Մատչելիության հղումներ

Օգոստոսի 31-ին Բրյուսելում կհանդիպեն Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումը Բրյուսելում, 22-ը մայիսի, 2022թ.
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումը Բրյուսելում, 22-ը մայիսի, 2022թ.

Օգոստոսի 31-ին Բրյուսելում կհանդիպեն Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները։

Կառավարության լրատվական ծառայությունից հաստատեցին սպասվող հանդիպման լուրը։

Փաշինյանի և Ալիևի սպասվող հանդիպման մասին այսօր առաջինը հայտնեցին ադրբեջանական լրատվամիջոցները։

Ավելի ուշ Հայաստանի կառավարությունից պարզաբանեցին՝ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը քննարկելու են այն հարցերը, որոնք եղել են նախորդ հանդիպման օրակարգում: Այլ մանրամասներ պաշտոնյաները չեն նշում:

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների նախորդ հանդիպումը ևս կայացել է Բրյուսելում, երեք ամիս առաջ՝ մայիսի 22-ին, Եվրամիության խորհրդի նախագահի նախաձեռնությամբ:

Փաշինյանն ու Ալիևը այն ժամանակ պայմանավորվել էին սահմանազատման ու սահմանագծման հանձնաժողովների հանդիպում կազմակերպել: Հաջորդ օրը Երևանն ու Բաքուն գրեթե միաժամանակ հրապարակեցին սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների կազմը: Մեկ օր անց դրանց ղեկավարները՝ Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևն առաջին անգամ հանդիպեցին սահմանին՝ Երասխի ուղղությամբ: Քննարկել էին կազմակերպչական հարցեր ու պայմանավորվել երկրորդ հանդիպումն անցկացնել Մոսկվայում: Դա տեղի կունենա օգոստոսի 30-ին, «Ազատությանը» փոխանցեցին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից:

Հանձնաժողովների ղեկավարների մոսկովյան հանդիպումից մեկ օր անց Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները կմեկնեն Բրյուսել:

XS
SM
MD
LG