Անհրաժեշտ է հրատապ վերադարձնել Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց և կանխել ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում համամարդկային ժառանգության մաս կազմող հայկական հուշարձանների վանդալիզմի շարունակվող դեպքերը, երեկ Չեխիայի Սենատի նախագահ Միլոշ Վիստրչիլի հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Գերիների անհապաղ վերադարձի հարցը Միրզոյանը երեկ բարձրացրել է նաև Չեխիայի արտգործնախարար Յան Լիպավսկիի հետ հանդիպման ժամանակ։
Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի կողմից գործադրվող ջանքերը տարածաշրջանում կայունության և անվտանգության հաստատման ուղղությամբ՝ ընդգծելով, որ ուժի կիրառման հետևանքով ստեղծված իրողությունները չեն կարող կայուն հիմք ստեղծել խաղաղության համար։
Հումանիտար խնդիրների համատեքստում չեխական կողմն ընդգծել է, որ միջազգային իրավունքի և Ժնևի կովնեցիաների դրույթները պետք է պահպանվեն։