Մատչելիության հղումներ

ՊՎԾ-ն ոչ հերքում, ոչ էլ հաստատում է քաղաքապետարանում խախտումներ հայտնաբերելու մասին տեղեկությունը


Երևանի քաղաքապետարանի շենքը, արխիվ
Երևանի քաղաքապետարանի շենքը, արխիվ

Վարչապետին կից Պետական վերահսկողական ծառայությունը (ՊՎԾ) քաղաքապետարանում շուրջ 16 միլիարդ դրամի կամ մոտ 40 միլիոն դոլարի խախտումներ է հայտնաբերել, տեղեկությունն այսօր հաղորդեց Radar Armenia-ն։ Լրատվամիջոցը չի բացահայտում է՝ որն է տեղեկատվության աղբյուրը։ Պետական վերահսկողական ծառայությունից ոչ հերքեցին, ոչ էլ հաստատեցին այդ տեղեկությունը։

ՊՎԾ-ից միայն գրավոր պատասխանեցին. «Երևանի համայնքապետարանում Պետական վերահսկողական ծառայության կողմից իրականացված ուսումնասիրության արձանագրած փաստերն ուղարկվել են վերահսկվող օբյեկտին՝ դրա վերաբերյալ կարծիք ներկայացնելու նպատակով: Կարծիքը ստանալուց հետո արդյունքները զեկուցվում են վարչապետին և կարող են հիմք հանդիսանալ համապատասխան հանձնարարականներ տալու և պատասխանատվության միջոցներ կիրառելու կամ դրանց կիրառման մասին հանձնարարականներ տալու համար»:

Ըստ հրապարակման, չարաշահումները կատարվել են 2018-21 թվականներին՝ Հայկ Մարությանի իշխանավարման օրոք։ Նախկին քաղաքապետի հետ կապ հաստատել մեզ այսօր չհաջողվեց։

Մինչ ՊՎԾ-ն հրաժարվում է հաստատել այս տեղեկությունն ու մանրամասներ փոխանցել, դա լրատվամիջոցն է անում։ Radar.am-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրում է, թե չարաշահումներ են հայտնաբերվել քաղաքային տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում, հազարավոր շինթույլտվություններ ժամկետից ուշ են տրամադրվել, 3000-ից ավելի ինքնակամ կառույցներ օրինականացվել, մեծ մասամբ՝ առանց տույժ-տուգանքների։

Երևանի քաղաքապետարանից մեզ փոխանցեցին, որ ստացել են ՊՎԾ-ի զեկույցը և դեռ ուսումնասիրում են այն։ Թե երբ դրանք հետ կուղարկեն ՊՎԾ, լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը չհայտնեց:

«Ստուգումների արդյունքներն ուսումնասիրվել են քաղաքապետարանում: Օրենքով սահմանված ժամկետներում քաղաքապետարանի տեսակետը կուղարկվի արդեն Պետական վերահսկողական ծառայությունը», - նշեց Սարդարյանը:

«Սա քաղաքապետի ընտրություններին ընդառաջ՝ դիտավորյալ արված արտահոսք է»,- ասում է պատերազմից հետո ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը լքած Էռնեստ Ավանեսովը։ Եթե այս լուրերը ճիշտ են, ապա Մարությանին հենց այդ հիմքով պետք է պաշտոնից հեռացնեին, ոչ թե քաղաքական անհամաձայնությունների պատճառով, ասում է ավագանու արդեն անկախ անդամը։

«Ճիշտ չի, մեղմ ասած, լավ փոփոխությունները վերագրել կոնկրետ մարդկանց, իսկ բացասականն ասել՝ ինքն ա եղել, էդպես մի տեսակ չի լինում: Տարօրինակ զուգադիպություն է, բայց հասկանալի կոնտեքստում, միայն հիմարը չի հասկանա՝ ինչի համար է այս ամեն ինչը արվում, այսինքն նախընտրական փուլում սևացնելու համար պոտենցիալ թեկնածուին ու ճանապարհ հարթելու թվացյալ մետրոյի շինարար որևէ մեկի համար», - ընդգծեց Ավանեսովը:

Մարությանը, որ իշխանության էր եկել հեղափոխությունից հետո՝ Փաշինյանի հետ, նույն թիմի կողմից պաշտոնանկ արվեց ամիսներ առաջ։ Հրաժեշտի ելույթում նա կոշտ հայտարարություններ էր հնչեցրել նախկին կուսակիցների հասցեին՝ մեղադրելով նրանց հեղափոխական արժեքներին դավաճանելու համար, այդուհետ՝ լռել։ Մինչ օրս նա իր ապագա ծրագրերին մասին չի խոսել, չի ասել՝ մտադիր է արդյոք առաջադրվել հաջորդ ընտրություններում։

Ի դեպ, լրատվամիջոցը, որ հրապարակել է չարաշահումների մասին տեղեկությունը, ըստ բաց աղբյուրների, պատկանում է Վարագ Սիսեռյանին, որը նախկինում ղեկավարում էր փոխվարչապետ Տիգրան Ավինյանի աշխատակազմը։

«Քաղաքացիական պայմանագրից» ավելի վաղ «Ազատությանը» պաշտոնապես հայտնել էին՝ հենց Ավինյանն է լինելու իրենց թեկնածուն՝ քաղաքապետի առաջիկա ընտրություններում:

Ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը, մինչդեռ, Radar-ի հրապարակումն ու անանուն աղբյուրներից ստացած տեղեկությունը քաղաքապետի առաջիկա ընտրությունների հետ չի կապում։

«Հնարավոր չի 40 միլիոն դոլարի չարաշահումները հորինել, եթե կան չարաշահումներ, ուրեմն կան: Այն, որ չարաշահումներ և տարբեր խախտումներ են եղել Երևանի քաղաքապետարանի գործունեությունում ոչ միայն վերջին 2-3 տարիներին, այլ նախորդ տարիներին, դրա մասին շատ է խոսվել, և մենք նաև դեկտեմբեր ամսին բարձրաձայնել ենք այդ մասին ու շատ բնական է, որ խախտումներ պետք է հայտնաբերվեն և ընտրությունների հետ կապել այդ թեման ընդհանրապես պետք չի», - ասաց Գալջյանը:

Երևանի քաղաքապետի ընտրությունները պետք է անցկացվեն մյուս տարի սեպտեմբերին, բայց մամուլը գրում է, որ իշխող ուժը մտադիր է արտահերթի գնալ։

«Ոչ այդպիսի որոշում կա, ոչ էլ քննարկում է եղել», - այսօր արձագանքեց ավագանու իշխող խմբակցության ղեկավարը։

«Ազատությունը» գրավոր հարցում է ուղարկել Հայկ Մարությանի գրասենյակ՝ հրապարակման արձագանքելու համար, աշխատանքային օրն ավարտվում է՝ պատասխան դեռ չկա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG