Մատչելիության հղումներ

Հստակ չէ, թե Գյումրիում երբ կսկսեն շահագործվել դեռ մեկ տարի առաջ ձեռք բերված միկրոավտոբուսները


Ինչո՞ւ Գյումրիում երթուղի չեն մտնում 63 նոր միկրոավտոբուսները, որ համայնքապետարանը ձեռք էր բերել ավելի քան մեկ տարի առաջ։ Քաղաքային նախկին իշխանությունները խոստանում էին, որ դրանք կշահագործվեն աշնանը, նորերն էլ թե՝ մինչև ամառվա սկիզբ։

Ավագանու վերջին նիստում քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը հայտարարել էր. - «Մենք նախատեսել ենք մինչև մայիսի վերջ հունիսի սկիզբ գոնե կարողանանք մեր տրանսպորտը արդեն կարողանանք շահագործենք։ Մեր համար էլ է անընդունելի։ Պետք է շուտ սկսեինք, որ մեր ազգաբնակչությունը կարողանա նորմալ, լավ վիճակում տեղափոխության խնդիրը լուծել»։

Իսկ գյումրեցիները, որ տարիներով հին ու մաշված միկրոավտոբուսներով են երթևեկում, դեռ անցած տարվանից նորերին են անհամբեր սպասում։

Մոտ 120 հազար բնակիչ ունեցող Գյումրիում որոշակի ժամերի տրանսպորտից օգտվելը դառնում է գրեթե անհնարին։ Կանգառում հարցազրույցի պահին մոտեցած միկոավտոբուսի մեջ ասեղ գցելու տեղ չկար:

Գյումրիի քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի առաջատար մասնագետ Արամ Սարուխանյանն ասում է՝ տրանսպորտային բարեփոխման հերթական ձգձգման պատճառը նոր ավտոբուսային պարկի կառուցումն է, որը պետք է սպասարկի նոր միկրոավտոբուսները: Այդ նպատակով համայնքապետարանը հիմնել է «Գյումրի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերությունը:

«Այդ հիմնարկի ձևավորման փուլում ենք, ինչպես նաև պարկի կառուցման աշխատանքներն ա ընթանում, որ կարողանանք լրիվ, ամբողջական վերջացնենք և կարողանան նոր «Գազել»-ները դուրս գան երթուղի», - ասաց Սարուխանյանը։

Քանի դեռ նոր ավտոբուսային պարկը կառուցված չէ, միկրովտոբուսները չեն շահագործվի։ Քաղաքապետարանի պաշտոնյան դժվարացավ շահագործման ժամկետ ասել. - «Բայց մենք բոլորս էլ ուզում ենք, որպեսզի օր առաջ մեքենաները դուրս գան երթուղի։ Քաղաքացիներն էլ բոլորը դրան են սպասում»։

Գյումրիում ավտոբուսներ չկան։ Այս պահին մոտ 90 միկրոավտոբուս է գործում, որոնք պետք է երթուղուց դուրս գան։ Կառավարության համաֆինանսավորմամբ գնված 63-ից բացի, համայնքապետարանը իր միջոցներով անցած տարի ևս 3-ն էր ձեռք բերել։ Այսինքն ընդհանուր նոր 66 միկրոավտոբուս կա, բայց քաղաքային ցանցը սպասարկելու համար ևս ավելի քան 20-ն է անհրաժեշտ։

Այս պահին պարզ չէ, թե ինչ միջոցներով է հնարավոր պարկը համալրել:

Նոր միկրոավտոբուսները երթուղի դուրս կգան նոր երթուղային ցանցով, որը ավագանին է հաստատելու։ Քաղաքապետարանն այժմ վարորդների է հավաքագրում, ընդհանուր առմամբ 160 վարորդի հաստիք կա։

Տրանսպորտային բարեփոխումը մի քանի անգամ հետաձգած քաղաքային իշխանությունները խոստանում են, թե կգործի ժամանակացույց, վարորդները գումարի հետ գործ չեն ունենա, ուղեվարձի համար հատուկ սարքեր կտեղադրվեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG