքերի վրա: Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրավիճակի բերումով երկրները նաև կենտրոնացած են առաջիկա ձմռան նախապատրաստության առումով այդ խնդիրների վրա, և գուցե էներգետիկ բաղադրիչի ավելացումն ունի որոշակի դերակատարում, որ Ադրբեջանի դիրքորոշումները դառնում են ավելի ագրեսիվ»

Հարցին՝ ինչո՞ւ մինչև այժմ չեն հրապարակվել վերջին դեպքերի ժամանակ զոհերի անունները, վարչապետը պատասխանեց, որ հաշվի առնելով նաև 44-օրյա պատերազմի փորձը, եկել են եզրակացության, որ ճիշտ է զոհվածների անունները հրապարակել ինստիտուցիոնալ նախատեսված մեխանիզմով հրապարակել:

«Դա զինծառայողների ապահովագրության հիմնադրամում արձանագրվող ցուցակն է, և անունները հրապարակվում են այնտեղ: Զինվորների անունների ցանկը չհրապարակելը չի նշանակում, որ գաղտնի է պահվում դա, որովհետև նույնականացված զոհերի ընտանիքները տեղեկացված են», - ասաց Փաշինյանը:

«Բանակցությունների մասին տեղյակ են բավականին լայն շրջանակի մարդիկ, այդ թվում ՝ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները»

Իսկ թե պատրա՞ստ է հանդիպել նախկին նախագահների հետ, ներկայացնել բանակցային նյուանսներ, և կա՞ կոնսոլիդացիայի անհրաժեշտություն, վարչապետն արձագանքեց. «Պետք է հասկանալ, թե ի նչ է նկատի առնվում, որովհետև եթե կա այդպիսի համատեքստ, թե իշխանությունն ի վիճակի չէ պատասխանատվություն վերցնել և պետք է նրան օգնել պատասխանատվություն վերցնել, ես կարող եմ ասել, որ կառավարությունը գիտակցում է և անձամբ ես երկրի ճակատագրի համար ունեցած պատասխանատվությունը, և այդ պատասխանատվությունը մենք պատրաստ ենք վերցնել, ու այդ պատասխանատվությունը մենք ստացել ենք մեր ժողովրդից»:

Վարչապետն ընդգծեց, որ բանակցությունների մասին տեղյակ են բավականին լայն շրջանակի մարդիկ, այդ թվում ՝ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները:

«Լեռնային Ղարաբաղի նախագահը որևէ բանակցությունում իմ արտասանած և լսած ոևէ նախադասությունից անտեղյակ չի: Ինչ վերաբերում է ընդդիմությանը և քաղաքական մյուս ուժերին, ես ճիշտ եմ համարում, որ պետք է տեղյակ պահեմ Լեռնային Ղարաբաղի նախագահին: Ես գիտեմ, որ նա էլ տեղյակ է պահում առնվազն Անվտանգության խորհրդին և, ըստ էության, նաև նախկին բարձրաստիճան պաշտոնյաների», - ասաց Փաշինյանը՝ շարունակելով, - «Ուզում եմ ընդգծել, որ ձեր նշած խորհրդակցության անդամների մի մասը այս բերումով տեղյակ է բանակցային գործընթացին, մյուս մասը տեղյակ լինելու հնարավորություն ունեցել է, որովհետև ես միշտ էլ պատրաստակամություն եմ հայտնել՝ մասնավորապես խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներին ներկայացնել բանակցությունները ամբողջությամբ»:

Նիկոլ Փաշինյանը հավելեց նաև, որ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, որոնք «համապատասխանաբար երկու խմբակցությունների լիդերներն են, նրանք հրաժարվել են այդ տեղեկատվությունը ստանալ»:

«Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած ուժը նույնպես հրաժարվել է ստանալ այդ տեղեկատվությունը, որովհետև ես այդ տեղեկատվությունը կիսում եմ նաև արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ, ու ժամանակին նաև հրավեր է եղել Հայ ազգային կոնգրեսին՝ մասնակցել այդ ֆորմատին, նրանք հրաժարվել են», - ասաց նա:

«ՀԱՊԿ-ը Հայաստանից դուրս կգա՞ արդյոք»

ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հնարավորության վերաբերյալ հարցը վարչապետը խորհուրդ տվեց վերաձևակերպել հակառակ ձևով՝ «ՀԱՊԿ-ը Հայաստանից դուրս կգա՞ արդյոք», և դա ամենևին էլ, ըստ նրա, բառախաղ չէ:

«Եկեք չմոռանանք, որ ես ՀԱՊԿ-ի նախագահողն եմ, և ՀԱՊԿ նախագահողը պետք է բացատրություն ունենա Հայաստանի վարչապետին, շատ բարդ իրավիճակ է», - ընդգծեց նա:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ ՀԱՊԿ-ից ակնկալվում է Հայաստանի սահմանին տեղի ունեցածի քաղաքական գնահատականը, ինչը չի տրվում:

Փաստարկին, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատում իրականացված չէ, վարչապետը հակադարձեց, որ սահմանազատված չեն ինչպես ՀԱՊԿ անդամ և այլ երկրների, այնպես էլ ՀԱՊԿ անդամ երկրների միջև սահմաններ, ինչը չի նշանակում, թե այդ երկրները կարող են հարձակվել իրար վրա:

Փաշինյանն ընդգծեց, որ անդամ երկրների սահմանները կասկածի տակ դնելը նշանակում է կասկածի տակ դնել հենց ՀԱՊԿ-ի գոյությունը, քանի որ այդ դեպքում հստակ չէ կազմակերպության պատասխանատվության գոտին:

«Ասել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահման չկա, նշանակում է ասել, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն չկա», - ընդգծեց կառավարության ղեկավարը:

XS
SM
MD
LG