Մատչելիության հղումներ

Տաթև-Աղվանի ճանապարհի 17,5 կմ հատվածում առկա թերությունները վերացվել են․ նախարար


Կառավարությունը պետբյուջեից 2 մլրդ 734 մլն դրամ հատկացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը երեք ճանապարհահատվածների, այդ թվում՝ Տաթև-Աղվանի ճանապարհի շինարարության համար։

Գորիս-Կապան ճանապարհի այլընտրանքը համարվող Տաթև-Աղվանի 43 կիլոմետրանոց ճանապարհը շահագորշման հանձնվեց անցած տարեվերջին։ Ճանապարհի կառուցման ավարտից մոտ կես տարի անց մարզպետի մակարդակով բարձրացվեց ճանապարհի որոշ հատվածների վատ վիճակի հարցը։

Վաչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր նկատեց՝ ճանապարհը շահագործման էր հանձնվել ֆորսմաժորային իրավիճակում, պրոբլեմը հիմնականում հիմնային էր, փոսեր էին առաջանում, շինարարները հիմքը քանդել են, ամրացրել։

Նախարար Գնել Սանոսյանն էլ հավելեց՝ ճանապարհի 17,5 կմ հատվածում առկա թերությունները վերացվել են, վերին շերտն է տեղադրվում և գումարն անհրաժեշտ է վերին շերտի տեղադրման համար։

«Հիմա 500 մետրից էլ ավելի քիչ հատված է մնացել և հավանաբար վաղն այլևս փոսեր չենք ունենա՝ ասֆալտածածկ կլինի և երրորդ շերտի տեղադրման պրոցեսը սկսվել է՝ մոտ 5,8 կմ տեղադրվել է, հավանաբար եթե հասցնենք հաջորդ կառավարության նիստում մյուս շինարարին գումար կհատկացնենք էնտեղի շերտի համար», - ասաց նախարարը՝ չբացառելով, որ այնուամենայիվ որոշ հատվածներում կրկին խնդիրներ ծագեն, որոնք «հընթացս կշտկվեն»։

Սեպտեմբերին, երբ Հայաստանի հարավում Գորիս-Կապան ճանապարհի ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատվածում ադրբեջանցիները սկսեցին կանգնեցնել ու մի քանի հարյուր դոլարի հասնող ճանապարհային տուրք պահանջել իրանցի բեռնափոխադրողներից, Հայաստանի իշխանությունները հայտարարեցին, որ արագ կբարեկարգեն այլընտրանքային գրունտային ճանապարհը։ Ամիսներ անց վարչապետը հայտարարեց՝ «Տաթև-Աղվանիի կառուցումը համարում ենք ավարտված, բավական ժամանակ երթևեկելի է, նորմալ է», վարորդները, սակայն, պարբերաբար բարձրաձայնում էին բազմաթիվ խնդիրների մասին։

Զուգահեռ մեկ այլ՝ Տաթև-Լծեն ճանապարհն էր նախատեսվում կառուցել, որն էլ իր հերթին պետք է ոլորաններ ունեցող Տաթև-Աղվանիի այլընտրանքը դառնար ու Տաթև գյուղը շրջանցեր։

Վարչապետն ասաց, որ ընթացքի մեջ է նաև այս ճանապարհի շինարարությունը, նախարարն էլ հավելեց՝ դժգոհություններ ունեն աշխատանքային տեմպի հետ կապված։

XS
SM
MD
LG