Մատչելիության հղումներ

Ինչո՞ւ Հայաստանում մեծամասամբ չկայացան կոոպերատիվները. դրանց մի մասի ուսումնասիրությունը հարցեր է առաջացնում


Հայաստանում գրանցված են ավելի քան 200 գյուղատնտեսական կոոպերատիվներ, սակայն դրանց մի մասի ուսումնասիրությունն էլ լուրջ հարցեր է առաջացնում գյուղացիական այս միավորումների ձևական լինելու վերաբերյալ։

Թեև մեր դիտարկած բոլոր կոոպերատիվներն առնվազն 100 անդամ ունեն, բայց դրանք մեծամասամբ ստեղծված են գյուղապետերի ու նրանց ենթակաների նախաձեռնությամբ։ Միայն մի քանի անձինք են տնօրինում ձեռքբերած գույքը, տեխնիկան, բիզնես անում ու շահույթ ստանում՝ առանց դրան մասնակից դարձնելու կոոպերատիվի մյուս անդամներին։

Լոռու մարզի Մեծ Պարնի գյուղում 2016 թվականին Արոտօգտագործողների միավորում ստեղծելիս կանոնադրության մեջ արձանագրել են, թե նպատակ ունեն միավորել գյուղի հարյուրից ավել փոքր տնտեսությունները, որ կողք-կողքի ապրող հողագործները համատեղ որոշումներ ընդունեն, ներդրումներ անեն, միասին օգտագործեն միջոցներն ու աշխատուժը, կազմակերպեն արտադրանքի իրացումն ու իրար մեջ կիսեն օգուտները։

Այն նախաձեռնել ու մինչև այսօր տնօրինում են գյուղի նախկին ու ներկա ղեկավարները։ Հրայր Յաղուբյանը, որ գյուղի երկարամյա ղեկավարը, հետո նաև գյուղապետի տեղակալն է եղել, չի հերքում, որ 158 անդամ ունեցող կոոպերատիվն իրականում չի գործում, ժողովներ չեն անում, հաշվետվություններ չեն տալիս։

«Մինչև հիմա կազմած եղել ա, էլ չենք կազմում, ինչն ա մնացել որ, կարևորը տեխնիկան տեղում ա, ում որ պետք ա, բերում ա իրա ապրանքը մշակում ա, գնում ա», - ասաց Յաղուբյանը:

Գյուղերում ստեղծված գյուղացիական միավորումները հիմնականում համայնքից անհատույց օգտագործման, երբեմն սեփականության իրավունքով տարածքներ են ձեռքբերել, պետությունից արտոնյալ վարկեր, իսկ միջազգային կառույցներից՝ նվիրատվություններ ստացել։ Մինչդեռ ստացվում է, որ առնվազն 100 ընտանիք ներառող միավորներն արհեստական են, անունների երկար ցուցակները՝ կեղծ։

Ինչո՞ւ Հայաստանում մեծամասամբ չկայացան կոոպերատիվները. դրանց մի մասի ուսումնասիրությունը հարցեր է առաջացնում
please wait

No media source currently available

0:00 0:05:04 0:00

Պարնիի նախկին գյուղապետ Հրայր Յաղուբյանն արդարանում է՝ ձավարեղենի ու կտավատի վերամշակման հաստոցները, որ այսօր իր ձեռքի տակ են, պաշտոն ունեցած տարիներին իր ջանքերի շնորհիվ է գյուղ հասցրել։ Նշում է, թե կոոպերատիվի անդամներն էլ են իրենց արտադրանքն այս արժեքավոր տեխնիկայի միջոցով վերամշակում, բայց միաժամանակ չի թաքցնում, կոոպերատիվի 158 անդամներից միայն 7-8 հոգի է այսօր ցանքս անում։

«7-8 հոգի մշակությամբ զբաղվում են, մարդ էլ կա դադարեցրել ա, ես գնամ զոռով ասեմ՝ էս գործն արա՞, ես ում գնամ ասեմ՝ արի էս ցանի, էն ցանի: Ով ինչ ցանում ա, բերում ա մշակում ենք, տանում են», - ասաց նա

Ինչո՞ւ Հայաստանում մեծամասամբ չկայացան կոոպերատիվները, փոքր տնտեսությունների իրական միավորում տեղի չունեցավ, թեև 2015 թվականին ընդունված Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին օրենքում գեղեցիկ շարադրված էին դրանց միջոցով գյուղերը զարգացնելու հնարավորությունները։

Ալավերդցի Ադամ Սիմոնյանը երկու տարի առաջ է գյուղացիական կոոպերատիվ ստեղծել։ Իրենց օրինակը փոքրաթիվ հաջողվածներից է համարում։ Ասում է՝ միավորել են կոոպերատիվի անդամների գույքն ու հնարավորությունները և գյուղատնտեսությունը համատեղ բիզնես դարձրել, բայց շեշտում է՝ դեռ փորձում են վերացնել խոչընդոտները, որոնցից գլխավորը կոչում է հայկական բնութագիր։ «Մենք չենք սիրում միավորվել ու սովոր չենք թիմային աշխատանքին», - ասում է գյուղատնտեսը։

«Չգիտեմ, կարող ա Սովետական միությունից մնացած ա էդ ժառանգությունը, որ երկուսով կամ թիմով աշխատենք, էդ ամբողջ թագ ու գահը գնալու ա մեկին կամ ես մի փոքր շատ եմ աշխատելու, ինքը քիչ ա աշխատելու, իրա մոտ ավելի շատ ա լինելու: Ամեն մարդ մտածում ա՝ ես ինձանով, դա նստած ա մեր մեջ: Հնում էդ օրինակները արդեն եղել են, մարդիկ վախենում են, որ թիմային աշխատեն, իրանց անձնականը դնեն, իրանց գույքը դնեն, ֆինանսականը դնեն: Պիտի անընդհատ կրթենք, բացատրենք, օրինակ ծառայենք», - ասաց Ադամ Սիմոնյանը:

«Ուղղակի ժողովրդավարություն» հասարակական կազմակերպության ղեկավար Գևորգ Քոթանջյանն ասում է՝ ուսումնասիրել ու եկել են եզրակացության՝ համայնքի ղեկավարները պետք է նման կառույցներում ընդգրկվեն ի պաշտոնե, որպեսզի պաշտոնը թողնելուց հետո իր տեղն զբաղեցնի հաջորդ ղեկավարը։ Այս դեպքում տարբեր ծրագրերով ձեռքբերված գույքը կմնա համայնքներում, ոչ թե կդառնա որևէ մեկի սեփականությունը։

«Ոչ թե իրենք են ստեղծում, այլ համայնքն է ստեղծում և համայնքի ղեկավարն այդ ժամանակ ի պաշտոնե լինում է նաև հոգեբարձուների խորհրդի ղեկավարը, որովհետև ինքը պաշտպանում ա համայնքի շահերը: Ըստ տրամաբանության, իր ժամկետի ավարտից հետո պետք է նոր համայնքապետն արդեն փոփոխվի և հոգեբարձուների խորհրդի նախագահը արդեն նոր համայնքապետը դառնա կամ դառնա ուղղակի ներկայացուցիչ», - նշեց Քոթանջյանը:

Օրերս «Ազատությունն» անդրադարձել էր դեպքերի, թե ինչպես են գյուղերում տարբեր ծրագրերով ձեռքբերված արժեքավոր տեխնիկան յուրացվել իբրև տարբեր հիմնադրամների կամ կոոպերատիվների սեփականություն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG