Մատչելիության հղումներ

Հարկավոր է կոշտ կառավարում իրականացնել, հակառակ դեպքում նման աղետներ լինում են ու լինելու են․ Լևոն Բարսեղյան


Հարկավոր է կոշտ կառավարում իրականացնել, հակառակ դեպքում նման աղետներ լինում են ու լինելու են, «Ազատության» հետ զրույցում ասաց Գյումրիի Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանն՝ անդրադառնալով «Սուրմալու»-ում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունին։

Աղետի ենթարկված, թալանված պետական մեքենան առանց արմատական վերանորոգման, ոլորտների նկատմամբ կոշտ վերահսկողության չէր կարելի շահագործել, ասաց Բարսեղյանը՝ նկատելով նոր կառավարության մի շարք անդամներ, հատկապես վարչապետը, շատ լավ գիտեին այդ մեքնեայի վիճակը, բայց «նստեցին ղեկին ու քշեցին»։

«Նոր իշխանությունը խոսում է այն մասին, որ դա պետք է բարեփոխվի, դա պետք է նորոգվի անշուշտ, հանցագործները պետք է գտնվեն և պատժվեն, ապօրինի գույքը պիտի վերադարձվի, բայց շարունակում են քշել էդ մեքենան, ու մենք պարբերաբար նման աղետների ենք հանդիպում։ Իսկապես, ամեն օր մենք տեսնում ենք նման փորձանքների նախադրյալներ, իսկ դրա համար հարկավոր է կոշտ կառավարում իրականացնել։ Շատերին դուրը չի գա, կասեն՝ «այ մարդ, մի կտոր հացի տեր ենք, ընտանիք ենք պահում, էս ինչ եք անում, 20-30 տարի աշխատել են բան չի եղել, էլի չի լինի, բայց լինում է ու էլի կլինի», - ասաց Բարսեղյանը։

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից 16 մարդ զոհվեց, երկու մարդ համարվում է անհետ կորած։

Կառավարության վերջին նիստին, անդրադառնալով «Սուրմալու»-ի դեպքին, Փաշինյանը հայտարարեց՝ Հայաստանում անվտանգության կանոնների պահպանության գործում պետք է գնալ նոր չափանիշների, և այս հարցում չպետք է լինեն փոխզիջումներ։

Գործադիրի ղեկավարը խոստովանեց՝ խնդիրները կաթիլ-կաթիլ կուտակվում են ու ի վերջո պայթում։ Մատնանշելով, օրինակ, մանկական զբոսայգիների՝ կառուսելների ոլորտը, վարչապետը նկատեց՝ թղթաբանությամբ, տեղեկանքներով ամեն ինչ նորմալ է, «բայց կառուսելներին նայում ես, 70 տոկոսն, աղետի նախանշան է»։

Ըստ պաշտոնական վիճակագրության` Հայաստանում բարձր ռիսկայնության մոտ 30 հազար օբյեկտ կա, որոնցից յուրաքանչյուրը պետք է ստուգվի տարեկան առնվազն մեկ անգամ։ Այս գործը կառավարությունը վստահել է Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին, որտեղ աշխատում է ընդամենը 16 տեսուչ: Վերահսկող մարմնից ասում են՝ 30 հազարից տարեկան 500-ն են հասցնում ստուգել։ Այլ կերպ ասած` բարձր ռիսկայնության շենքերի 98 տոկոսը այդպես էլ չի ստուգվում և մնում է ճակատագրի քմահաճույքին։

«Կիրակնօրյա վերլուծականի» օգոստոսի 21-ի հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG