Մատչելիության հղումներ

Պետք է ռազմական դրություն ու զորահավաք հայտարարել. Սեյրան Օհանյան


Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյան
Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյան

Ինչո՞ւ կառավարությունը ռազմական դրություն չի հայտարարում։ Երկրորդ օրն է, հայ-ադրբեջանական սահմանին՝ Գեղարքունիքից-Սյունիք ծայրահեղ լարված է, զոհեր ու վիրավորներ կան, ռազմական ենթակառուցվածքներից բացի խաղաղ բնակավայրեր են թիրախավորվում։

«Քանի այդ որոշումը չենք կայացրել, էդ նշանակումը գտնում ենք, որ նման որոշման անհրաժեշտություն չկա ոչ թե էն պատճառով, որ ագրեսիա չկա, այլ որովհետև դա լուրջ որոշում է, որը ունի մի շարք մեխանիմներ, որոնք միայն ռազմական բնույթի չեն», - Ազգային ժողովում այսօր ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը խորհրդարանում իր թիմակիցների հետ հարցուպատասխանին վստահեցրեց, թե դեռ նախորդ գիշերվանից ռազմական դրություն հայտարարելու նախագիծն իր սեղանին է։ Անվտանգության խորհրդի նիստում քննարկում են իրավիճակն ու որոշում կայացնելու անհրաժեշտությունը։ Բայց որոշման համար, ըստ Փաշինյանի, ռազմականից բացի այլ բնույթի մեխանիզմներ էլ պետք է հաշվի առնեն. - «Կայացվող որոշումների էֆեկտիվությունը պետք է գնահատել՝ մի շարք դրվագներում մեր փորձը հաշվի առնելով։ Այսինքը՝ նկատի ունեմ, որ այդ հարցը, բնականաբար, օրակարգում է, և իրադրությունը օրվա մեջ մի քանի անգամ գնահատվում է՝ գնալ նման որոշման թե չգնալ։ Եվ ըստ այդմ կայացվում է որոշում։ Այս պահի դրությամբ նման որոշում չի կայացվել, ինչը չի նշանակում, որ որևէ հաջորդ պահին այդ որոշումը չի կայացվի՝ կախված իրավիճակի կոնկրետ գնահատականից»։

Թե երբ կկայացվի որոշումը, Փաշինյանի կառավարությունը դեռ ծանութեթեւ է անում։ Մինչդեռ պետության մայր օրենքում հստակ ամրագրված է, թե որ դեպքում կառավարությունը պետք է ռազմական դրություն հայտարարի։ Ըստ Սահմանադրության, կառավարությունը հայտարարում է ռազմական դրություն Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքերում։

Փաշինյանն Ազգային ժողովում այսօր խոսեց Ադրբեջանի ռազմական ագրեսիայից, Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հսկողություն սահմանելուց։

Այս իրավիճակում ռազմական դրության անհրաժեշտություն տեսնում է ընդդիամիր Հայաստան խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը. - «Իմ անձնական կարծիքն այն է, որ իհարկե պետք է ռազմական դրություն մտցվի, պետք է մոբիլիզացիա արվի՝ առաջնագծում համալրում իրականացնելու, բանակին թիկունք կանգնելու համար»։

Ռազմական դրության դեպքում կառավարությունը կարող է ընդհանուր կամ մասնակի զորահավաք հայտարարել։ Կառավարությունն ու Անվտանգության խորհուրդը պետք է որոշեն ռազմական դրության ու զորահավաքի հարցը՝ հաշվի առնելով իրավիճակի զարգացման միտումները, Հայաստանի ու հակառակորդի ուժերը, ասում է ավելի քան ութ տարի Պաշտպանության նախարարությունը ղեկավարած Օհանյանը։

Բայց սահմանի լարվածության ալիքը, ըստ նրա, ղեկավարությանը չի հասնում. - «Երկրի ապագայի մասին մտածող իշխանությունները, ղեկավարությունը, կոնկրետ կառավարության ղեկավարությունը արագ ինչ-որ բան կձեռնարկեր, որովհետև մենք տեսնում ենք սահմաններում լարվածություն, սահմաններում տեսնում ենք անընդհատ տարբեր իրադարձություններ, հակառակորդի, մեր գործողությունների մասին խոսում ենք, բայց երկրի ներսում այդ լարվածությունը չկա։ Եթե երկիրը պատերազմի մեջ է, լարվածության ալիքը և լարվածության իրավիճակը հավասարաչափ պետք է բաշխված լինի՝ սկսած սահմանից, վերջացրած երկրի ղեկավարությամբ»։

Ռազմական դրության դեպքում օրենքի ուժով սահմանափակվում են մի շարք իրավունքներ, այդ թվում՝ խոսքի և հավաքների ազատությունը։

XS
SM
MD
LG