Մատչելիության հղումներ

ՀՀ-ն իրեն հասու բոլոր միջոցներով պաշտպանելու է իր անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը․ ՀՀ ԱԽ հայտարարություն


Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, ընդունվել է հայտարարություն։

Ադրբեջանի կողմից վարվող ագրեսիվ քաղաքականությունը տարածաշրջանում խաղաղություն հաստատելու, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման, ԼՂ հիմնախնդրի համապարփակ կարգավորմանն ուղղված ջանքերը վիժեցնելու և Հայաստանի Հանրապետությանն ուժային լուծումներ պարտադրելու նպատակ ունեն, մասնավորապես ասված է հայտարարությունում։

Հայաստանի Հանրապետությունը որդեգրած լինելով խաղաղություն հաստատելու, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման օրակարգ՝ անընդունելի է համարում Ադրբեջանի կողմից վարվող սպառնալիքի և հարկադրանքի քաղաքականությունը, նշում է Անվտանգության խորհուրդը՝ հայտարարելով՝ Հայաստանի Հանրապետությունն իրեն հասու բոլոր միջոցներով պաշտպանելու է իր անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը:

Ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան ՀՀ օկուպացված տարածքներից:

ԱԽ-ն կոչ է անում միջազգային հանրությանը՝ Ադրբեջանի վրա շարունակաբար ճնշումներ գործադրել՝ ՀՀ ինքնիշխան տարածքների օկուպացիային վերջ դնելու և զորքերը ետ քաշելու ուղղությամբ և ողջունում է բոլոր այն երկրներին և կազմակերպություններին, որոնք հանդես են եկել հստակ դիրքորոշմամբ, միևնույն ժամանակ վերահաստատելով միջազգային հանրության պատասխանատու անդամի պարտավորությանը հավատարիմ մնալու Հայաստանի Հանրապետության հանձնառությունը:

ԱԽ-ն նաև արձանագրում է՝ 2022 թվականի սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող։

Ըստ հայտարարության, առկա են ապացույցներ հայաստանցի գերեվարված կամ զոհված զինծառայողներին ադրբեջանցիների կողմից խոշտանգումների ենթարկելու, անդամահատելու, այդպիսով ապօրինի կերպով կյանքից զրկելու դեպքերի վերաբերյալ:

«Ադրբեջանի զինված ուժերի կողմից թիրախավորվել են 36 բնակավայրեր, այդ թվում՝ Գորիս, Սիսիան, Կապան, Ջերմուկ, Վարդենիս, Տեղ, Գեղամասար համայնքները, ինչի հետևանքով մասնակի կամ ամբողջական ավերվել են 192 տուն, 3 հյուրանոց, 2 դպրոց, 1 բժշկական հաստատություն, 1 հանդիսությունների սրահ, 4 անասնագոմ: Վնասվել է 7 էլեկտրական ենթակառուցվածք, 5 ջրային ենթակառուցվածք, 3 գազամուղ, 1 կամուրջ, 2 ավտոճանապարհ, 1 փողոց: Թիրախավորվել են 2 շտապօգնության մեքենա, 4 անձնական օգտագործման ավտոմեքենա:

Ադրբեջանի զինված ուժերը մի քանի ուղղություններով մխրճվել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք: Հայաստանի Զինված ուժերի համառ և հերոսական դիմադրության և միջազգային հանրության ներգրավման շնորհիվ Ադրբեջանի հարձակումը կասեցվել է, սակայն ռազմաքաղաքական իրադրությունը շարունակում է մնալ լարված», - ասված է հայտարարությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG