Մատչելիության հղումներ

Միջերկրականի երկնքում տեղի ունեցած միջադեպը է'լ ավելի է սրել Թուրքիայի և Հունաստանի հարաբերությունները


ՆԱՏՕ-ի դաշնակից երկու երկրների՝ Թուրքիայի և Հունաստանի վերջին շրջանում լարված հարաբերությունները ավելի են սրվել երեկ տեղի ունեցած միջադեպի պատճառով: Թուրքական Անադոլու գործակալությունը, հղում անելով պաշտպանության նախարարության աղբյուրներին, հայտնում է, թե հունական F-16 կործանիչները միտումնավոր կերպով խոչընդոտել են Արևելյան Միջերկրականում ՆԱՏՕ-ի առաքելություն իրականացնող թուրքական նույն մոդելի ինքնաթիռների աշխատանքը՝ նշանառության տակ առնելով դրանց:

Թուրքական F-16 կործանիչների պատասխան գործողություններից հետո հունական ինքնաթիռները հեռացել են:

Տեղի ունեցածը մեծ դժգոհություն է առաջացրել Անկարայում: Արտաքին գործերի նախարարություն է կանչվել Հունաստանի դիվանագիտական ներկայացուցչության ռազմական կցորդը, միջադեպի մասին զեկուցվել է ՆԱՏՕ-ի գերատեսչությանը և շահագրգիռ կողմերին:

Հունաստանի պաշտպանության նախարարությունը, սակայն, հերքում է Անկարայի պնդումները՝ հայտարարելով, թե անհայտ ինքնաթիռները առանց նախազգուշացման ներխուժել են հունական օդային տարածք: Պաշտպանական գերատեսչության հաղոդրագրության համաձայն, Կրետե կղզուց հունական չորս F-16 կործանիչներ են օդ բարձրացվել՝ խոչընդոտելու անհայտ նպատակով զինված թուրքական ինքնաթիռների գործողությունները միջազգային կանոններին և չափանիշներին համապատասխան: Հունական կողմը պնդում է, թե միջադեպի վերաբերյալ այլ մեկնաբանությունները չեն համապատասխանում իրականությանը: Աթենքը իր հերթին է տեղյակ պահել ՆԱՏՕ-ին և ԱՄՆ-ին երեկվա լարվածության մասին:

ՆԱՏՕ-ի երկու դաշնակից երկրների միջև հակասությունները տասնամյակների պատմություն ունեն: Կողմերը շարունակ միմյանց մեղադրում են Էգեյան ծովում միմյանց օդային սահմանները խախտելու համար: Անկարան մտահոգված է հունական կղզիների վերազինմամբ և Աթենքին մեղադրում է կղզիների ապառազմականացումը ամրագրող միջազգային պայմանագիրը խախտելու համար։ Հունաստանն էլ իր գործողությունները ինքնապաշտպանական է համարում:

Երկու երկրների հարաբերությունները հատկապես լարվեցին 2020-ին, երբ Թուրքիան երկրաբանական հետազոտություններ սկսեց էներգակիրներով հարուստ Միջերկրական ծովի արևելյան հատվածում: Անկարայի և Աթենքի միջև հիմնական վեճերը Կրետե կղզու և Կիպրոսի միջև ընկած ծովային տարածքների պատկանելության շուրջ են։ Մի քանի տարի առաջ այստեղ գազի մեծ պաշարներ էին հայտնաբերվել, որոնց արդյունահանման իրավունքը վիճարկում են մի կողմից Հունաստանն ու Կիպրոսը, մյուս կողմից՝ Թուրքիան։

Անդրադառնալով այս խնդրին, Թուրքիայի արտգործնախարարը երեկ ասել էր, որ հարցը պետք է լուծել արդյունահանվող էներգակիրներից ստացված շահույթը արդարացիորեն կիսելու միջոցով:

«Հյուսիսային Կիպրոսը ներկայացրել է իր առաջարկը, բայց Կիպրոսի հունական հատվածն ու Հունաստանը, հույս դնելով Եվրամիության վրա, այդ շահույթը արդար կիսելու փոխարեն փորձում են ոտնահարել թուրքական Կիպրոսի և Թուրքիայի իրավունքները: Մենք սա թույլ չենք տա», - ասել է Չավուշօղլուն:

Զուգահեռաբար Անկարան փորձում է համաձայնության գալ Վաշինգտոնի հետ ամերիկյան F-16 կործանիչների գնման և իր զինանոցում արդեն առկա ինքնաթիռների արդիականացման հարցում: Իսկ Հունաստանը ջանքեր է գործադրում խափանելու այս գործարքը՝ համոզելով ԱՄՆ Կոնգրեսին չաջակցել Թուրքիային ամերիկյան սպառազինության վաճառքի հարցում:

Ամերիկյան «Ֆորբս» պարբերականը գրում է, որ եթե Թուրքիային այնուհանդերձ հաջողվի արդիականացնել իր զինանոցը Հունաստանը մեկ քայլ առաջ է, քանի որ արդեն դիմել է ԱՄՆ-ին հինգերորդ սերնդի F-35 կործանիչներ գնելու հարցով, ինչպես նաև պայմանագիր է կնքել մինչև 2027 թվականը իր F-16 ները արդիականացնելու համար:

XS
SM
MD
LG