Մատչելիության հղումներ

Հայկական կողմի դիրքորոշումը, որ պետք է լինի ոչ թե միջանցք, այլ՝ նորմալ հաղորդակցություն, գտավ իր արձագանքը. Օլեսյա Վարդանյան


Հայկական կողմի դիրքորոշումը տվյալ հարցում իրականում հետևողական է, «սա այն է, ինչին Երևանը հետամուտ է եղել 2020 թվականի պատերազմի ավարտից հետո, հրադադարի պայմանավորվածության վերջին կետի՝ տրանսպորտային կապի վերականգնման շուրջ բանակցությունների մեկնարկից ի վեր»: Այս մասին ասաց Միջազգային ճգնաժամային խմբի Հարավային Կովկասի հարցերով ավագ հետազոտող Օլեսյա Վարդանյանը՝ պատասխանելով «Ազատության» հարցին՝ «Հայաստանը մտադիր է մաքսակետեր տեղադրել Ադրբեջանի հետ սահմանին, սա միջանցքի հարցը փակելու փո՞րձ է, և արդյո՞ք այն կաշխատի»:

«Եթե Հայաստանը ցանկանար զիջումների գնալ այս հարցում, այն է՝ գործարկել մի միջանցք, որ կլիներ Լաչինի միջանցքի նման, ապա հավանաբար այդ բանակցությունները վաղուց ավարտված կլինեին, և միջանցքը վաղուց կհայտնվեր», - շարունակեց Վարդանյանը:

«Այս բանակցությունների մեկնարկից ի վեր այս ամիսների ընթացքում հայկական կողմը մնում է այն դիրքորոշմանը, որ «եթե մենք վերսկսում ենք տրանսպորտային հաղորդակցությունը, ապա եկեք այն վերսկսենք բոլոր ուղղություններով, այլ ոչ թե մեկ տեղում», և հիմա մենք տեսնում ենք այդ փորձը», - նշեց փորձագետը՝ հավելելով, որ «հիմա պարզապես հրապարակային է դարձել այն, ինչ նախկինում փակ դռների հետևում էր»:

«Այս բանակցային գործընթացի մասնակիցներից գոնե մի քանիսը ինձ պատմում էին հայ պաշտոնյաների այս դիրքորոշման մասին: Ռուսական կողմը մինչև որոշակի պահ ըմբռնել է հայկական կողմի դիրքորոշումը, այսինքն՝ նրանք հասկանում էին, որ Երևանն իրոք միջանցք չի ուզում, և ըմբռնում կար, որ հայկական կողմն ունի իր ճշմարտությունն այս առումով», - ասաց Վարդանյանը:

Նրա խոսքով՝ երբ ռուսական կողմն առաջարկում էր վերականգնել տրանսպորտային կապերը, «հիմնական շահագրգռվածությունը հենց այն էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ինչ-որ փոխկախվածություն ստեղծվի, այլ կերպ ասած՝ որպեսզի այս երկրների համար միմյանց դեմ պատերազմ սկսելը դժվար լինի, որ նրանք մեկը մյուսի հետ ունենան փոխկապակցվածության որոշ կետեր, որոնց մասին կմտածեն նախքան իրար վրա կրակել սկսելը»:

«Փաստորեն, այս գաղափարը միայն Ռուսաստանում չէ, որ կա, այն այլ վայրերում էլ է, և այս առումով հայկական կողմի դիրքորոշումը, որ չպետք է լինի միջանցք, այլ՝ ուղղակի նորմալ հաղորդակցություն Հայաստանի և Ադրբեջանի միջև, գտավ իր արձագանքը, քանի որ այնտեղ հասկացան, որ իսկապես, եթե կա միջանցք, ապա ի՞նչ փոխկախվածության մասին կարող է խոսք լինել», - ընդգծեց Օլեսյան Վարդանյանը «Ազատությանը» տված բացառիկ հարցազրույցում:

Անցած շաբաթ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը շրջանառության մեջ է դրել կառավարության որոշման նախագիծ, որով նախատեսվում է 3 նոր սահմանային անցակետերի բացում: Դրանցով հնարավորություն կընձեռվի Ադրբեջանից ավտոմոբիլային տրանսպորտով տարանցիկ ուղևորվել դեպի Նախիջևան։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG