Մատչելիության հղումներ

Հայաստան-Արցախ կապը նոր երթուղով կիրականացվի վաղվանից` ժամը 20-ից


Արցախի անվտանգության խորհրդի նիստում որոշվել է վաղվանից` օգոստոսի 30-ի ժամը 20:00-ից Հայաստանի հետ կապն իրականացնել նոր երթուղով` Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի տարածքով, հայտնում են նախագահի աշխատակազմից:

Ըստ հաղորդագրության` նիստին նշվել է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի համաձայն` նոր երթուղին պահպանելու է միջանցքային տրամաբանությունը: Երթուղին Գորիս- Ստեփանակերտ մայրուղուն ժամանակավորապես կապող մոտ 4,7 կմ ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներն ավարտված են:

Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանությունն այսօր առավոտյան հայտարարել էր, որ Արցախի և Հայաստանի միջև կապը օգոստոսի 31-ից հետո կիրականացվի նոր միջանցքով՝ հարավային ուղղությամբ, Բերդաձորի ենթաշրջանի տարածքով, իսկ «քաղաքացիների անվտանգ տեղաշարժն այս ընթացքում կապահովեն ռուս խաղաղապահները»։ Նաև հայտարարվել էր, որ մինչև օգոստոսի 31-ը ներառյալ կգործի Արցախը Հայաստանին կապող Շուշի-Բերձոր-Գորիս ճանապարհահատվածը։

Արցախի տարածքային կառավարման նախարար Հայկ Խանումյանի փոխանցմամբ` բոլոր բնակիչները տարհանված են, Աղավնոյում, Ներքին Սուսում և Բերձորում քաղաքացիական բնակչություն չկա։

Լաչին քաղաքը, Աղավնո և Սուս գյուղերը ադրբեջանական վերահսկողության տակ անցան 44-օրյա պատերազմից հետո ստորագրված 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն: Չնայած Հայաստանը Ղարաբաղին կապող նոր միջանցքի նախագիծը համաձայնեցնելու համար երեք տարի էր տրված, Բաքուն չցանկացավ այդքան երկար սպասել:

XS
SM
MD
LG