Մատչելիության հղումներ

Զորքերը պետք է վերադառնան ելման դիրքեր, պնդում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում


ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ, արխիվ

Ադրբեջանը նոր հարձակում է պատրաստում Հայաստանի դեմ, այդ թվում` Նախիջևանի կողմից, երեկ ՄԱԿ֊ի Անվտանգության խորհրդում հայտարարեց Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը, ընդգծելով` եթե միջազգային համայնքը հասցեական չդատապարտի ու պատասխանատվության չկանչի Բաքվին, ագրեսիան կարող է ընդարձակվել:

Հայաստանի դեսպան Մհեր Մարգարյանը ելույթ է ունենում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, Նյու Յորք, 15-ը սեպտեմբերի, 2022թ.
Հայաստանի դեսպան Մհեր Մարգարյանը ելույթ է ունենում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, Նյու Յորք, 15-ը սեպտեմբերի, 2022թ.

«Մինչ մենք քննարկում ենք հարցը, հավաստի տեղեկություններ են ստացվում, որ Ադրբեջանը ևս մեկ ռազմական հարձակում է ծրագրում` ընդլայնելով ագրեսիայի աշխարհագրությունը, այդ թվում՝ Նախիջևանի կողմից, որպեսզի փորձի իրագործել Հայաստանի ինքնիշխան տարածքով արտատարածքային միջանցք ստեղծելու իր անօրինական նկրտումները», - ասաց Մարգարյանը:

Պաշտոնական Երևանի խնդրանքով հրավիրված արտահերթ նիստում Հայաստանի դեսպանը նաև նոր թվեր հրապարակեց, մասնավորապես ասաց, որ հաստատված 105 զոհերից բացի հայկական կողմում կան նաև տասնյակ վիրավորներ ու անհետ կորածներ, առնվազն 7 ռազմագերի է նույնականացվել, և չի բացառվում, որ այս թիվը կարող է ավելի մեծ լինել: Մոտ 200 տուն զգալի վնասներ է կրել, 60֊ը` լիովին ավերվել: «Ջերմուկի ռմբակոծումը, որտեղ ռազմական ոչ մի թիրախ չկա, պատերազմական հանցագործություն է», - պնդեց դեսպանը, հավելելով` Ադրբեջանը թիրախավորել է նաև Կեչուտի ջրամբարը` ստեղծելով բնապահպանական ու հումանիտար ահռելի վտանգներ:

«Մեղավորը անուն ունի` Ադրբեջան, որը լիովին արհամարհում է միջազգային իրավունքի ցանկացած նորմ ու սկզբունք` ի ցույց դնելով պատերազմ հրահրելու և տարածաշրջանը ապակայունացնելու իր մտադրությունը», - ասաց Մհեր Մարգարյանը:

Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներից չորսը` բացառությամբ Չինաստանի, հայտարարեցին, որ հայկական և ադրբեջանական զորքերը պետք է վերադառնան նախկինում զբաղեցրած դիրքեր:

ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի տեղակալ Ռիչարդ Միլսը Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում, արխիվ
ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի տեղակալ Ռիչարդ Միլսը Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում, արխիվ

Միացյալ Նահանգների դեսպանը հատուկ ընդգծեց, որ Վաշինգտոնն անհանգստացած է Հայաստանի բնակավայրերի և ենթակառուցվածքների գնդակոծմամբ:

«Մենք, մասնավորապես, մտահոգված ենք, որ Հայաստանի տարածքում խաղաղ բնակիչներ են տուժել: Կոչ ենք անում Հայաստանի ու Ադրբեջանի կառավարություններին վերականգնել ուղիղ հաղորդակցությունը` ռազմական ու դիվանագիտական խողովակներով, և հանձնառու մնալ դիվանագիտական գործընթացին», - ասաց Ռիչարդ Միլսը:

ՄԱԿ-ում Ֆրանսիայի դեսպան Նիկոլա դը Ռիվյերը նախագահում է Անվտանգության խորհրդի նիստը, Նյու Յորք, 15-ը սեպտեմբերի, 2022թ.
ՄԱԿ-ում Ֆրանսիայի դեսպան Նիկոլա դը Ռիվյերը նախագահում է Անվտանգության խորհրդի նիստը, Նյու Յորք, 15-ը սեպտեմբերի, 2022թ.

Ֆրանսիայի դեսպանը է՛լ ավելի հեռուն գնաց` զորքերը հետ քաշելու կոչը հասցեագրելով ուղիղ Ադրբեջանին: Նիստը նախագահող դիվանագետը նույնպես ընդգծեց, որ վերջին օրերին Հայաստանի մի շարք բնակավայրեր ու ենթակառուցվածքներ են գնդակոծվել, հավելելով` նախագահ Մակրոնը Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հետ զրույցներում երեք հիմնական ուղերձ է փոխանցել.

«Նախ, ծայրաստիճան կարևորում ենք 2020 թվականի նոյեմբերի 9֊ի հրադադարի պահպանումը, երկրորդ` կոչ ենք անում Ադրբեջանին քայլեր ձեռնարկել, որպեսզի սեփական զինված ուժերը գտնվեն նախնական դիրքերում: Հայ ֊ ադրբեջանական սահմանի դեմարկացիան պետք է ընթանա բացառապես խաղաղ և բանակցությունների միջոցով: Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի: Երրորդ` կողմերը պետք է ակտիվացնեն երկխոսությունը` դեռևս չկարգավորված բոլոր հարցերը լուծելու համար: Մենք կոչ ենք անում քայլ անել առաջ` դեմարկացիայի և նոր բռնությունները կանխելու հարցում, օրինակ` զորքերը տարանջատելով», ֊ ասաց Նիկոլա դը Ռիվյերը:

Ռուսաստանի դեսպանը տեղեկացրեց` Սամարղանդում այսօր նախատեսված Պուտին֊Ալիև հանդիպման առանցքում հենց այս հարցն է լինելու:

«Մոսկվան սերտ շփումների մեջ է կողմերի հետ, էական քայլեր են ձեռնարկվում Պաշտպանության նախարարության և Սահմանապահ դաշնային ծառայության միջոցով` կրակի դադարեցման, ադրբեջանական ու հայկական զորքերը ելման դիրքեր վերադարձնելու ուղղությամբ», - հայտարարեց դիվանագետը:

ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Վասիլի Նեբենզյան ելույթ է ունենում Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ, արխիվ
ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Վասիլի Նեբենզյան ելույթ է ունենում Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ, արխիվ

Վասիլի Նեբենզյան խոսեց սահմանի դեմարկացիայի անհրաժեշտությունից, կրկին նշեց, որ Մոսկվան պատրաստ է այս հարցում խորհրդատվական, տեխնիկական և այլ անհրաժեշտ աջակցություն տրամադրել, ինչպես նաև օգնել կողմերին խաղաղության պայմանագիր կնքելու հարցում:

«Կայուն արդյունքի հասնելու համար կպահանջվի ժամանակ և էական ջանքեր Բաքվի ու Երևանի կողմից, ինչպես նաև համախմբվածություն միջազգային համայնքում: Աշխարհքաղաքական մրցակցությունը և որևէ արդյունքի չհանգեցնող խաղերը կարող են միայն վնասել գործընթացը», - ասաց նա:

Անվտանգության խորհրդի մշտական անդամ Մեծ Բրիտանիան ևս ընդգծեց, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի, և զորքերը պետք է վերադառնան նախկինում զբաղեցրած դիրքեր:

Չինաստանը զորքերի հետքաշման մասին չխոսեց, բայց պնդեց, թե այս լարվածությունը կապված է ղարաբաղյան խնդրի հետ, որի գոյությունը, փաստացի, Բաքուն մինչ օրս չի ընդունում:

«Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումն անհնար է տարանջատել ղարաբաղյան խնդրի կարգավորումից: Տեղյակ ենք խնդրի պատմական զարգացմանը, և մեր դիրքորոշումն անփոփոխ է` մենք տարաձայնությունների կարգավորումը տեսնում ենք միայն քաղաքական երկխոսության միջոցով», - հայտարարեց Չինաստանի ներկայացուցիչը:

Անվտանգության խորհրդի մյուս` ոչ մշտական անդամները ևս զսպվածության կոչեր հնչեցրին: Հնդկաստանի դեսպանը հորդորեց «ագրեսոր կողմին» անհապաղ դադարեցնել բախումները, սակայն խուսափեց ագրեսորի անունը բարձրաձայնել: Նորվեգիայի դեսպանը վերստին ընդգծեց, որ Օսլոն ճանաչում է Հայաստանն ու Ադրբեջանը նրանց միջազգայնորեն ճանաչված սահմաններով, Իռլանդիան ընդգծեց` «ինքնիշխան երկրի տարածքում այլ երկրի զինուժ չպիտի լինի»:

ՄԱԿ-ում Ադրբեջանի դեսպան Յաշար Ալիև, արխիվ
ՄԱԿ-ում Ադրբեջանի դեսպան Յաշար Ալիև, արխիվ

Ադրբեջանի դեսպանը կտրականապես հերքեց ուղղակի և անուղղակի մեղադրանքները, պնդեց, թե սահմանը դեմարկացված չէ Հայաստանի մեղքով. - «Պետական սահմանի որոշ հատվածների շուրջ 30 տարվա օկուպացիան է դեմարկացիան ու դելիմիտացիան դարձրել անհնարին»:

Բաքվի դեսպան Յաշար Ալիևը նաև ասաց, թե Բաքուն հաստատակամ է «վերականգնել ազատագրած հողերը» և կողմ է տարածաշրջանում տրանսպորտային ուղիների բացմանը` «միջազգային իրավունքի և ընդունված պրակտիկայի հիման վրա»: Թե հատկապես որ պրակտիկային է հղում անում Բաքուն այս դեպքում` Ալիևը չհստակեցրեց:

Սա հայ ֊ ադրբեջանական լարվածության շուրջ ՄԱԿ֊ի Անվտանգության խորհրդում կազմակերպված արդեն երկրորդ քննարկումն էր անցած երկու օրերի ընթացքում:

XS
SM
MD
LG