Մատչելիության հղումներ

«Այստեղ ավելի երկար եմ մնում, ես իմ հանգստությունը այստեղ եմ գտնում». Խաչվերացը՝ Եռաբլուրում


Խաչվերացին հաջորդող օրը, այսօր մեռելոց է, բայց Եռաբլուրը մարդաշատ է ամեն օր ու օրվա բոլոր ժամերին:

Կամավոր Շուշի մեկնած ու այդտեղ զոհված Յուրիկ Սարգսյանի մայրը Եռաբլուր երեկ՝ Խաչվերացի տոնին էլ էր եկել, այսօր առավոտյան նույնպես, հետո կեսօրին էր եկել: Տանը դիմանալու չի, ասում է Կարինե Վարդանյանը. «Տանելու բան չի դա, ասելու բան չի»:

44-օրյա պատերազմի 3773 զոհերից 889-ը Եռաբլուրի բարձունքնում են թաղված, այստեղ օգոստոսի սկզբից կառուցապատման աշխատանքներ են սկսվել, տարածքը հարթեցվում է, բետոնապատման աշխատանքները 95 տոկոսով ավարտել են, ասում է պաշտպանության նախարարի խորհրդական Վարդան Ավետիսյանը:

«Կմնա արդեն բազալտապատման, սալիկների ձգումը և ծնողների ընտրած քարերի տեղափոխումը և քարերի տեղադրման աշխատանքները, որից հետո կկատարվեն բարեկարգման, կանաչապատման և լուսավորության խնդիրների ուծումը», - նշեց Ավետիսյանը:​

Նախարարությունը ծնողներին միատեսակ հուշաքարերի առաջարկ էր արել, ծնողները 4 տարբեր քարեր են ընտրել, շատերը նախընտրել են սպիտակ մարմարը:

«Իրանք էնքան մաքուր էրեխեք են 18, 20, մինչև 40 տարեկան: Ո՞նց կարելի է սև, մեծ հսկա տապանաքարերը բերել, էրեխեքի վրա դնել, ճիշտ տարբերակը դա էր, իրանց նման մաքուր»​, - ասաց Կարինե Վարդանյանը:

Ի սկզբանե Եռաբլուրի կառուցապատման աշխատանքները խնդիրներով սկսվեցին՝ ծնողները տարբեր հարցեր ունեին՝ գլխավորը՝ եթե զինվորից միայն մասունքն են հուղարկավորել ու հետո էլի մասունքներ են գտնվում, ինչպե՞ս են բետոնը, այդ ամենը քանդելու։ Պաշտպանության նախարարի խորհրդականի խոսքով՝ լուծում գտել են:

«Այդ գերեզմաններում պատուհան է թողած և այդ պատուհանով մենք այդ սուրբ մասունքները կիջեցնենք դագաղի վրա, նորից կփակենք», - նշեց Ավետիսյանը:​

Նստարաններ, ցայտաղբյուրներ. ամեն ծնող ուզում է, որ իր որդու շիրիմին մոտ լինի այդ ամենը: Գեներալ-մայոր Ավետիսյանի խոսքով՝ ծնողների հետ բանակցում են, քննարկում ու հիմնականում համաձայնության գալիս, մինչև տարեվերջ կավարտեն հուշաքարերի տեղադրումը, կանաչապատում, լուսավորությունն ու միանման նստարանների տեղադրումը: Քարերը ներկրվելու են Ուկրաինայից, Ռուսաստանից, Չինաստանից, մի տեսակն էլ հայկական Փամբակի քարն է:

Լևոն Իսրայելյանն էլ որդու շիրիմի համար ճերմակ մարմար է ընտրել, միայնակ ժամերով նստած էր՝ հուշաքարի կողքին. «Այստեղ ավելի երկար եմ մնում, ու ես իմ հանգստությունը այստեղ եմ գտնում»​:

Որդին՝ Մուշեղը, պատերազմի հենց առաջին օրն է կամավոր Արցախ մեկնել:

«Հայրենիքի փրկության կանչն էր, հավատքով գնացին, բայց էսօր դուրս եկավ, որ դավաճանված մնացինք մենք: Թուրքի ամենահզոր զենքն այսօր դավաճան հայն է», - ասաց Լևոն Իսրայելյանը:​

Մուշեղ Իսրայելյանը զոհվել է Շուշիում, վիրավորվել է նոյեմբերի 7-ին, մնացել ձորում, հետո երբ օրեր անց ադրբեջանցիները իրենց հսկողության տակ անցած տարածք են մտել՝ կրակել են գլխին: Հայրն ասում է՝ գիտեր, որ վիրավոր ձորում է, բայց մոտենալ չթողեցին, հնարավոր չէր:

Պատերազմի մեկ տարին է լրանում՝ Եռաբլուրում արդեն արցունքներից էլ շատ՝ հարցեր են:

Ժամկետային Դավիթ Դավթյանը զենք բռնել էլ չգիտեր, երբ տարան Ջաբրայիլ՝ կրակի տակ, մարմինը գտել են 4 ամիս անց: Տատիկը նրա շիրիմին անընդհատ քաղցրեղեն է բերում և դառը հարցեր տալիս. «Ո՞վ ա տեսել 2 ամսվա ծառայողին տանեն Ջաբրայիլ Վայքի զորամասից, ո՞ւր էին գեներալները, ո՞ւր էր կառավարությունը: Ես անգրագետ տեղով հասկանում եմ, որ երկու ամսվա գնացածին պահեիք, սովորացնեիք, էլի տանեիք»:​

«Հոկտեմբերի 22-ից հետո դժվար է ասել, թե ապրում եմ, ուղղակի օդն եմ շնչում», - ասում է կամավոր Արցախ մեկնած Արտյոմ Քոլանջյանի մայրը: Արփինեն որդու նմանությամբ տիկնիկ է բերել, շապիկին որդու նկարն է, պարանոցին որդու պատկերով կախազարդ, երկու ձեռքերին էլ դաջել է որդու պատկերն ու սիրտ:

«Ինչ էլ անես, ոչ մի բանից չես կարա հանգստանաս, ուղղակի վաղը մյուս օրը, որ մեռնեմ, կիմանամ՝ երեխաս իմ հետ ա լինելու», - ասաց ​Արփինե Շահբազյանը:

Կներես՝ դաջել է սրտի վրա. «Որ չկարողացա իմ երեխային հետ պահեմ, փրկեմ այս ամեն ինչից, չկարողացա էդ հարվածն իմ վրա վերցնեմ, չկարողացա իմ սիրտը տամ իմ երեխային»:​

Կան ծնողներ, որ ԴՆԹ փորձաքննությամբ ճանաչված մասունքը հուղարկավորել են, բայց շարունակում են կասկածել, խունկը վառում են ու միևնույն ժամանակ սպասում:

Եռաբլուրում դեռ շատ փոսեր կան փորված՝ գենետիկ փորձաքննությամբ ճանաչված 111 մարմիններ կան, որ դեռ պետք է հուղարկավորվեն: Եռաբլուրի մայրերը ամենաշատն ուզում են, որ այս ամենը վերջանա. «Թող ես լինեմ վերջին վշտակիր մայրը, թող ոչ մի մայր չսևավորվի»:​

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG