Մատչելիության հղումներ

«43 սուբյեկտների դեպքում 6,2 միլիարդի այդպիսի գումարներ չեն գանձվել». Ռոմանոս Պետրոսյան


Երևանի քաղաքապետարանի շենքը
Երևանի քաղաքապետարանի շենքը

Պետական վերահսկողական ծառայությունը (ՊՎԾ) անցած երկու ամսում արդեն երկրորդ անգամ է հաղորդագրություն տարծում Երևանի քաղաքապետարանում հայտնաբերված խախտումների մասին։

Երեկ, մասնավորապես, ծառայությունը պնդեց, թե մայրաքաղաքի բյուջեն անցած 11 տարում զրկվել է լրացուցիչ շուրջ 7 միլիարդ դրամի եկամուտ ստանալու հնարավորությունից։ ՊՎԾ-ն ուսումնասիրել է քաղաքաշինության ոլորտն ու խախտումներ արաձանագրել հատկապես Տարոն Մարգարյանի ու Հայկ Մարությանի ղեկավարման տարիներին։ Որոշ կառուցապատողներ իրենց տրված շինթույլտվությունների ժամկետներում չեն ավարտել շինաշխատանքները և ժամկետները խախտելու համար տույժեր չեն վճարել։

Ռոմանոս Պետրոսյան
Ռոմանոս Պետրոսյան

Պաշտոնական հաղորդագրությունից հետո՝ նույն օրը, Հանրային հեռուստաընկերության եթերում վարչապետին ենթակա այս մարմնի ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը մանրամասնեց, թե ինչ ենթադրյալ խախտումներ են գտել. - «Օրենքը նախատեսում է՝ երբ սահմանված ժամկետում [շինարարությունը] չի ավարտվում, և կառուցապատողը շինթույլտվության երկարաձգման հայտ է ներկայացնում քաղաքապետարան, ապա նախագծային, նախահաշվային արժեքի մեկ տոկոսը պարտավոր է համայնքը գանձել սեփական բյուջե կառուցապատողից։ Եթե երկրորդ անգամ երկարացված շինթույլտվությունը դարձյալ ժամկետներով չի ավարտում, ապա նախահաշվային արժեքի տասը տոկոսը պիտի գանձվի։ Եվ միայն քառասուներեք սուբյեկտների դեպքում 6,2 միլիարդի այդպիսի գումարներ չեն գանձվել Երևանի համայնքային բյուջե։ Դա սկսած 2011 թվականից»։

Դեռ անցած տարեվերջին ՊՎԾ-ն մեկ այլ ուսումնասիրությամբ 8,5 մլրդ դրամի չարաշահման դեպքեր էր արձանագրել Երևանի քաղաքապետարանում։ Այդ ժամանակ քաղաքապետը դեռ Հայկ Մարությանն էր, սակայն իշխող ուժը վերջինիս անվստահություն հայտնելիս խախտումների մասին որևէ բառ չասաց։

Իզաբելլա Աբգարյան
Իզաբելլա Աբգարյան

Ավագանու նախկին իշխանական, այժմ ընդդիմադիր անդամ Իզաբելլա Աբգարյանը ՊՎԾ-ի՝ իրար հաջորդող այս հրապարակումները կապում է քաղաքապետի մոտեցող ընտրությունների հետ՝ հիշեցնելով, որ իշխող ուժն արդեն նաև իր թեկնածուի՝ Տիգրան Ավինյանի մասին է հայտարարել։

Եթե խախտումներ կային, ուրեմն նախորդ տարվա դեպկետմբերի 22-ին հենց այս հիմքով պետք է իշխող թիմն անվստահոթւյուն հայտներ Մարությանին ու հեռացներ պաշտոնից, ոչ թե քաղաքական երանգ տար դրան, կարծում է Աբգարյանը. - «Կապում եմ դա ընտրությունների հետ և կարծում եմ, որ որպես որոշակի լծակ է օգտագործվելու, որպեսզի Հայկ Մարությանին զերծ պահեն մասնակցել ընտրություններին։ Երբ ես քաղաքացիների հետ եմ խոսում, մարդիկ ասում են՝ թող մասնակցի անպայման Հայկ Մարությանը, բայց հենց իրենք հավելում են՝ բայց տեսնում ենք վրեն փորձում են գործեր կարել, որ չմասնակցի»։

Արմեն Գալջյան
Արմեն Գալջյան

Ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը հակադարձում է՝ այս ծավալի թվերով ու փաստերով չէին էլ կարող իմանալ, բայց Մարությանին հաճախ են իրենց մտահոգությունները հայտնել, հատկապես շինթույլտվություների հետ կապված։ Հարցը, ասում է, քաղաքական չէ, ավելին՝ որոշ խնդիրներ այսօր էլ դեռ շարունակում են մնալ. - «Այո, մենք բազմիցս քննարկել ենք փակ ֆորմատով նախկին քաղաքապետի հետ, հատկապես շինթույլտվությունների ձգձգման, սուբյեկտիվ որոշումների, տարբեր այլ հարցեր։ Որոշ դեպքերում հիմնավորումները եղել են բավարար, որոշ դեպքերում չեն եղել բավարար։ Նաև ընթացակարգերի առումով ա խնդիրներ էղել»։

Քաղաքաշինության և եկամուտների ոլորտները համակարգող վարչության ղեկավարներից մեկը Հայկ Մարությանից հետո հեռացել է սեփական դիմումի համաձայն։ Իսկ եկամուտների ոլորտը համակարգող վարչության պետն այժմ այլ ոլորտ է համակարգում։ Այսինքն՝ ուսումնասիրվել ու խախտումներ են արձանագրվել այդ երկու վարչություններում, որոնց ղեկավարներն աշխատանքից չեն ազատվել թերացումների համար։

Հայկ Մարությանը չի մկենաբանում ՊՎԾ-ի հրապարակումները։ Նրա գրասենյակից մեզ ասացին՝ նախորդ պատասխանին ավելացնելու ոչինչ չունեն։ Մինչ այդ Մարությանը ողջունել էր «պետական և համայնքային կառույցներում ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերը»։ Իր վերջին ելույթում Մարությյանն ասել էր, թե իր պաշտոնավարման ընթացքում հաճախ է միջնորդություններ ստացել իշխանության ներկայացուցիչներից, բայց չմանարմասնեց, թե ովքեր ու ինչ են խնդրել։ Մարությանի այս հայտարարություններն իրավական ընթացք չստացան, իրավապահները «հիմքեր» չտեսան։

Իսկ ՊՎԾ-ն այս ու նախորդ ամսվա իր բացահայտումներն ուղարկել է դատախազություն, մի մասն էլ դեռ ամփոփման փուլում է։ Գլխավոր դատախազությունից ասացին, որ ստացել են և ուղարկել Երևանի քաղաքի դատախազություն, առայժմ քննարկման փուլում է։

XS
SM
MD
LG