Մատչելիության հղումներ

Հայաստանը մնացել է միայնակ բռնապետությունների դեմ և Արևմուտքի լիակատար աջակցության կարիքն ունի․ Բրայան Մեյ


Queen խմբի լեգենդար կիթառահար, աստղաֆիզիկոս Բրայան Մեյը Հայաստանի վերաբերյալ գրառում է կատարել Ինստագրամում՝ ուշադրություն հրավիրելով Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակմանը:

«Ես խախտում եմ լռությունն այստեղ, քանի որ, կարծես մի նոր ողբերգություն է ծավալվում, ու կա վտանգ, որ, ինչպես միշտ այդ օրերին, մեդիան այդ մասին ճշմարիտ կերպով չի հաղորդի», - գրել է նա՝ ընդգծելով․ - «Հայաստանը փոքր երկիր է, որը չունի նավթի կամ գազի պաշարներ, քրիստոնեության և ժողովրդավարության կղզյակ է՝ շրջապատված բռնապետական երկրներով»:

Մեյն ասել է, որ Հայաստանը մնացել է միայնակ բռնապետությունների դեմ և Արևմուտքի լիակատար աջակցության կարիքն ունի։

Մեյը կիսվել է նաև Հայաստանի դեմ Ադրբեջանի հարձակման մասին System Of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանի գրառմամբ։

«Աշխարհը պետք է իմանա, թե ինչ է կատարվում․ խնդրում եմ տարածեք սա՝ հակադրվելով կեղծ ինֆորմացիային, որը ակտիվորեն տարածում են Ադրբեջանն ու նրա դաշնակիցները՝ փորձելով Հայաստանին ներկայացնել որպես ագրեսոր՝ ճիշտ այնպես, ինչպես Ռուսաստանը փորձեց անմեղ ուկարինացիներին ներակայացնել ագրեսոր։ Աշխարհում, որտեղ գերիշխում է սուտը, մենք բոլորս պետք է սատար կանգնենք ճշամտրությանն ու արդարությանը», - գրել է Մեյը:

Սեպտեմբերի սկզբին Բրայան Մեյը Երևանում էր․ STARMUS-ը Երևան էր բերել աշխարհահռչակ գիտնականների, երաժիշտների, տիեզերագնացների։

Հայ-ադրբեջանական սահմանին ինտենսիվ ռազմական գործողությունները սկսվել են սեպտեմբերի 13-ի կեսգիշերին:

Մինչ այժմ հայկական կողմը հաղորդել է իր հաստատված 135, Ադրբեջանը՝ 79 զոհվածների մասին:

Սեպտեմբերի 14-ի երեկոյան Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարեց, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն՝ այլ մանրամասներ չհայտնելով: Հրադադարը պահպանվում է:

XS
SM
MD
LG