Մատչելիության հղումներ

Գյումրիում երթուղի դուրս եկավ դեռ մեկ տարի առաջ գնված միկրոավտոբուսների առաջին խմբաքանակը


Գյումրիում այսօր երթուղի դուրս եկավ դեռ մեկ տարի առաջ գնված միկրոավտոբուսների առաջին խմբաքանակը։ Դրանք կսպասարկեն քաղաքի ամենածանրաբեռնված երթուղիներից մեկը։ Ինչպես Երևանի նոր ավտոբուսների պարագայում, այստեղ էլ ուղևորները պետք է պարտադիր հարյուր դրամանոց ունենան: Սա մի փոքր խառնաշփոթ ստեղծեց, վարորդն ամեն բարձրացող ուղևորի հորդորում էր մանրադրամը գցել սարքի մեջ։

Երկար տարիներ տրանսպորտի անմխիթար վիճակից բողոքող գյումրեցիները անակնկալի էին եկել՝ առավոտյան կանգառում նոր միկրոավտոբուսները տեսնելով:

«Մենք իմացել ենք` տրանսպորտային միջոցները քաղաքում կան, անհամբեր սպասում էինք, բայց չէինք մտածում, որ մեր երթուղում կլինի հենց առաջինը: Շատ հաճելի էր անակնկալը», - ասում են տեղացիները:

Քաղաքապետարանն առայժմ ընդամենը 15 նոր միկրոավտոբուս է շահագործում, այն էլ միայն մեկ երթուղում: Տրանսպորտի բաժնի պետ Գեորգի Ղազարյանն ասում է՝ միայն այդ 15-ի համար են փաստաթղթային ու տեխնիկական հարցերը հասցրել լուծել։ Գյումրեցիներն արդեն մեկ տարի է` բողոքում էին, թե քաղաքային իշխանությունները նոր մեքենաներ են գնել, բայց չեն շահագործում։

Պաշտոնյան միկորոավտոբուսների ուշ շահագործումն այսպես բացատրեց. «Ամեն ինչը կապված էր պարկի վերանորոգումների հետ, տեխնիական խնդիրներ էին, քանի որ նոր էին ներկրվել մեքենաները ու չէին շահագործվել, տեխզննում ենք անցկացրել»:

Տրանսպորտի բաժնի պետը չասաց, թե հաջորդ խմբաքանակը երբ երթուղի դուրս կգա։

Ավագանու ընդդիմադիր «Զարթոնք» խմբակցության ղեկավար Վարդևան Հակոբյանը քաղաքի տրանսպորտի անմխիթար վիճակի մասին պարբերաբար է բարձրաձայնում: Մեկ ընկերության կողմից իրականացվող սպասարկան որակից դժգոհ է, ասում է` եկամուտ են ստացել միան վատ սպասարկման համար:

«Պիկ ժամի աշխատելու, որտեղ որ շատ կան բնակիչներ, այսինքն` խիտ է, այնտեղ ավելի շատ մեքենաներ աշխատելու, որտեղ քիչ է, բայց էնտեղ էլ են չէ մարդիկ գնալ-գալու, չիրականացնելու, հետո երեկոյան ժամերին չլինելու, շաբաթ-կիրակի չլինելու, տասը հոգու տեղը քսան հոգի նստելու, այսինքն` որակի հաշվին է այդ ամենը տեղի ունեցել, թե չէ բա էլ ինչո՞ւ է ժողովուրդը էլ դժգոհում: Հիմա մենք ասում ենք, որ դա պիտի լինի որակյալ», - ասաց նա:

Հիմա նոր տրանսպորտային միջոցների երթուղի դուրս գալուց հետո կարծիք է հայտնում, թե տրանսպորտը վնասով է աշխատելու, ու քաղաքապետարանը տեղական բյուջեից պետք է միջոցներ հատկացնի. «Նորմալ աշխատելու պարագայում ինքը վնասով է աշխատելու, շատերը զարմանում են: Մեր հաշվարկներով` մինիմում ամսական նորմալ պիտի ապահովի, 30 միլիոն ամսական վնաս է ունենալու ՓԲԸ-ն, ինչպես է որ կումանալի, մաքրելու, լուսավորության, մյուս հարցերում համայնքապետարանը փող է տրամադրում, որ նորմալ սպասարկվի, տրանսպորտը դրանից ոչ պակաս կարևոր է»:

Ավագանու ընդդիմադիր անդամը շեշտում է, որ լիարժեք սպասարկման համար ավելի քան 120.000 բնակչություն ունեցող Գյումրիին 100-120 միկրոավտոբուս է անհրաժեշտ: Առայժմ 65 միկրոավտոբուս է գնվել, ևս 20-30-ի կարիքը կա, ասում է քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի պետը։ Հաջորդ տարի սուբվենցիոն ծրագրով փորձելու են պակասը լրացնել:

XS
SM
MD
LG