Մատչելիության հղումներ

Նվիրատվությանը նախորդած կամ հաջորդած շինթույլտվությունների տրամադրումը դասական կոռուպցիա է. փորձագետ


«Ալեքս էնդ հոլդինգ», «Նոյ ինվեստ գրուպ», «Բրենդ Քոմփյութրս» և «Ռենշին» ընկերությունները նստարաններ, փողոցային մոխրամաններ, համակարգիչներ են նվիրել Երևանին, նաև համայնքի ճանապարհներից մեկն են հիմնանորոգել։

Օրերս Երևանին գույք նվիրած չորս ընկերություններից մեկը քաղաքի կենտրոնում բարձրահարկ կառուցելու միանգամից չորս շինթույլտվություն է ստացել։ «Հետք» պարբերականն այս տեղեկությունը տարածեց Երևանի ավագանու տարեվերջյան նիստից հետո, երբ ավագանին ընդունեց շուրջ 37 մլն դրամի այդ նվիրատվությունները։

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» իրավական հարցրերով փորձագետ Հայկ Մարտիրոսյանն ուսումնասիրում է Երևանի քաղաքաշինության ոլորտում եղած խնդիրները։ Հրապարակված տեղեկություններն ու փաստաթղթերը համադրելով՝ նա եզրակացրել է, որ նվիրատվությանը նախորդած կամ հաջորդած շինթույլտվությունների տրամադրումը դասական կոռուպիցա է. - «Այն հանգամանքը, որ այս ընկերությունները կոնկրետ շինթույլտվություններ կամ համապատասխան փաստաթղթեր գործընթացը սկսելու ստացել են նվիրատվության կատարման ժամանակահատվածում, սա ակնհայտ նշանակում է, որ այստեղ կոռուպցիա է։ Ընդ որում, հրապարակված տվյալների համաձայն, համապատասխան թույլտվությունները տրվել են ակնհայտ խախտումներով՝ հարկայնության հետ կապված, գոտիականության հետ կապված»։

«Ալեքս էնդ հոլդինգ», «Նոյ ինվեստ գրուպ», «Բրենդ Քոմփյութրս» և «Ռենշին» ընկերությունները նստարաններ, փողոցային մոխրամաններ, համակարգիչներ են նվիրել Երևանին, նաև համայնքի ճանապարհներից մեկն են հիմնանորոգել։

«Ռենշին» շինարարական ընկերության հիմնադիր տնօրենին նախորդ տարի վարչապետ Փաշինյանն էր ընդունել։ «Հետք»-ի տեղեկություններով, հենց այս ընկերությունն է մինչև ավագանու տարեվերջյան նիստը Տերյան 107-ի չորս բարձրահարկերի կառուցապատման թույլտվությունը ստացել։

Հայկ Մարտիրոսյան պնդմամբ, իրավապահները պետք է ստուգեն ու պարզեն, թե ինչ հանգամանքներում է Հայկ Մարությանը ստորագրել նվիրատվությանը նախորդող շինթույլտվության որոշումը. - «Փաստերի համադրությամբ պարզվում է, որ Հայկ Մարությանն է ստորագրել։ Մարությանն էլ ասում էր՝ ինձ միջնորդում են, որ ես ակնյայտ ապօրինի բաներ ստորագրեմ, չեմ ստորագրում։ Բայց հիմա պարզվում է, որ ստորագրել ա։ Եվ պետք է իրավապահ մարմինները ակնհայտորեն էս դեպքերով իրականացնեն նախաքննություն, ուսումնասիրություն»։

Ըստ մամուլի, Երևանին նվիրատվություն արած կազմակերպություններից «Ալեքս էնդ հոլդինգ»-ն առնչվում է գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին։ Նվիրատվությունից առաջ կամ հետո ընկերությունը շինթույլտվություն ստացել է թե ոչ՝ հրապարակային տեղեկություններ չկան։

Հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետի խոսքով, բոլոր իշխանությունների ժամանակ տարբեր արտոնություններից օգտվող գործարարները չեն փոխվում, ներդրումներն էլ հատկապես շինարարության ոլորտում երկարաժամկետ չեն լինում։ Խնդիրներ են առաջանում հատկապես օտարերկրյա կառուցապատողների համար. - «Օտարերկրյա ներդրողները, որպես տնտեսության զարգացման հետ կապված պոտենցիալ ներդրողներ, էստեղ անհավասար դաշտում են, իրենց խորթ է նմանատիպ գործելաոճը։ Իրենք հաստատ չեն գալու նվերների դիմաց ոչ թույլատրելի շինարարական նորմերով շինարարություն իրականացնեն և այլն»։

Մյուս ընկերությունը՝ «Նոյ ինվեստ գրուպ»-ը, զբաղվում է կառուցապատմամբ։ Այս ընկերության ստացած շինթույլտվությունների հետ կապված նույնպես հրապարակային համընկնումներ չգտանք։

«Բրենդ Քոմփյութրս» ընկերությունը համակարգիչներ ու գրասենյակային գույք է նվիրել, կառուցապատմամբ չի զբաղվում։ Մինչև նվերների ընդունումը, տարեվերջյան նիստում ընդդիմադիր և իշխանական որոշ ավագանու անդամների մոտ նույնպես հարցեր էին առաջացել, ասացին՝ այդ ընկերություններն ինչի՞ դիմաց են շուրջ 37 մլն դրամի նվիրատվություն արել քաղաքին։

Ավագանու ընդդիմադիր անդամներից Անի Խաչատրյանն անգամ «ռեկետային գործարք» որակեց սա։ Իսկ ավագանու իշխանական անդամներից Սաթենիկ Մկրտչյանին մտահոգեցին այս որակումներով տեսակետները, ասաց՝ եթե բոլոր նվիրատվություններն այս ենթատեքստով քննարկվեն, գործարարները կխուսափեն սոցիալական ծրագրեր իրականացնելուց։

Քաղաքաշինության ոլորտի համակարգմամբ զբաղվող Երևանի քաղաքապետի խորհրդական Դավիթ Ճգնավորյանն արձագանքեց հնչող հարցերին՝ ոչ մի գործարք չկա, մարդիկ ցանկացել էն օգնել Երևանին. - «Նմանատիպ պրակտիկա չկա ինչ-որ մի բան ինչ-որ մի բանի դիմաց տալու։ Շինթույլտվությունները տրվում են ըստ էն պահանջների և օրենսդրական չափորոշիչների, որոնք ֆիքսկված են կառավարության որոշումների մեջ։ Կոնկրետ ընկերությունը, որը որ համակարգչային սարքավորում ա նվիրաբերել քաղաքապետարանին, կառուցապատումով առհասարակ չի զբաղվում»։

Նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի ստորագրությամբ տրված շինթույլտվության վերաբերյալ, քաղաքապետարանի լրատվական վարչությունից փոխանցեցին, թե այդօրինակ բոլոր թույլտվություններում սովորաբար քաղաքապետի ստորագրություններն են լինում, բայց համայնքին արվող նվիրատվություններն ու տրամադրվող շինթույլտվություններն իրար հետ փոխկապակցված չեն. - «Քաղաքապետարանը տարվա ընթացքում հազարավոր շինթույլտվություններ է տրամադրում։ Դրանք բոլորը տրվում են գործող օրենքների և նորմերի շրջանակում, մշակվում և կազմվում են մասնագիտացված ստորաբանումների կողմից, և օրենքի պահանջով, համայնքի գործող ղեկավարը իր ստորագրությունն է դնում փաստաթղթերի վրա։ Նաև տասնյակ նվիրատվություններ են կատարվում կազմակերպությունների կողմից, որոնք իրենց գործունեության ընթացքում այս կամ այն կերպ առնչվում են կամ չեն առնչվում քաղաքապետարանի հետ։ Հետևաբար, համայնքին արվող նվիրատվությունները և տրամադրվող շինթույլտվությունները իրար հետ փոխկապակցված չեն»։

«Առհասարակ անցյալից եկող իներցիոն սովորություն է նվեր շինթույլտվիության դիմաց գործարքը», - ասում է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» իրավական հարցրերով փորձագետ Հայկ Մարտիրոսյանը։ Նրա ուսումնասիրությունները պարզել են, որ շինթույլտվությունների հարցը կարգավորող 30 իրավական փաստաթուղթ կա, դրանք բոլորը մեկը մյուսին հակասում են։ Մարտիրոսյանը համոզված է, որ քաղաքական կամք է պետք նաև գործող օրենսդրությունում փոփոխություններ անելու համար։

Հեղափոխությունից հետո, ասաց, իրավիճակը պետք է այլ լիներ. - «Մեր օրենսդրության մեջ կան կետեր, որոնք ասում են՝ գիտեք ինչ, եթե, օրինակ, հարևանությամբ սենց խնդիրներ կան՝ յոթ հարկ, եթե մի քիչ շեղումներ թույլ տանք, կարող տասներկու հարկ, կարող ա տասնութ հարկ։ Այս «կարող ա» բառերը ինքնին պարունակում են իրենց մեջ ռիսկեր։ Գործող իշխանությունները որևէ կերպ չեն նախաձեռնում փոփոխություններ իրականացնել այդ օրենսդրության մեջ, որը հնարավորություն կտա զսպել գոնե այն իրավիճակը, նաև որոշակիորեն բացառել այն խնդիրները, որոնք կան կոռուպցիոն տեսանկյունից»։

Ի դեպ, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին պաշտոնանկ անելուց մի քանի օր անց հայտնի դարձավ, որ վարչապետին առընթեր Պետական վերահսկողական ծառայությունը Երևանի քաղաքապետարանում ստուգումներ է սկսել։

XS
SM
MD
LG