Մատչելիության հղումներ

Ակնկալիք չկա, որ Փաշինյան-Ալիև սպասվող հանդիպմանը որևէ հայանպաստ հարց կքննարկվի. քաղաքագետ


Հաջորդ շաբաթ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները կհանդիպեն Բրյուսելում։

Փաշինյան - Ալիև սպասվող հանդիպման մասին այսօր առաջինը հայտնեցին ադրբեջանական լրատվամիջոցները։ Ավելի ուշ Հայաստանի կառավարությունից պարզաբանեցին՝ Ալիևն ու Փաշինյանը օգոստոսի 31-ին քննարկելու են այն հարցերը, որոնք եղել են նախորդ հանդիպման օրակարգում։ Այլ մանրամասներ պաշտոնյաները չեն նշում։

Արմեն Բաղդասարյան
Արմեն Բաղդասարյան

Քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանը հայանպաստ քննարկման ակնկալիք չունի, քանի դեռ Ադրբեջանը հրաժարվում է քննարկել Արցախի կարգավիճակը կամ ժողովրդի անվտանգությունը։ Իսկ հիմնական մյուս հարցերից երկուսն էլ, ըստ նրա, ոչ թե Եվրամիության, այլ Ռուսաստանի տիրույթում են. - «Իսկ այդ երկու հարցերը ավելի շատ ռուսական տիրույթում են։ Ավելի կոնկրետ՝ Ռուսաստանն այդտեղ շատ ավելի լուրջ լծակներ ունի, և չեմ կարծում, թե բրյուսելյան հանդիպումը ինչ-որ առաջընթաց կարձանագրի էդ հարցերում»։

Արեգ Քոչինյան
Արեգ Քոչինյան

Քաղաքագետ Արեգ Քոչինյանը ենթադրում է, որ Ադրբեջանը Բրյուսելում կփորձի առաջ մղել իր օրակարգը, իսկ հիմնական հարցերը՝ սահմանազատման, Արցախի ժողովրդի անվտանգության, հազիվ թե քննարկվեն. - «Ենթադրում եմ, որ ադրբեջանական կողմը փորձ է անելու կապել նոր երթուղին Մեղրիով անցնող ճանապարհի հետ, ինչպես դա հայտարարել էր Ադրբեջանի նախագահը, որ այն կարգավիճակը և այն կարգավորումները, որոնք կլինեն Մեղրիով անցնող ճանապարհի վրա, նույնությամբ Ադրբեջանը պատրաստվում է կրկնել Լաչինով անցնող ճանապարհի վրա»։

Փաշինյան - Ալիև նախորդ հանդիպումն ուղիղ երեք ամիս առաջ էր դարձյալ Բրյուսելում՝ Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ։ Երկու երկրների ղեկավարներն այն ժամանակ պայմանավորվել էին սահմանաազատման ու սահմանագծման հանձնաժողովների հանդիպում կազմակերպել։ Հաջորդ օրը Երևանն ու Բաքուն գրեթե միաժամանակ հրապարակեցին սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների կազմը, մեկ օր անց հանձնաժողովների ղեկավարներ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը առաջին անգամ հանդիպեցին միջպետական սահմանին՝ Երասխում։ Քննարկել էին կազմակերպչական հարցեր ու պայմանավորվել երկրորդ հանդիպումն անցկացնել Մոսկվայում։

Վարչապետ Փաշինյանն իր հունիսյան ասուլիսում դժգոհել էր, թե Ադրբեջանը տպավորություն է ստեղծում՝ Հայաստանն է ձգձգում սահմանզատման ու սահմանային անվտանգության հանձնաժողովի աշխատանքները։ Այնինչ, ըստ Փաշինյանի, հակառակն է։ Առաջին հանդիպման ժամանակ էր համատեղ որոշվել, որ երկրորդ հանդիպումը մեկ ամիս անց պետք է լիներ. - «Պիտի արձանագրեմ, որ նախկինում էլ, մայիս ամսին, Հայաստանի Հանրապետությունը երկու անգամ պատրաստակամություն է հայտնել, այսինքն՝ նույնիսկ նախնական պայմանավորվածություն է եղել մեկնարկել սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով համատեղ հանձնաժողովի նիստը, և Ադրբեջանի կողմից երկու անգամ չեղարկվել կամ հետաձգվել է այդ հանդիպումը։ Սա ա պատճառը, որ... Բնականաբար, ես որ տիրապետում եմ տեղեկատվությանը, բնական հարց ա առաջանում՝ ինչո՞ւ են ադրբեջանցիները փորձում նման տպավորություն ստեղծել։ Եվ պատասխանս միանշանակ է՝ էսպես կաթիլ-կաթիլ նրանք փորձում են նոր պատերազմի լեգիտիմություն կուտակել ընդդեմ Հայաստանի և ընդդեմ Արցախի»։

Երկորդ հանդիպման ժամկետն էլ է հստակեցվել։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից այսօր «Ազատությանը» փոխանցել են, որ սահմանազատման ու սահմանային անվտանգության հանձնաժողովների ղեկավարները կհանդիպեն Փաշինյան - Ալիև հանդիպումից մեկ օր առաջ՝ Մոսկվայում։

Այս փուլում, ըստ քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի, Հայաստանը երկու խնդիր ունի՝ ճնշում գործադրել, որ Ադրբեջանը զորքը դուրս բերի Հայաստանի տարածքից ու չգնա իրավիճակի նոր սրացման. - «Հիմա եթե էդ երկուսն էլ տեղի չեն ունենում, մնացածը դատարկ խոսակցություններ են, որոնք կարող են ձգձգվել ամիսներ, տարիներ, և ամեն անգամ էսպես քայլ առ քայլ մենք էլի ինչ-որ բան կարող ենք զիջել, ինչպես, օրինակ, Փառուխը, Քարագլուխը և այլն, և այլն»։

Քաղաքագետ Քոչինյանի կարծիքով, Եվրոպական կողմը շահագրգռված է սահմանազատման ու սահմանագծման հարցով և բավարար աջակցություն կցուցաբերեն։ Բայց ժամանակը ցույց կտա, թե որքանով Արևմուտքին կհաջողվի համոզել Ադրբեջանին գործնական քայլերի անցնել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG