Մատչելիության հղումներ

Իրանը պաշտոնապես արձագանքել է միջուկային համաձայնագրին վերաբերող ԵՄ առաջարկին


Դրական պատասխան՝ որոշակի վերապահումներով. դիվանագիտական աղբյուրներն այսպես են բնութագրում անցած կեսգիշեր աշխարհի առաջատար մայրաքաղաքներ ուղարկված իրանական պատասխանը, որ վերաբերում էր իսլամական հանրապետության միջուկային ծրագրի շուրջ ԵՄ հեղինակած նոր պայմանագրի նախագծին։

Իրանի պաշտոնական IRNA գործակալությունը, հաղորդելով, որ Թեհրանն այս գրավոր պատասխանում կենտրոնացել է բանակցությունների ընթացքում առավել խորը տարաձայնությունների առիթ դարձած երեք թեմաների վրա, չի հստակեցնում դրանց էությունը:

«Այս հարցերից երկուսում Միացյալ Նահանգների ներկայացուցիչները վերջերս սկսել էին որոշակի ճկունություն ցուցաբերել։ Դա, սակայն, տեղի էր ունեցել բանավոր հայտարարությունների տեսքով, և այժմ հարկավոր է դրանք ֆիքսել համաձայնագրի տեքստում։ Երրորդ խնդիրը, որ վերաբերում է համաձայնագրի շարունակականության երաշխիքներին, Միացյալ Նահանգների իրատեսական մոտեցումն է պահանջում», - հաղորդել է իրանական գործակալությունը։

Այն, որ միջուկային համաձայնագրի վերջնական ճակատագիրը կախված է Վաշինգտոնի պատասխանից, երկուշաբթի երեկոյան հայտարարել է նաև Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր-Աբդոլահիանը։

«Եթե Միացյալ Նահանգները ցուցյ տա, որ կարող է իրատես և ճկուն լինել, ապա մենք ի վիճակի կլինենք վերջնական համաձայնության հանգել արդեն առաջիկա մի քանի օրերին։ Եթե ոչ, չեմ կարծում, որ դա աշխարհի վերջը կլինի», - նշել է Իրանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը։

Պաշտոնական Վաշինգտոնը, սակայն, ճկունության նշույլներ առայժմ չի ցուցաբերում։ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը իրանական պատասխանը ստանալուց մի քանի ժամ առաջ Վաշինգտոնում հրավիրված ճեպազրույցի ժամանակ նշել էր, որ Թեհրանը փորձում է բանակցությունները դուրս բերել դրանց հիմնական օրակարգային շրջանակից։

«Կան հարցեր, որոնք իրանցիները շրջանառության մեջ են դնում, թեև դրանք չեն վերաբերում միջուկային համաձայնագրին։ Ամեն անգամ, երբ նրանք անում են դա, մենք հստակորեն հայտարարում ենք՝ այս համաձայնագիրը վերաբերում է բացառապես մեկ խնդրի՝ միջուկային ծրագրին։ Եվ մենք պատրաստ ենք բանակցություններ վարել բացառապես այդ թեմայի շուրջ», -շեշտել է Պետքարտուղարության խոսնակը։

Վիեննայի բանակցությունների այն մասնակիցները, որոնք արդեն ծանոթացել են իրանական պատասխանին, առայժմ չեն շտապում հանրայնացնել այն՝ նշելով միայն, որ Թեհրանից ստացված փաստաթուղթը ընդհանուր առմամբ դրական է և տեղ է թողնում վերջնական համաձայնության ձեռքբերման համար։ Բանակցություններում Ռուսաստանը ներկայացնող դեսպան Միխայիլ Ուլյանովի խոսքով, օրինակ, «իրանական առաջարկները բավական կառուցողական են»։

Բայց ի՞նչ կլինի եթե Վաշինգտոնում, ի տարբերություն Մոսկվայի կամ Բրյուսելի, իրանական առաջարկները բավականաչափ կառուցողական չհամարեն։ Արևմտյան որոշ շրջանակներ մտավախություն ունեն, որ այդ դեպքում Իրանը կարող է դիմել պահեստային տարբերակի օգնությանը՝ դադարեցնելով բանակցությունները և հաշված ամիսների ընթացքում միջուկային զենք ստեղծելով՝ մի քայլ, որի հնարավորոթյությունն, ըստ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության, Թեհրանը ունի։

«Արևմուտքում խոսում են այսպես կոչված` «Պլան Բ»-ի մասին։ Մենք էլ մեր «Պլան Բ»-ն ունենք, սակայն ըստ իս` այս խնդիրն ի վերջո պետք է լուծվի իրատեսական մոտեցումների հիման վրա և բանակղությունների միջոցով», - հայտարարել է Իրանի արտգործնախարարը։

Ամերիկյան Politico հանդեսի տեղեկություններով` իրանական կողմն իր պատասխանում այլևս չի պահանջում սահմանափակել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսուչների ակտիվությունը երկրի տարածքում գտնվող միջուկային օբյեկտեներում։ Խոսքը, մասնավորաբար, կոնսերվացված օբյեկտներում հայտնաբերված ուրանի հետքերին վերաբերող այն հետաքննության մասին է, որ ՄԱԳԱՏԷ-ն նախաձեռնել էր ամիսներ առաջ։ Այս մասին Politico-ին հայտնել է Թեհրանից սատցված փաստաթղթի բովանդակությանը ծանոթ արևմտյան պաշտոնյաներից մեկը։ Նույն աղբյուրի փոխանցմամբ` այս պատասխանում իրանցիները հիմնականում կենտրոնացել են տնտեսական թեմաների՝ առաջին հերթին պատժամիջոցների վերացման և դրան առնչվող երաշխիքների վրա։

ԵՄ ներկայացուցիչները արդեն իսկ հայտարարել են, որ ուսումնասիրում են Իրանի ստացված փաստաթուղթը։ Արևմտյան մամուլում, սակայն, ընդգծում են՝ վերջին խոսքը միևնույն է` պատկանելու է Միացյալ Նահանգներին նախ և առաջ այն պատճառով, որ Իրանի դեմ սահմանված ամենակոշտ պատժամիջոցների հեղինակը հենց ամերիկացիներն են։

«Եթե Իրանը ցանկանում է, որ պատժամիջոցները վերացվեն, այն պետք է փոխի իր վարքագիծը։ Իրանցիները նախ և առաջ պետք է հրաժարվեն այն վտանգավոր պահվածքից, որը այս պատժամիջոցների սահման պատճառ է հանդիսացել», - ասել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը։

XS
SM
MD
LG