Մատչելիության հղումներ

ԵՄ-ն ներկայացրել է միջուկային գործարքի համաձայնագրի վերջնական տարբերակը և սպասում է կողմերի հավանությանը


Իրանի միջուկային գործարքի հարցով Վիեննայում հինգ ամսվա դադարից հետո վերսկսված բանակցություններում Եվրամիությունը ներկայացրել է համաձայնագրի վերջնական տարբերակը և սպասում է կողմերի հավանությանը։ Բրյուսելը պնդում է, որ փաստաթուղթը փոփոխությունների ենթակա չէ, գործարքի վերածնունդը այժմ կախված է ամերիկյան և իրանական իշխանություններից, Թվիթերում հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը:

«Այն, ինչի շուրջ հնարավոր էր պայմանավորվել, արդեն քննարկվել է և ներառվել վերջնական տեքստում, սակայն յուրաքանչյուր տեխնիկական հարցի և յուրաքանչյուր կետի ետևում թաքնված է քաղաքական որոշումը, որը պետք է ընդունվի մայրաքաղաքներում։ Եթե այդ պատասխանները դրական լինեն, ապա մենք կարող ենք ստորագրել գործարքը», - նշել է Բորելը։

Իրանի միջուկային ծրագրի շուրջ 2015-ին կնքված համաձայնագրի գործողության վերականգնման հարցով Բրյուսելի միջնորդությամբ Միացյալ Նահանգների և Իրանի բանագնացներ Ռոբերտ Մալլի և Ալի Բաղերի Կանիի միջև բանակցությունները շարունակվում են ավելի քան 15 ամիս։ Վաշինգտոնի և Թեհրանի միջև անուղղակի բանակցությունների վերջին փուլը Կատարի մայրաքաղաք Դոհայում էր հունիսին, որն ավարտվել էր առանց շոշափելի արդյունքների։ Արևմտյան աղբյուրների համաձայն` վերջին օրերին ձեռք բերված առաջընթացը հնարավոր է դարձել երկու հիմնական պահանջներից Թեհրանի հրաժարվելուց հետո:

Իրանի իշխանություններն այլևս չեն պնդում, որ Միացյալ Նահանգները օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությունների ցանկից չեղարկի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։ Բացի այդ, պաշտոնական Թեհրանը երաշխիքներ չի պահանջում ԱՄՆ հաջորդ նախագահից միջուկային գործարքից չհրաժարվելու հարցով։

Փոխարենը Իրանն այլ պահանջ է ներկայացրել` դադարեցնել ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) տեսչական ակտիվությունը, մասնավորապես փակել իրանական երեք կառույցներում հայտնաբերված ռադիոակտիվ հետքերի ծագման հարցով հետաքննությունը:

Միջազգային գործակալությունը ստուգումները նախաձեռնել էր տարիներ առաջ` հիմնվելով Իրանի հակառակորդ Իսրայելի տրամադրած հետախուզական տվյալների հիման վրա։ ՄԱԳԱՏԷ-ն պնդում է, որ Իրանն այդ հարցով մինչ օրս համոզիչ պարզաբանումներ չի ներկայացրել և որ պատրաստ է փակել հետաքննությունը, եթե Թեհրանից պաշտոնական բացատրություն ստանա։

Գործակալության գլխավոր քարտուղար Ռաֆայել Գրոսսին նշել է, որ կառույցի համար դժվար է վերականգնել իր պատկերացնումներն այն մասին, թե ինչ փուլում է գտնվում Իրանի ուրանի հարստացման ծրագիրը, քանի որ Թեհրանն ավելի վաղ մի քանի ամսով արգելափակել է տեսուչների մուտքը միջուկային օբյեկտներում տեղադրված տեսախցիկներին և դրանց ձայնագրություններին։

«Կարծում եմ` բոլորի համար և հատկապես Թեհրանում պետք է շատ հստակ լինի, որ իրենց շահերից է բխում համագործակցել ՄԱԳԱՏԷ-ի հետ՝ ձեռք ձեռքի տված աշխատելով մեզ հետ, պատասխանելով մեր հարցերին, թույլատրել մեր տեսուչների մուտքը։ Կստեղծվի անհրաժեշտ վստահությունը։ Միայն խոստումներն ու բարի խոսքերը բավարար չեն», - շեշտել է նա:

Փորձագետների համոզմամբ` միջուկային գործարքի վերականգնումը անհրաժեշտ է նախ և առաջ Իրանին, որը հնարավորություն կստանա իրանական նավթն արտահանել միջազգային շուկա և էներգակիրների բարձր գների պայմաններում արագ կլցնի երկրի բյուջեն։ Ակնկալվում էր, որ Միացյալ Նահանգների և Իրանի բանագնացները Վիեննայի բանակցություններից հետո կվերադառնան հայրենիք՝ համաձայնագրի նախագիծը քննարկելով իրենց երկրների քաղաքական ղեկավարների հետ։ Թեհրանից առայժմ հստակ արձագանք չկա, Վաշինգտոնն արդեն հայտարարել է՝ պատրաստ է կարճ ժամկետներում ստորագրել Եվրամիության առաջարկների հիման վրա կազմված փաստաթուղթը, CNN-ին ասել է Պետքարտուղարության խոսնակը։

«Մեր դիրքորոշումը հստակ է. մենք պատրաստ ենք արագ գործարք կնքել ԵՄ-ի առաջարկների հիման վրա: Ես չեմ շահարկի Իրանի դիրքորոշումը: Նրանք բազմիցս ասել են, որ պատրաստ են վերադառնալ գործարքի վերականգնմանը, ինչպես հստակեցրել է ԵՄ -ի համակարգողը, այս տեքստը միակ հնարավոր հիմքն է դա անելու համար։ Տեսնենք՝ արդյոք նրանց գործողությունները համընկնում են իրենց խոսքերին», - Պետքարտուղարության խոսնակի պատասխանն է մեջբերում ամերիկյան լրատվամիջոցը։

Ընդդիմախոսները նշում են, որ եթե միջազգային պատժամիջոցների դիմաց Իրանը համաձայնի սահմանափակումների ուրանի հարստացման հարցում, երկիրն արդեն բավարար գիտելիքներ ունի՝ ցանկության դեպքում ստեղծելու միջուկային զենք։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG