Մատչելիության հղումներ

Փաշինյանը պնդում է՝ չի եղել դեպք, որ բանակի համար բան պետք լինի և կառավարությունն ասի՝ փող չկա  


«Ի՞նչ եք արել Դուք մեր հաղթանակի համար»,- երեկ խորհրդարանում, հարցուպատասխանի ժամանակ, Նիկոլ Փաշինյանին ուղղված հարցերից մեկն էլ սա էր։

Սեպտեմբերի 13-ին՝ ադրբեջանական հարձակման առաջին օրը, վարչապետը սրտնեղած հայտարարել էր, թե 44-օրյա պատերազմից հետո իրենից այդպես էլ չհետաքրքրվեցին՝ իսկ ի՞նչ արվեց՝ չպարտվելու համար։

«Չի եղել իմ վարչապետության օրոք մի դեպք, երբ որ բանակը որևէ հարց բարձրացնի և ես այդ խնդիրը չլուծեմ՝ առնվազն ֆինանսական մասով», - ասաց Փաշինյանը։

Վարչապետը երեկ էլ պնդեց՝ չի եղել մի դեպք, որ բանակի համար ինչ-որ բան պետք լինի և կառավարությունն ասի՝ փող չկա։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանն էր փորձում պարզել՝ ինչո՞ւ այդ դեպքում այսօր չեն կիրառվում գնված օդանավերը։

Փաշինյանը պատասխանեց՝ նախ արդյունավետության հարց կա և ամենակարևորը՝ քաղաքական իշխանությունը չի որոշում, թե ինչով կրակել։

«Որ որոշումները կայացվեն, էդ որոշումները կիրագործվեն։ Իսկ եթե կան դեպքեր, երբ որ պարզվում է, որ կառավարության տված էդ անսահմանափակ, մեր չափանիշներով, անսահմանափակ գումարներով ձեռք է բերվել բան, որը 100 տոկոսով կիրառելի չի, դա էլ առանձին թեմա է, որը պետք է քննարկել։ Ես չեմ բացառում, որ լինեն էդպիսի դեպքեր և ենթադրում եմ, որ էդպիսի դեպքեր կարող են լինել», - ասաց գործադիրի ղեկավարը։

44-օրյա պատերազմի ձախողումները հենց այս ենթատեքստում հիշեց Փաշինյանը՝ ակնարկելով՝ քրեական գործերով այսօր մարդիկ են դատվում, քանի որ հայտնի չէ՝ ուր կորան զենքի վրա ծախսված միլիոնավոր դոլարները։

«Իսկ հիմա քրեական գործերով ոմանք դատվում են, որովհետև պարզվում է, որ էդ իմ տված 10 միլիոնը տարել են իրանց գառաժում 73 թվից պահվող, դուրս գրած սնարյադների փոշին վրից մաքրել են, բերել են մտցրել Պաշտպանության նախարարության պահեստ», - ասաց վարչապետը։

Փաշինյանը թեև անուններ չնշեց, բայց հայտնի է, որ այսօր, օրինակ, «անպիտան հրթիռների» գործով առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելու համար մեղադրվում է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, բանակին զինամթերք մատակարարած ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանը, Զինված ուժերի նախկին այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում` Գլխավոր շտաբի նախկին պետը, նրա տեղակալը, ավիացիայի վարչության նախկին պետը։

Դավիթ Տոնոյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանն «Ազատությանը» փոխանցեց՝ չգիտի, թե ինչ նկատի ուներ վարչապետը։ Նա հարց բարձրացրեց՝ գուցե՞ Փաշինյանին այլ բան են զեկուցել։

«Ամեն դեպքում, սույն քրեական գործի փաստերի հետ համադրելով վարչապետի խոսքերը էականորեն հակասության մեջ են գտնվում իրականության հետ։ Հենց ի սկզբանե ասել ենք, որ էս գործով մեկ լումա անգամ չի ծախսվել՝ ո՛չ պետական բյուջեից է դուրս բերվել էդ գումարը, ո՛չ Պաշտպանության նախարարության բյուջեից կամ արտաբյուջետային միջոցներից է մեկ լումա առհասարակ ծախսվել դրա համար», - ասաց Հովհաննիսյանը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG