Մատչելիության հղումներ

Ուկրաինան հայտնում է Խարկովի մարզում նոր բնակավայրեր ազատագրելու մասին


Երեկ ուկրաինական հակահարձակումը Խարկովի մարզում շարունակվել է և ազատագրվել են նոր բնակավայրեր։ Ռուսական կողմն էլ ավելի վաղ հայտնել էր, թե ռուսական բանակը թողնում է Խարկովի մարզը՝ ռազմական վերադասավորման նպատակով, իր ուժերը կենտրոնացնելով Դոնեցկի մարզում։

Ռուսական ուժերն երեկ հրթիռային հարվածներ են հասցրել կրիտիկական նշանակություն ունեցող ենթակառուցվածներին։ Երեկ երեկոյան Ուկրաինայի մի շարք շրջաններ, այդ թվում՝ Խարկովի մարզը մնացել էին առանց լույսի, որոշ շրջաններ նաև առանց ջրի։

Ավելի ուշ ուկրաինացի պաշտոնյաները հայտնեցին մի շարք շրջաններում էներգիայի մատակարման վերականգման մասին։

«Ուղիղ դիտավորյալ հարվածները կարևոր քաղաքացիական ենթակառուցվածքներին՝ խաղաղ բնակիչներին զանգվածաբար առանց լույսի և ջերմության թողնելը Ռուսաստանի կողմից ահաբեկչության անվերապահ դրսևորում է: Ահա այսպիսի վախկոտ «պատասխան» մարտի դաշտից՝ սեփական բանակի փախուստի համար», - Թվիթերում գրել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Միխայիլ Պոդոլյակը։

Պոդոլյակն ավելի վաղ խոսել էր Խերսոնը և Ղրիմն ազատագրելու ծրագրերի մասին՝ ասելով, թե Խերսոնի ազատագրումը ուկրաինական հրամանատարությանը թույլ կտա ռազմական գործողություն իրականացնել Ռուսաստանի կողմից բռնակցված Ղրիմում։

Նա շեշտել է, որ պատերազմում շրջադարձային կլինի Դոնեցկի և Լուգանսկի ազատագրումը, այդ դեպքում, նրա պնդմամբ, Ղրիմի վերադարձն Ուկրաինային շատ դյուրին կլինի։

«Մենք անպայման մտնելու և վերցնելու ենք ամեն ինչ: Եվ այդ ժամանակ կսկսվի բանակցային գործընթացը, երբ մենք կներակայացնենք մեր վերջնագիրը, մեր շատ կոշտ պահանջները: Կարծում եմ, այդ պահին Ռուսաստանի քաղաքական էլիտայի որոշակի թարմացում կլինի, իսկ մեր պահանջները ցնցող կլինեն Ռուսաստանի համար», - երեկ հավելել է Պոդոլյակը, ով մարտին մասնակցում էր ռուս-ուկրաինական բանակցություններին։

Ռազմի դաշտում ուկրաինական բանակի հաջողությանը զուգահեռ Ռուսաստանի իշխանություններն անորոշ ժամանակով հետաձգել են ինքնահռչակ Լուգանսկի և Դոնեցկի հանրապետություններում, ինչպես նաև Զապորոժիեի, Խարկովի և Խերսոնի շրջանների օկուպացված տարածքներում «Ռուսաստանին միանալու» այսպես կոչված հանրաքվեների անցկացումը, գրում է Meduza-ն՝ վկայակոչելով Կրեմլին մոտ կանգնած երկու աղբյուր։

Ավելի վաղ ռուսական կողմը ոչ պաշտոնապես հայտնել էր այդ հանրաքվեները նոյմեբերի 4-ին՝ Ռուսաստանի միասնության օրը անցկացնելու ծրագրերի մասին։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG