Մատչելիության հղումներ

Շատ ավելի լուրջ հիմնարկներ կան, քան Երևանի քաղաքապետարանը, որոնց արժեր ՊՎԾ-ն ստուգի. Արթուր Սաքունց


Ոչ միայն քաղաքապետարանում, այլև պետական կառավարման շատ մարմիններում են ստուգումներ իրականացվել ու իրականացվում, վստահեցնում է Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը՝ արձագանքելով մեղադրանքներին, թե Երևանի քաղաքապետարանում սկսեցին ստուգումներ անել ճիշտ այն բանից հետո, երբ արդեն նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարեց իշխող ուժի հետ քաղաքական տարաձայնությունների մասին։

«Երևանի քաղաքապետարանում ՊՎԾ-ն ուսումնասիրությունը մեկնարկել է անցած տարեվերջին, եթե չեմ սխալվում` դեկտեմբերի 28-ին կամ 29-ին ենք ստորագրել հանձնարարագիրը, և դրան նախորդել է բավականին երկար շրջափուլ վերլուծությունների, որոշակի տեղեկանքների կազմման, որոնք նաև արդյունք են տարբեր տնտեսվարողների, քաղաքացիների, տարբեր շերտերի կողմից դիմումների, բողոքների, հանրագրերի, որոնք ստացվել են Պետական վերահսկողական ծառայությունում», - «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» ժամանակ ասել էր ՊՎԾ-ի ղեկավարը:

Ռոմանոս Պետոսյանի խոսքով՝ քաղաքապետարանում ստուգումներ անելու վարչապետի հանձարարությունը ստացել էին դեռ 2020-ի սեպտեմբերին` պատերազմից առաջ, երբ դեռ չկային Մարությանի հետ քաղաքական հակասություններ։ Միյան թե Պետրոսյանը խոսում է շինթույլտվությունների ոլորտում ստուգումներ անելու վարչապետի հանձնարարության մասին. «Մասնավորապես շինթույլտվությունների բլոկը, ստացված բամզաթիվ ահազանգերի, բողոքների, դիմումագրերի հիման վրա վարչապետի աշխատակազմում մուտքագրված այդ թվում»:

Քաղաքապետարանում կատարված ուսումնասիության մասին ՊՎԾ-ի հաղորդագրությունից, սակայն, պարզ է դառնում, որ ստուգումները 2 կոմպոնենտ են ունեցել՝ 2011-2018 թվականներին տրված շինթույլտվություններ և 2018-2022-ն ընկած ժամանակահատվածում կատարված նորոգման, բարեկարգման աշխատանքներ, գնումների գործընթաց և այլն։ Ավելի մեծ խախտումներ ՊՎԾ-ն հայտնաբերել է հենց 2018-2022 թվականների միջակայքում` շուրջ 8.5 միլիարդ դրամի, այս նյութերն ուղարկվել են Դատախազություն, որտեղից առայժմ նորություն չկա հնարավոր քրեական գործի մասին։

«Այնպես չէ, որ կամայականորեն ՊՎԾ-ն պարզապես կարող է կամայական գործընթացներով հլու-հնազանդներին անտեսել կամ ոչ հլու-հնազանդներին ստուգումների ենթարկել: Այս պահին մենք շուրջ վեց տասնյակ վերահսկողական գործառույթներ ենք իրականացնում պետական կառավարման համակարգի մարմիններում», - տեղեկացրել էր նա:

Եթե ոչ կամայական որոշմամբ, ապա ինչպե՞ս է ՊՎԾ-ն որոշում ստուգումներ իրակացնել որևէ մարմնում։ «Ազատությունը» նաև հարցմամբ էր այս մասին հետաքրքրվել Պետական վերահսկողական ծառայությունից։ Պատասխանել են՝ ուսումնասիրություններն արվում են Ծառայության ղեկավարի տված հանձնարարագրերի հիման վրա՝ համաձայնեցնելով վարչապետի հետ:

Ինչ վերաբերում է Պետրոսյանի նշած տասնյակ այլ մարմիններին, որտեղ արվում են ուսումնասիրություններ, ՊՎԾ-ն այս պահին ընթացող աշխատանքների մասին չի հայտնում, արդեն ավարտվածների մասին տեղեկացնում է կայքում:

Վերջին 1 տարում սուգումներ են արվել Բարձրագույն դատական խորհրդում, Սյունիքի պեպտական քոլեջում, Ջերմաէլեկտրակայանում, Գորիսի համայնքապետարանում, Դատական դեպարտամենտում, Սպիտակի համայնքապետարանում և այլն. «Իր կարևորությամբ, իր հրատապությամբ, նաև ծավալներով Երևանի քաղաքապետարանի ուսումնասիրությունները, կարծես, աչքի զարնեց, բայց մինչ Երևանի մասին խոսելը բազմաթիվ արդյունքներ մենք հրապարակել ենք»:

«Շատ ավելի լուրջ հիմնարկներ կան, որոնք արժեր ստուգել, օրինակ` նույն Ոստիկանությունը, Դատախազությունը, քննչական մարմինները, Ազգային անվտանգության ծառայությունը, Պաշտպանության նախարարությունը: Ես թվարկում եմ մարմիններ, որոնք բավական շատ մեծ գումարներ բյուջեից հատկացվում այդ մարմիններին, հատկապես իրավապահ մարմիններին, բայց ստուգումներ չկան», - շեշտում է իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

Նրա համար առնվազն հիմնավոր չեն ՊՎԾ-ի բացատրությունները, թե ինչու Երևանի քաղաքապետարանը հայտնվեց խոշորացույցի տակ, երբ կառավարությունը հարյուրավոր բողոքներ է ստանում Դատախազության կամ Պաշտպանության նախարարության մասին ևս։

«Հեղափոխությունից հետո գիտեինք, որ պետական մարմիններում կոռուպցիոն համակարգային էր մինչև հեղափոխությունը, ինչո՞ւ համատարած ստուգումներ չիրականացվեց, օրինակ: Ռեսուրսներ չունես, դու գալիս ես, ասենք թե` Պաշտպանության նախարարությունում չես անում, Ոստիկանությունում, Դատախազությունում ու մեկ էլ 2 տարի հետո անցկացնում են Երևանի քաղաքապետարանում, երբ քաղաքապետ է փոխվում: Պատահական հո չենք կարող համարել նման որոշումը», - ասում է Սաքունցը:

Նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը վերջին շրջանում 2 միմյանցից տարբերվող հայտարարություններ արեց քաղաքապետարանում իրականացված ստուգումների մասին։ Հունիսի սկզբին նա ասել էր՝ այս ամենի շարժառիթը անգամ քաղաքականությամբ չզբաղվող քաղաքացիներն են հասկանում, ապա ավելացրել էր, որ ինքը Երևանի հաջորդ ընտրություններին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ այս պահին որոշում անգամ չունի: «Կարող եք խորը շունչ քաշել ու հանգիստ լինել»,- ասել էր նա։

«Ազատության» խնդրանքով Մարությանը օրեր առաջ էլ արձագանքեց ստուգումների ավարտի մասին ՊՎԾ-ի հայտարարությանը՝ նշելով, որ ողջունում է «պետական և համայնքային կառույցներում ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերը»։

XS
SM
MD
LG