Մատչելիության հղումներ

Փաշինյանի երբեմնի թիմակից Տոնոյանը մեղադրվում է կոռուպցիոն հանցագործության համար


54-ամյա Դավիթ Տոնոյանն առաջիններից էր, որ 2018 թվականին դարձավ Նիկոլ Փաշինյանի կաբինետի անդամ։ Պաշտոնից ազատվեց անցած տարվա պատերազմի ավարտից տասը օր անց՝ նոյեմբերի 20-ին։

Հեղափոխության օրերին` 2018 թվականի ապրիլին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմակից Արարատ Միրզոյանն էր ֆեյսբուքյան գրառմամբ Տոնոյանին համարել ամենահարմարը պաշտպանության նախարարի պաշտոնի համար։

«Պարոն Տոնոյանը իսկական պրոֆեսիոնալ է, պարկեշտ անձնավորություն է, երբեք չի եղել որևէ կոռուպցիոն սկանդալի հերոս։ Վստահ եմ՝ նրա ղեկավարությամբ մեր բանակը արագ կարդիականացվի և մշտապես կծառայի իր միակ գործառույթին՝ մեր սահմանների պաշտպանությանը՝ երբեք չխառնվելով քաղաքականությանը», - գրել էր Միրզոյանը։

Այդ պահին Տոնոյանը Սերժ Սարգսյանի կառավարությունում զբաղեցնում էր արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնը, դրանից առաջ էլ 7 տարի զբաղեցրել է պաշտպանության փոխնախարարի պաշտոնը:

Փաշինյանի կառավարության պաշտպանության նախարարը, որն այժմ մեղադրվում է կոռուպցիոն հանցագործության համար, առավել հայտնի է 44-օրյա պատերազմից առաջ հայտարարած թեզով՝ «նոր պատերազմ, նոր տարածքներ»։

«Որպես պաշտպանության նախարար ասում եմ` այդ ձևաչափը` տարածքներ խաղաղության դիմաց», ես այսօր վերաձևակերպել եմ, մենք հակառկն ենք անելու` «նոր պատերազմ` նոր տարածքների դիմաց», - հայտարարել էր Դավիթ Տոնոյանը:

Ավելի ուշ` 2021 թվականի հունվարին` 44-օրյա պատերազմի ծանր պարտությունից հետո, անդրադառնալով ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հայտարարությանը, թե պատերազմի 4-րդ օրը ինքը զգուշացրել է քաղաքական ղեկավարությանը, որ 2-3 օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար, Տոնոյանը «Մեդիամաքս»-ին վերահաստատել էր Գասպարյանի խոսքերը. «Գլխավոր շտաբի սառը հաշվարկի հիման վրա կատարված վերլուծությունը համաձայնեցված էր ինձ հետ»:

3 ամիս անց խորհրդարանի ամբիոնից վարչապետ Փաշինյանը հերքեց բարձրաստիճան զինվորականների այս պնդումները` հայտարարելով. «Չի ասել Գլխավոր շտաբի պետը նման բան, դա արձանագրված է պաշտոնապես: Ընդհակառակը` ասել է, որ հակառակորդը ոչ մի առաջխաղացում չի ունեցել, բանակը, զինված ուժերը կատարում է իր առջև դրված խնդիրը և մինչև վերջ կկատարի»:

Պաշտոնավարման 2 տարիների ընթացքում մամուլը մեկ անգամ չէ, որ գրել է Փաշինյան-Տոնոյան հակասությունների մասին։ 2019 սեպտեմբերին երկու ուժային կառույցների՝ Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանի ու ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրաժարականից հետո խոսվեց նաև Տոնոյանի հրաժարականի մասին:

«Սկսած աշխատանքը կիսատ չեմ թողնելու և իմ պատասխանատվությունը չեմ նվազեցնելու», - այն ժամանակ իր պաշտոնավարման լուրերը այսպես հերքեց նա:

3 ամիս անց` 2019-ի դեկտեմբերին, Փաշինյանն ու Տոնոյանը միասին փորձարկեցին վարչապետի բնորոշմամբ՝ այդ տարվա գլխավոր ձեռքբերումը՝ Սու-30ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչները։

44-օրյա պատերազմի օրերին արդեն այս գնման արդյունավետությունը շատ ռազմական փորձագետներ կասկածի տակ դրեցին։ Հիշվեց ու քննադատվեց նաև 2016-ի ապրիլյան պատերազմից հետո «Ազատության» եթերում այն ժամանակ պաշտպանության փոխնախարար Տոնոյանի վերլուծությունը, որ անօդաչու թռչող սարքեր ձեռք բերելու անհրաժեշտություն ինքը չի տեսնում։ Չորս տարի անց, սակայն, հենց Ադրբեջանի կիրառած անօդաչուները վճռորոշ դարձան պատերազմում։

Նոր ռազմատեխնիկական ձեռքբերումները քաղաքական ղեկավարությանը ներկայացնելիս շատ կադրերում տեսանելի է Տոնոյանի գործով անցնող զենքի մատակարար Դավիթ Գալստյանը (առավել հայտնի է «Պատրոն Դավո» մականունով), ով ըստ մամուլի՝ Տոնոյանի մտերմներից է։ Գալստյանն ավելի վաղ կալանավորվել, հետագայում ազատ էր արձակվել Պաշտպանության նախարարությանը զենքի մատակարարումների մեկ այլ գործով։

Գալստյանը Պաշտպանության նախարարության հետ գործարքներ է կնքել դեռ 2007 թվականից։ Նրա նախագահած ընկերությունը Հայաստանում «Կալաշնիկով» արտադրելու մասին հավակնոտ նախաձեռնությամբ էր հայտնի։ Այդ գործընթացի շրջանակում անգամ վարչապետ Փաշինյանի հետ է հանդիպում ունեցել։

«Սիվիլնեթ»-ի հետաքննության համաձայն` Գալստյանը նաև օֆշորային սկանդալի մաս է կազմել։ Նա հասցրել է հայտնվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի զեկույցներից մեկի և արտասահմանյան մամուլի էջերում։ Ըստ հետաքննության` նրա մասնակցությամբ Լիբիա զենք է մատակարարվել, Գալստյանը փոխանցումներ է կատարել Պորոշենկոյի հետ փոխկապակցված օֆշորային ընկերությանը։

XS
SM
MD
LG