Մատչելիության հղումներ

Հիմա մենք ինքներս ենք հայտնվել այն վիճակում, որտեղ ժամանակ ձգելու շանս չունենք. Անդրանիկ Քոչարյան


Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյան («Քաղաքացիական պայմանագիր)
Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյան («Քաղաքացիական պայմանագիր)

Իշխող խմբակցությունից հաստատում են, որ Ադրբեջանի նախագահի հետ բրյուսելյան բանակցություններից հետո վարչապետ Փաշինյանը երեկ հանդիպել է «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորների հետ և մանրամասներ ներկայացրել հայ-ադրբեջանական քննարկումից։

ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահը փակագծեր սակայն այսօր լրագրողների հետ զրույցում չբացեց. - «Մենք քննարկել ենք էսօրվա մեր անվտանգային իրավիճակը։ Բնականաբար, քաղաքական իշխանության և մեր պառլամենտական խմբի մոտ հարցեր են եղել, կիսվել ենք։ Հիմա էդ հարցերի հետ կապված, բնականաբար, շատ հարցերի պատասխաններ ստացել ենք վարչապետից»։

«Ազատության» հարցին, որը վերաբերում էր Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման ժամկետներին, Քոչարյանն արձագանքեց. - «Էդ ուղղությամբ աշխատում են, հանդիպումներ են տեղի ունենում»։

Հանդիպման մասին գրել էին իշխանությունների հետ կապվող լրատվամիջոցնեը՝ հայտնելով, թե իշխող խմբակցության պատգամավորներին վարչապետը հայտնել է, որ մինչև տարեվերջ տրամադրված է խաղաղության պայմանագիր կնքել։

Անդրանիկ Քոչարյանը այսօր ամեն կերպ խուսափեց ժամկետներ մատնանշելուց, բայց իր խոսքում ակնարկեց, որ ժամանակ ձգելը հայկական կողմի շահերից չի բխում. - «Հակառակորդը շատ լավ գիտի ժամանակ ձգելու էֆեկտը որտեղ ա։ Հիմա մենք ինքներս ենք հայտնվել էն վիճակում, որտեղ ժամանակ ձգելու շանս մենք չունենք»։

Դեռ շաբաթ օրը սակայն Հայաստանի արտգործնախարարը հայտարարում էր, որ Բաքուն միտված է տապալելու խաղաղության գործընթացը։ Միրզոյանը ըստ էության պատասխանում էր նախորդ օրը Ադրբեջանի նախագահի այն հայտարարությանը, թե հայկական կողմը ընդունել է Ադրբեջանի հինգ (այդ թվում միմյանց տարածքային ամբողջականությունը ընդունելու) առաջարկները, և խաղաղության պայմանագիրը հիմնված է լինելու այդ հինգ առաջարկների վրա։

Ըստ Ալիևի, մի քանի ամսվա ընթացքում կողմերին կհաջողվի ավարտին հասցնել աշխատանքը և խաղաղության պայմանագիր կնքել։ Մինչդեռ Միրզոյանի հայտարարությունից պարզ է դառնում, որ, ըստ հայկական կողմի, բանակցությունների հիմք պետք է դառնան ոչ միայն Ադրբեջանի հինգ առաջարկները, այլև դրանց ի պատասխան ԵԱՀԿ Մինսկի խմբին ներկայացրած հայկական կողմի առաջարկները։

Դեռ գարնանը արված այդ առաջարկում, Հայաստանը շեշտել էր, որ հայկական կողմի համար հիմնարար են Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության երաշխավորման, նրանց իրավունքների և ազատությունների հարգման, ինչպես նաև Արցախի վերջնական կարգավիճակի որոշման հարցերը՝ առանց հստակենելու, թե ինչ կարգավիճակ են պատկերացնում։

Ըստ քաղաքագետ Բենիամին Պողոսյանի, Բաքվի համար անգամ այսպիսի ձևակերպումը ընդունելի չէ, և Ադրբեջանը առաջարկում է խաղաղության պայմանագրից ընդհանրապես դուրս թողնել Արցախի կարգավիճակի հարցը. - «Ադրբեջանը ցանկանում է հնարավորինս մաքսիմալ օգտագործել 2020 թվականի պատերազմում իր հաղթանակը և հարկադրել, որպեսզի Հայաստանը ստորագրի մի պայմանագիր, որտեղ Հայաստանը ևս կընդունի, որ որպես այդպիսին Արցախ վարչատարածքային միավոր գոյություն չունի, խնդիրը բացառապես Ադրբեջանի տարածքում ապրող, Ադրբեջանի քաղաքացի հանդիսացող էնթիկ հայերի իրավունքների պաշտպանության մեջ է։ Ադրբեջանի դիրքորոշումը սա է»։

Փաշինյան - Ալիև հանդիպումը հյուրընկալած Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը բանակցություններից հետո հայտարարություն էր տարածել, որում որևէ անդրադարձ չկար Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, թեև, ինչպես հաղորդել էր Հայաստանի վարչապետի աշխատակազմը, այդ մասին քննարկում եղել է։

Այդ առնչությամբ Պողոսյանն ասաց. - «Կարծես թե օգոստոսի 31-ի հանդիպումը առավել պակաս արդյունավետն էր, և իմ մոտ կա տպավորություն, որ բանակցությունները եթե չասեմ փակուղում են, ապա հայտնվել են ինչ-որ տեղապտույտի մեջ։ Համենայն դեպս, սա իմ գնահատականն է առկա տեղեկատվության վերլուծության հիման վրա»։

Օգոստոսի 31-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Փաշինյան - Ալիև շուրջ 4 ժամ տևած հանդիպումից հետո կողմերը պայմանավորվել են ԱԳՆ-ների մակարդակով շարունակել բանակցությունները խաղաղության պայմանագրի նախագծի մշակման շուրջ։ Այդ նպատակով Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը առաջիկա մեկ ամսվա ընթացքում պետք է հանդիպեն։

XS
SM
MD
LG