Մատչելիության հղումներ

Հայկական կողմն առնվազն 49 զոհ ունի. վարչապետ


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում, արխիվ

Հայ - ադրբեջանական սահմանին կեսգիշերից սկիզբ առած բախումներում հայկական կողմն առնվազն 49 զոհ ունի: Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այդ թիվը ցավոք վերջնական չէ», - հավելեց վարչապետը:

Փաշինյանը տեղեկացրեց, որ Ադրբեջանի զինված ուժերը հարձակվողական գործողություններ են ձեռնարկել չորս ուղղություններով, հետագայում ևս երկու-երեք ուղղություն ավելացել է։

Գործադիրի ղեկավարը հերքեց Բաքվից հնչող հայտարարությունները, թե դրանք իրականացվել են ի պատասխան Հայաստանի կողմի սադրանքների՝ այդ հաղորդումները որակելով բացարձակապես կեղծ ու սուտ, իրականությանը չհամապատասխանող։

Այս պահի դրությամբ մարտական գործողությունների ինտենսիվությունը նվազել է, ասաց գործադիրի ղեկավարը՝ ընդգծելով՝ մեկ-երկու ուղղություներով Ադրբեջանի հարձակումները շարունակվում են։

Նրա խոսքով՝ Պաշտպանության նախարարությունն ու Գլխավոր շտաբը գնահատում են իրավիճակը, գնահատում են կորուստները և ճշգրտված տեղեկատվությունը պաշտոնապես կհրապարակվի։

Հայաստանի ռազմական գերատեսչությունը կեգիշերն անց հայտարարեց, որ Ադրբեջանի զինուժը սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, իր հերթին, հայտարարել է «Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումների կողմից հայ-ադրբեջանական պետական սահմանի Դաշքեսանի, Քելբաջարի և Լաչինի ուղղություններով լայնածավալ սադրանքի» մասին։

Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ Կառավարությունն արդեն պաշտոնապես դիմել է Ռուսաստանին, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին:

XS
SM
MD
LG