Մատչելիության հղումներ

Ադրբեջանի ՊՆ-ը հայտարարում է հայ-ադրբեջանական սահմանին «սադրանքի» մասին


Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է «Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումների կողմից հայ-ադրբեջանական պետական սահմանի Դաշքեսանի, Քելբաջարի և Լաչինի ուղղություններով լայնածավալ սադրանքի» մասին։

Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ Հայաստանի զինված ուժերի դիվերսիոն խմբերը մթության մեջ, օգտագործելով լեռնային տեղանքն ու կիրճերը, տարբեր ուղղություններով ականապատել են ադրբեջանական բանակի ստորաբաժանումների դիրքերի և մատակարարման ճանապարհների միջև ընկած տարածքները։

«Այս գործողությունները կանխելու նպատակով մեր ստորաբաժանումների ձեռնարկած անհետաձգելի միջոցառումների արդյունքում տեղի է ունեցել ռազմական բախում»,-հայտարարում է Ադրբեջանի ՊՆ-ն և հավելում, որ հայկական կողմից կան կորուստներ անձնակազմի շրջանում, վնասվել են ռազմական ենթակառուցվածքներ։

Պաշտոնական Բաքուն պնդում է, որ «նման քայլերով Հայաստանը նպատակ ունի դանդաղեցնել ազատագրված սահմանամերձ շրջաններում Ադրբեջանի կողմից իրականացվող խոշոր քաղաքացիական ենթակառուցվածքային ծրագրերի իրականացումը և լարվածության մթնոլորտ պահպանել Ադրբեջանի սահմանների մոտ»։

Նշվում է, որ նախարարությունը այսօր`գիշերը 02:00-ին ևս մեկ խորհրդակցություն կանցկացնի:

Հայաստանի ռազմական գերատեսչությունն էլ քիչ առաջ հաղորդեց, որ Ադրբեջանի զինուժը սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG