Մատչելիության հղումներ

Գյումրիի քաղաքային իշխանության հավակնորդները ներկայացնում են հանրային տրանսպորտի բարալավման իրենց տեսլականը


Նոր միկրոավտոբուսները Գյումրիում
Նոր միկրոավտոբուսները Գյումրիում

Գյումրիում հոկտեմբերի 17-ին կայանալիք ընտրություններին մասնակցող ուժերը իրենց ծրագրերում ներկայացնում են նաև քաղաքի տրանսպորտային համակարգի զարգացման տեսլականները։

Մոտ 100 հազար բնակչություն ունեցող, մեծությամբ Հայաստանի երկրորդ քաղաքում տրանսպորտը սպասարկում է մեկ ընկերություն՝ շուրջ 90 միկրոավտոբուսով, որոնց մեծ մասը բավականին հնամաշ է։

Վերջերս քաղաքապետարանի ու կառավարության համատեղ ֆինանսավորմամբ 63 միկրոավտոբուս ձեռք բերվեց, բայց դրանք դեռ չեն շահագործվում: Քաղաքապետարանը նոր միկրոավտոբուսները նախատեսում է շահագործել նոյեմբերին, երբ Գյումրիում ավարատված կլինեն փողոցների հիմնանորոգման աշխատանքները:

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության քաղաքապետի թեկնածու Վարդևան Հակոբյանը նախընտրական հանդիպումների ժամանակ անձամբ ընտողներից է բազմաթիվ դժգոհություններ լսել տրանսպորտի աշխատանքի մասին, մասնավորապես, որ երեկոյան ժամերին հանրային տրանսպորտը չի գործում։ Հակոբյանն ասում է՝ իրենք ելնելով երթուղու ծանրաբեռնվածությունից, կսահմանեն, թե մինչև ժամը քանիսն են գործելու միկրոավտոբուսները։

Նաև տրանսպորտային ցանցի էլեկտրոնային կառավարման մոդել են նախատեսում ներդնել. - «Ես խոսել եմ Այ-Թի ոլորտի մասնագետների հետ, հնարավոր է նաև, որ մեր քաղաքացին իր բջջային հեռախոսով հասկանա, թե որ ժամին, որ րոպեին որ տրանսպորտային միջոցը կարող է անցնել այդ տարածքով, որ ինքը երկար արդեն չսպասի»։

Ազգային անվտանգության ծառայության նախկին սպան հավելում է, թե ընտրվելու դեպքում իրենք կփոխեն նաև տրանսպորտի սպասարկման չափորոշիչները. - «Հասանելի է դառնալու նաև հաշմանդամների համար, կանգառների վերանանորոգումը այլ ձևաչափով է լինելու։ Հետո աբոնենտային վճարների ենք անցնելու, որը բերելու է իր դրական ազդեցությունը։ Եվ էսպես ինքը ամբողջական մի տեսք է ունենալու, ձևաչափ, տեղադրվելու է լուրջ, համակարգված կառավարում»։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախատեսում է Գյումրիի տրանսպորտային պարկը համալրել նոր միկրոավտոբուսներով կառավարության հետ սուբվենցիոն ծրագրի շրջանակներում, երբ գումարի մի մասը տրամադրում է համայնքը, մյուս մասը՝ գործադիրը։

«Արդեն կա պայմանավորվածություն, որ մենք մյուս տարի ևս շարունակելու ենք այդ ծրագիրը, որպեսզի համալրենք այն քանակով, ինչքան անհրաժեշտ է համայնքի համար՝ ստեղծելով համայնքային տրանսպորտային ցանց», - ասում է իշխող ուժի քաղաքապետի թեկնածու, Շիրակի գործող մարզպետ Հովհաննես Հարությունյանը։

Նա խոստանում է, թե «գիծ-գծատեր» չի լինի, նոր միկրոավտոբուսները պետք է համայնքապետարանը շահագործի, քանի որ ենթադրում է, որ սկզբնական շրջանում համակարգը եկամտաբեր չի լինի. - «Ես կողմնակիցն եմ, որ դա լինի համայնքապատկան, որովհետև նման տեսակից ցանց ունենալուց, կարծում եմ, որ սկզբից ինքը շատ մեծ շահույթով չի լինի, և համայնքային բյուջեից անընդհատ անհրաժեշտ է լինելու ֆինանսական սրսկումներ անել դեպի այդ կառույց։ Բայց հետագայում, քաղաքի ակտիվացմանը զուգահեռ, արդեն համայնքային կառույցը կլինի ինքնաբավ և կկարողանա լավ որակով ծառայություն մատուցել»։

«Հայրաքաղաք» դաշինքում հաշվել են, թե ներկայիս 90-ի փոխարեն քանի միկրոավտոբուս է պետք գյումրեցիներին լիարժեք սպասարկելու համար։ Դաշինքի քաղաքապետի թեկնածու Լևոն Բարսեղյանն ասում է, որ Գյումրիին մոտ 200 միկրոավտոբուս է պետք։ Նրա կարծիքով, մինչև անհրաժեշտ քանակի միկրոավտոբուսների ձեռք բերումը համայնքապետարան- մասնավոր տարբերակը պետք է գործի. - «Երբ ունենանք պատշաճ քանակությամբ համայնքապատկան հասարակական տրանսպորտ, մասնավորից այդ գնումների պրակտիկան կդադարեցվի։ Տեսակետ ունենք նաև, որ կարող են դրանք զուգահեռ իրար հետ աշխատել, հասկանալի է՝ ոչ նույն գծերի վրա»։

«Հայրաքաղաք» դաշինքը նախատեսում է նաև տրանսպորտի ժամանակակից չվացուցակ ունենալ. - «Մեր ծրագրով մենք նախատեսում ենք, որ երթևեկությունը հասարակական քաղաքում պիտի սկսվեի ժամը յոթին և ավարտվի երեկոյան ժամը տասնմեկին։ Հասարակական տրանսպորտը պիտի երթևեկի հստակ գրաֆիկով, ժամանակացուցով։ Ժամակարգը հանրության պիտի հայտնի լինի, բոլոր կանգառներում պիտի փակցված լինի։ Վարորդները փողի հետ պիտի գործ չունենան, վարորդական էթիկան պիտի նորմավորվի»։

Գյումրիի ավագանու ընտրություններին տասը դաշինք ու կուսակցություն է մասնակցում։ Սեպտեմբերի 22-ից մեկնարկած քարոզարշավը բավականին պասիվ է ընթանում։

XS
SM
MD
LG