Մատչելիության հղումներ

Զոհվածների ծնողները չեն կարողանում հասկանալ, թե ինչի համար զոհվեցին իրենց զավակները


Վահե Եղիկյանի ծննդյան տարեդարձն արդեն երկրորդ անգամ Եռաբլուրում են նշում, հիշում, դիմավորում...ծնողները չեն գտնում ճիշտ բառը։ Ջաբրաիլում նահատակված զինվորն այսօր 21 տարեկան կդառնար։

Վահեի հայրը` Արթուր Եղիկյանը վստահ է, որ այստեղ գտնվող տղաները գիտեն ինչի համար են ընկել. - «Եթե պետության առաջին դեմքերն ասում են Շուշին դժգույն քաղաք էր, հենց ընենց զոհեր տվեինք... չգիտեմ էլ ինչ հիմարություններ են դուս տալիս, իմ տղեն ծառայության ժամանակ՝ էդ տարի երեք ամսվա ընթացքում ասում էր՝ սա մեր տունն ա։ Տասնինը տարեկան տղերքը եթե ասում էին մեր տունն ա, ու հետո երկրի առաջին դեմքերն ասում են անպետք հողեր էին, պըտի տայինք, այ այդտեղ է, որ ծնողը տրաքում ա մեջը, չի հասկանում, ըմբոստանում ա, պայթում ա»։

Կառավարություինց, իշխանությունից այլևս ոչինչ չի սպասում Վահեի հայրը։ Ասում է՝ իրենք իրենց որդիներին են տվել, ո՞ւր են հիմա պաշտոնյաները, ինչո՞ւ են թաքնվում իրենցից. - «Միշտ մայիսի 9-ին պետական պաշտոնյաներից բռնած, ռազմականից, ՊՆ-ից, սաղ լիքն էին Եռաբլուրում։ Ո՞ւր ա, մա՞րդ եք տենում... Չկան։ Եթե գան էլ, պիտի թաքուն, գողտրիկ էն ժամերին գան, որ իրանց մարդ չտենա։ Ինչքան հաղթանակներ ունենք, սաղ սևացրին։ Չգիտեմ ինչ կլինի էս երկրում... Մի հատ նորմալ ղեկավարության, կառավարություն ունենայինք, որ մեր հայրենիքը կարանանք շենացնենք, ուժեղ պահենք։ Ինչքան մեր հայրենիքը հզորանա, ուժեղանա, էնքան էս տղերքի հիշատակը վատ կպահենք»։

39-ամյա Էրիկ Եգանյանը խաղաղապահ էր։ Մայրը՝ Սաթենիկ Դավթյանը պատմեց, որ Կոսովո, Աֆղանսատան, Սիրիա անցած տղան հայրենիքում՝ Հադրութում ընկավ. - «Գեներալին փրկեց... գեներալին հրել, գցել ա ձորը, ինքը ընկել գյուլլի դեմը...»

Հերոսական պատմություններն այստեղ ամեն շիրիմի մոտ են։ Հարազատներն այսօր դրանցով են ապրում։

«Իր հետ խոսալու ժամանակ պատերազմի ընթացքում չէինք մտածի, որ ինքը էդ ամեն ինչի մեջ ա, որովհետև ինքն էր էնտեղից մեզ հանգստացնում՝ ամեն ինչ լավ ա», - ասում է Արտյոմ Բաբայանի քույրը։

Բաբայանը բժիշկ էր։ Քույրը՝ Արևիկն ասում է՝ 2020 թվականից ժամանակն առաջ չի գնում. - «Էսքանից հետո էլ էդ բառը չեմ կարող ասել՝ լավատես, բայց ամեն դեպքում հույս ունենք, որ մի օր էս տղաների թափած արյունը իր ճիշտ գնահատականը կունենա»։

27-ամյա կամավոր Գուրգեն Եսայանն ապագայի հետ մեծ հույսեր էր կապում։ Մորաքույրը՝ Գայանե Սիմոնյանը պատմեց, որ հոկտեմբերի 21-ին պիտի ամոսւնանար, նոյեմբերի 13-ին ստացան տղայի մահվան լուրը. - «Հարսնացուն եկել էր Ամերիկայից, նշանադրվել էին...»

Հիմա պետք է լրիվ ուրիշ տեղ լինեիք, լրիվ ուրիշ բան նշեինք,- պատմում էր տիկին Գայանեն։ Հաղթանակի օրը ընտանիքը անցակցնում էր հաղթանակի զբոսայուցհում, արդեն 2 տարի է Գուրգենի հարազատների հասցեն Եռաբլուրն է. - «Բոլորիս ուղղությունը փոխվեց, երկրորդ տուն... երկրորդ չէ, առաջին տունն ա սա դարձել։ Մի քիչ խելքի գանք գոնե, էս երկիր փրկենք, փրկենք գոնե էն, ինչ ունենք»։

Սառը քարից ժպտացող տղան ժամկետային զինծառայող Հայկ Աննիկյան է։

«Մինչև գնալը ասում էր՝ տատի ջան, որ ինձ Մարտունի տանեն, էլ հետ չեմ գա։ Սիրտը վկայում էր էրեխիս», - պատմում է տիկին Ջուլիետան, անզորությունից բառեր չէր գտնում, երբ ինքն ինքն իրեն հարց էր տալիս՝ ինչպես կարող էին պատերազմի ավարտից գրեթե երկու տարի անց էլ մեղավորներն անպատիժ մնալ. - «Սրանց բրթեցին առաջ, իրանք փախան»։

Ասում է՝ այլևս ոչ ոքի էլ չի էլ հավատում. ո'չ իշխանավորներին, ո'չ ընդդիմադիրներին։ Քաղաքականությունից չի ուզում խոսել, բայց սիրտն անհանգիստ է. - «Էլի մեր էրեխեքը պըտի գնան կոտորվեն։ Դրա դեմը առնել ա պետք, տենց չի կարելի»։

Շիրիմից շիրիմ տարբեր նկարներ ու տարբեր ընդհատված տարեթվեր են, բայց բոլորի մոտ նույն մտահոգությունն է՝ երկիրը, նոր սերունդը այլևս այսպիսի դաժան ճանապարհով չանցնի։

Զոհվածների ծնողները չեն կարողանում հասկանալ, թե ինչի համար զոհվեցին իրենց զավակները
please wait

No media source currently available

0:00 0:05:38 0:00

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG