Մատչելիության հղումներ

«Լավ երաժշտությունը երբեք պատերազմի օգտին չի եղել, և ես այդ ճանապարհից երբեք չեմ շեղվել». Մակարևիչ


«Տհաճ է, տհաճ է, ի՞նչ լավ բան կա դրա մեջ», - Машина времени ռոք-խմբի հիմնադիր, կոմպոզիտոր, մարդու իրավունքների ջատագով Անդրեյ Մակարևիչը, որ արդեն երկար տարիներ ապրում է Իսրայելում և մի քանի օր առաջ հայտնվեց Ռուսաստանի «օտարերկրյա գործակալների» սև ցուցակում, «Ազատության» հետ զրույցում այսպես արձագանքեց ռուսական իշխանությունների հերթական ճնշումներին։

Հետո հումորով ավելացրեց. «Այնքան շնորհավորանք եմ ստացել, որ անգամ հոբելյանիս կապակցությամբ չեմ ստացել։ Բայց դե տհաճ է»:

Ի՞նչ են ուզում ձեզնից Ռուսաստանում, «Ազատության» հարցին պատասխանելիս ուսերը թոթվեց, լռեց, հետո հոգոց հանեց՝ մոտ ապագայում Ռուսաստան չի գնա։

«Ցավալի է, որ չեն թողնում մեզ այնտեղ նվագե՞լ, իհարկե, ցավալի է։ Դա հիմարություն է, բացարձակ հիմարություն, բայց այսօր իրավիճակն այդպիսին է, որ եթե երկրի քաղաքացին արտահայտում է իր անհամաձայնությունն այն ամենին, ինչ կատարվում է, նրան անվանում են հանցագործ, դրա համար նրան բանտարկում են։ Ինչպե՞ս կարելի է այդպես գոյատևել։ Իսկ ինձ թվում է, որ եթե ինչ-որ բանի հետ համաձայն չես և այդ մասին ասում ես, դա ամենանորմալ բանն է, որ կարող է տեղի ունենալ աշխարհում, դա առաջ շարժվելու միակ միջոցն է», - ասում է նա։

Արտիստի համերգն էլ, որ սեպտեմբերի սկզբին պետք է կայանար Թբիլիսիում, նույնպես չեղարկվել է։

Մակարևիչը բազմիցս է իր դժգոհությունն արտահայտել Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականության վերաբերյալ, դատապարտել Ուկրաինայի դեմ պատերազմը. «Պոետը, որպես կանոն, դժբախտ մարդ է, որի շուրթերից շատ հաճախ այլ գիտակցություն է խոսում, այլ հրեշտակներ, խոսում է երկինքը։ Իրական պոետը միշտ չէ, որ ընտրում է ինչ գրել։ Արի, մի բանաստեղծություն գրեմ պատերազմի դեմ, զիբիլ դուրս կգա, կդառնա «Գազետա պրավդա»։ Դա մի բան է, որ գիտակցությամբ չի կանոնակարգվում, ես այդպես եմ կարծում։ Այդ իսկ պատճառով պոետից սպասել, որ կդառնա առաջնորդ, որ ժողովրդին տանի բարիկադներից այս կողմ կամ այն կողմ, որպես կանոն, այդքան էլ լավ պոետ չէ։ Լավ պոետը կզբաղվի պոեզիայով»։

«Բայց դուք արտիստ եք, հայտնի մարդ, Ձեր խոսքը լսում են», «Ազատության» այս դիտարկմանը Մակարևիչը հոգոց հանեց ու արձագանքեց. «Ես փորձում եմ իմ գործն անել ու լավ անել ու կարող եմ հստակ ասել, որ սկսել եմ իմ գործով զբաղվել ոսկե դարաշրջանում:

Rock and Rоll և Beautiful People, և այս երաժշտությունը երբեք պատերազմի օգտին չի եղել, այն միշտ հանուն խաղաղություն է եղել, և ես այդ ճանապարհից երբեք չեմ շեղվել»։

Հենց իր երգի բառերը` «7 ճանապարհների խաչմերուկն է, ահա և ես», հիշեցմանը և հարցին` ո՞ւր է այդ եսը, Մակարևիչը ժպտալով արձագանքեց. «Պետք չէ իմ երգերի տողերի տակ ապաշխարանք տեսնել, ես իմ ճանապարհը գիտեմ»։

«Ազատություն». - Բայց Ձեզ թերևս հենց այդ պատճառով Ռուսաստանը սև ցուցակ գցեց, «օտարերկրյա գործակալ» անվանեց:

Մակարևիչ. - (ժպտում է) Առաջին անգամը չէ:

«Ազատություն». - Այդ դեպքում ինչպե՞ս եք այդ ցանկից դուրս գալու։

Մակարևիչ. - Այնպես, ինչպես անցած անգամ։

Մակարևիչը Ստարմուս փառատոնի շրջանակում է Երևանում, համերգային ծրարգով է հանդես եկել, ասում է` հետևել է գիտնակաների ելույթներին, ապշած է լեփ-լեցուն դահլիճներից։

«Այսօր տիեզերական հարցերի մասին են խոսում, գիտնականները փորձում են առեղծվածներ բացահայտել, մինչդեռ աշխարհում ամենապարզ խաղաղությունը չկա։ Ինչպե՞ս կարող է գիտությունը գոնե դրան նպաստել», ասաց՝ զարգացումը կենդանի երևույթ է, և ամեն դեպքում միայն հասարակությունից է կախված՝ արագ, թե դանդաղ տեղի կունենա։

Գիտնականներին խորհուրդ է տալիս միայն` հնարավորինս չաշխատել պատերազմի օգտին. «Բայց որպես կանոն նրանց չեն էլ հարցնում։ Մենք օրինակ ունենք` ակադեմիկոս Սախարովը։ Կյանքի առաջին կեսում նա լավ էլ գիտեր՝ ինչով է զբաղվում, հետո ուժ գտավ իր մեջ, 180 աստիճան թեքվեց ու քիչ բան չարեց»։

«Տիեզերական հիմարությունը բավականին շատ է աշխարհում, բայց գոնե չպետք է այսպիսի չափերի հասնի»,- ասում է հայտնի ռոք երաժիշտը՝ ընդգծելով. «Խաղաղությունն այն է, երբ մարդիկ ճիգ են գործադրում, որ բոլորի կյանքը բարդացնող խնդիրները լուծեն»։

Կա՞ արդյոք այս արհավիրքի դեմ լուծում, Մակարևիչը ելք չի տեսնում, ասում է. «Ես սպասում եմ, թե երբ այս ամենը կավարտվի, ցավոք ես այս ամենի վրա հենց այնպես, մի ձեռքի շարժումով ազդեցություն չեմ կարող ունենալ»:

68-ամյա երաժիշտը Երևանից Իսրայել է մեկնելու, որտեղ էլ բնակվում է, աշնանը արդեն հյուրախաղեր են նախատեսված Ալմաթայում, Բիշքեկում, մնացածը՝ արդեն հաջորդ տարի՝ վիզային քաոսի պատճառով։ Ասում է` հրավեր շատ կա, բայց դե թիմի՝ Машина времени-ի հետ է ուզում գնալ:

Հին ռոքերը նոր երաժշտությունից գլուխ չի հանում։ Նկատում է՝ այս ընթացքում չափից դուրս շատ լավ երաժշտություն է ստեղծվել, բարեբախտաբար մարդիկ վատ հիշողություն ունեն, հիմա փորձում է 30-40-50-ականների երգերը:

«Հրաշք է,... դեռ երկար ակրելի է փորփրել»։

Հայաստանում իրեն միշտ լավ է զգում արտիստը, Երևանի երեկոները Փարիզն են հիշեցնում` սիրուն, ջահել մարդիկ, հրաշալի մթնոլորտ: Ասում է՝ մի խնդիր կա՝ չի կարելի այդքան ուտել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG