Մատչելիության հղումներ

Վրաստանը ցավում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև տեղի ունեցած «վտանգավոր էսկալացիայի» համար


Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլի

«Վրացական կողմը ցավում է հարևան Հայաստանի ու Ադրբեջանի միջև տեղի ունեցած վտանգավոր էսկալացիայի համար», - Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններին։

«Խաղաղ Կովկասը ճանապարհ է դեպի ավելի ուժեղ, զարգացած և անկախ տարածաշրջան, որը օգուտ կբերի մեր բնակչության ապագային», - գրել է Զուրաբիշվիլին։

Հայ -ադրբեջանական սահմանին ինտենսիվ ռազմական գործողությունները սկսվել են սեպտեմբերի 13-ի կեսգիշերին: Հայաստանի ռազմական գերատեսչությունը կեսգիշերն անց հայտարարեց, որ Ադրբեջանի զինուժը Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ։ Մինչ այժմ հայկական կողմը հաղորդել է իր առնվազն 105, ադրբեջանական կողմը՝ 71 զոհվածների մասին, կան նաև վիրավորներ, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիական բնակչության շրջանում:

Պաշտոնական Բաքուն պնդում է, թե ուժի է դիմել «սադրանքների» պատճառով, որոնցով Երևանն իբր փորձում է տապալել երկու երկրների միջև խաղաղության գործընթացը: Հայկական կողմը կտրականապես հերքում է այդ մեղադրանքը:

Երեկ երեկոյան Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ ժամը 20-ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ հայտարարեց, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն՝ այլ մանրամասներ չհայտնելով:

XS
SM
MD
LG